Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդազարյանը 2 օր վիրավորեց, էշի տեղ դրեց բոլորին»․ «Իմ քայլի» պատգամավոր

Մարտ 04,2021 13:10

«Պարոն Վարդազարյանը, լինելով բարձրագույն դատական խորհրդի նախագահ, արել է քաղաքական հայտարարություն, որը կոչ էր՝ մարտակոչ դատավորներին, նրանցից ակնկալելով որոշակի գործողություններ»,-ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործող դատավոր Արսեն Մկրտչյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

Այսօր էլ իշխանական պատգամավորները ելույթների տեսքով քննադատեցին բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, նրա նոյեմբերի 15-ի կոչը որակեցին քաղաքական հայտարարություն։

«Պարոն Վարդազարյան, դուք աճպարարի հմտությամբ խուսափեցիք հարցերից կամ մանիպուլացրիք։ Դուք ձեզ պահել եք ընդդիմադիր քաղաքական գործչի պես»,-հավելեց Լիլիթ Մկրտչյանը։

«Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն էլ համոզմունք հայտնեց, որ դատավորների «վեթինգի» պատասխանատուն այսօր հիմնականում ԲԴԽ-ն է, որովհետեւ պատգամավորները դրա համար տվել են բոլոր օրենսդրական լծակները․ «Մեր անհանգստությունը եւ պարոն Վարդազարյանի հանդեպ վերաբերմունքն անձնական խնդիր չունի։ Խնդիրն այն է, որ մենք տվել ենք գործիքակազմ, որպեսզի աշխատեն, բայց արձագանք չենք տեսնում»։

Վիկտոր Ենգիբարյանը նաեւ նշեց, որ լրագրողական հետաքննություններից մեկի համաձայն՝ ամենահարուստ երրորդ դատավորը Ռուբեն Վարդազարյանն է․ «Ես դեմ չեմ, որ մարդիկ հարուստ լինեն, բայց մարդկանց մոտ հարցեր են ծագում, եւ պատասխանները պետք է ստանանք»։

«Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանն էլ Ռուբեն Վարդազարյանի հայտարարության վերաբերյալ օրինակ բերեց․ պատկերացնենք՝ ջարդարարները մտնեն ԲԴԽ, ջարդեն-փշրեն, ԲԴԽ անդամներին էլ ծեծեն, իսկ, օրինակ, գլխավոր դատախազը կոչ անի, թե «եկել է ժամանակը»։

Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ԱԺ ամբիոնից պնդեց, որ իր հայտարարությունը քաղաքական չէր, եւ ինքը զերծ է որեւէ ազդեցությունից։

«Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանն էլ նշեց․ «Վարդազարյան ազգանունով մարդը երկու օր ապականեց ցանկացած ողջախոհություն եւ տրամաբանություն, վիրավորեց ամեն ինչ, պնդեց, թե հանուն կայունության է հայտարարություն արել։ Բայց եղել է ճիշտ հակառակը։ Երբ այդ մարդը խոսում է արդարադատությունից, ես սարսափում եմ, որովհետեւ նրա ցանկությունները․․․իրականում նա մեզ ու հանրությանը ձեռ առավ։ Իրականում ինքն իրեն ձեռ առավ եւ վիրավորեց։ Մարդի՜կ, մեզանից, դատավորներից, վարչապետից ոչինչ չեն ուզում, միայն արդարություն են ուզում, իսկ արդարությունը կարող են վիրավորել միայն դատավորները։ Եթե պատգամավոր ծեծած հանցագործին դատավորը բաց է թողնում, ուրեմն քառակի անգամ հանցագործ է նա։ Այդ մարդը երկու օր վիրավորեց, էշի տեղ դրեց բոլորին: Դուք՝ ԲԴԽ անդամներն եք ընտրել նրան»։

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ համոզմունք հայտնեց, որ Ռուբեն Վարդազարյանը Հայաստանի դատական համակարգի խարանն է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պարզապես ձեզ ձեր տեղը ցույց տվեց՝դուք օրենսդիր իշխանությունն եք ներկայացնում,ինքն էլ դատական իշխանությունը՝մեկը պարտավոր չէ մյուսին սովորեցնել ինչպես վարվել՝ամենքը թող իր գործով զբաղվի:Թե? գտնում եք,որ դուք եք ընտրել,իրավունք ունեք նրանից պահանջել ձեր նվագի տակ պարել?:Խաղի կանոնները դուք եք սահմանել՝խաղացեք կանոններով…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031