2021 թ. մարտի 3-ին կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, տաղանդավոր թավջութակահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մեդեա Վարդանի Աբրահամյանը։
Նա հայ երաժշտարվեստի երախտավորներից է, ում հարուստ և բովանդակալից ստեղծագործական կյանքն արվեստի նվիրական ծառայության վառ դրսևորումներից է:
Մեդեա Աբրահամյան երաժշտի ճակատագրի առաջին կանխագուշակը եղել է կոմպոզիտոր, հասարակական գործիչ, կոնսերվատորիայի առաջին ռեկտոր Ռոմանոս Մելիքյանը։ Ճակատագրական է եղել նաև Մեդեա Աբրահամյանի հանդիպումը դիրիժոր Կոնստանտին Սարաջևի հետ։
1941-1950 թթ. նա սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում (Կոնստանտին Խիզանյանի և Լևոն Գրիգորյանի դասարան): 1950-1953 թթ. թավջութակահարուհին ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆ․ Լևոն Գրիգորյան)։ 1953 թ․ Մ․ Աբրահամյանը մասնակցել է Բուխարեստի երիտասարդության և ուսանողության 4-րդ համաշխարհային փառատոնին։ Ժյուրիի կազմում է եղել մեծանուն երաժիշտ, թավջութակահար, Մոսկվայի Պ․ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Մստիսլավ Ռոստրապովիչը, ով Մեդեային առաջարկել է ուսումը շարունակել Մոսկվայում՝ իր մասնագիտական դասարանում։
Կարդացեք նաև
Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանն իր մասնագիտական գիտելիքները փոխանցում էր Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ տալով բազմաթիվ շրջանավարտ-դափնեկիրներ։
Պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական և կառավարական բարձր պարգևների։ Նրա պայծառ հիշատակը վառ կմնա գործընկերների, մտերիմների, երաժշտասեր հասարակության սրտերում:
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Մեդեա Աբրահամյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:
Մեդեա Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մարտի 5-ին՝ ժամը 18:00-20:00:
Վերջին հրաժեշտը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահից մարտի 6-ին` ժամը 11:00-13:00, հուղարկավորությունը` Երևանի կենտրոնական գերեզմանատանը:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ