Վայոց ձորի մարզպետի տեղակալ, պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանը (Մախնո) հայտարարություն է տարածել:
Այսօր մեր հայրենիքի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած և ազգովի համախմբվելու, սխալները գիտակցելու, առկա խնդիրները լուծելու և առաջ շարժվելու փոխարեն, մեր երկրի իշխանությունները զբաղված են ջրբաժաններ կառուցելով՝ այս օրհասական պահին «իմ և քո»-ի մեթոդաբանությամբ ժողովրդին պառակտելով։
Ես՝ որպես բանակի ձևավորման ակունքներում կանգնած զինվորական, ողջ կյանքս նվիրել եմ հայրենիքիս պաշտպանության և հզորացման գործին՝ նախ որպես ազատամարտիկ, այնուհետև ՀՀ Զինված ուժերի սպա՝ հպարտորեն կրելով այդ պատվավոր կոչումը։
Մասնակից լինելով պետականաշինության գործին, անընդունելի համարելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հրաժարվում եմ Վայոց ձորի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավարի (հրամանատարի) պաշտոնից և որպես արժանապատիվ սպա՝ հայտարարում եմ, որ միանում եմ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությանը և իմ զորակցությունն եմ հայտնում ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին։
Կարդացեք նաև
Իմ զինակից ընկերներին, Հայոց բանակի զինծառայողներին հորդորում եմ ամուր պահել մեր հայրենի սահմանները, չկորցնել զգոնությունը և ամենայն պատասխանատվությամբ կատարել իրենց գործը: