«Սա սովորական քաղաքական հետապնդում է, լուրջ գործ չէ»,- ՀՀ Քննչական ծառայությունից դուրս գալով՝ լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը երեկ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ծանուցագիր էր ստացել: Ըստ այդմ, նա իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել, ինչի առիթով քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Վազգեն Մանուկյանն այս գործում ներգրավվել է որպես մեղադրյալ։ Իշխանություն յուրացնելու կոչերը, ըստ ծանուցագրի, Վազգեն Մանուկյանն արել է փետրվարի 20-ի հանրահավաքում:
Այսօր Վազգեն Մանուկյանը կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե հարցաքննության՝ մեղադրանք առաջադրելու եւ որպես մեղադրյալ հարցաքննելու նպատակով։
Կարդացեք նաև
Քիչ առաջ նրան արդեն մեղադրանք առաջադրվեց:
«Ասացի, որ ցուցմունք չեմ տալու»,- ասաց Վազգեն Մանուկյանը`հավելելով, որ փետրվարի 20-ի հանրահավաքում իր ելույթում հնչեցրած բազմաթիվ հայտարարություններից բացի՝ քրեական գործ հարուցելու հիմք են դարձել նաեւ իր այն հայտարարությունները, որ «Հայրենիքի փրկության շարժումն» ունի «պլան Ա», «պլան Բ»:
«Ես ոչ մի հարցի չեմ պատասխանել, այդ իմաստով խոսակցություն չգնաց, ոչինչ չպարզաբանվեց»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ