Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսային իրավիճակն անհանգստացնող է՝ նշելով, որ թվերի աճ կա:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով, եթե հունվարին, փետրվարի սկզբին թեստավորումների 5-6 տոկոսի դեպքում էր հաստատվում կորոնավիրուսը, այժմ հաստատվում է 16 տոկոսի դեպքում, հաջորդ շաբաթ էլ, ըստ նախարարության կանխատեսումների, այդ թիվը կավելանա: Նախարարն ասաց, որ երեկվա դրությամբ արձանագրվել է 491 դրական դեպք: Տիկին Ավանեսյանը նշեց, որ հիվանդներից 20 տոկոսի մոտ կա ծանր ընթացք, հինգ տոկոսի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթացք:
«Պիտի վերադառնանք դիմակների եւ այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը: Եթե ուզում ենք պաշտպանել մեզ նոր սահմանափակումներից, պաշտպանել մեր հարազատներին, պետք է ամեն բան անենք, որ կանխենք հիվանդության տարածումը»,-ասաց Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ վերահսկողական մարմինները պետք է տրանսպորտում, առեւտրային կենտրոններում, հյուրատներում հստակ հսկողություն իրականացնեն:
«Այսօր արդեն իսկ սկսում ենք երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները: Ներկայումս մենք ունենք 865 ծավալված մահճակալ, որոնցից զբաղված են 808-ը, հընթացս կավելացնենք մահճակալների թիվը»,-ասաց նախարարը:
Կարդացեք նաև
Պատվաստանյութերի վերաբերյալ էլ նշեց, որ դրանց ձեռքբերման աշխատանքներն ընթանում են, սակայն գործընթացի որոշակի դանդաղում կա. «Հույս ունենք, որ գարնան ընթացքում պիտի առաջին խմբաքանակն ունենանք, ռուսական կողմի հետ էլ առաջին խմբաքանակի հետ կապված բանակցություններն ավարտված են, պայմանագիրը կնքման փուլում է»,-ասաց նա:
Նախարարի խոսքով, թյուրըմբռնում կա, որ եթե վարակվել ու լավացել են կորոնավիրուսով, ապա ավելի դժկամությամբ են կրում դիմակներ.
«Որեւէ ապացուցված գիտական մոտեցում չունենք, որ վարակումը բացառված է, ուստի, խնդրում եմ, պահպանեք կանոնները»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ