Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու, ոչ մի ցուցմունք էլ չեմ տալու». Վազգեն Մանուկյանը ՀՀ Քննչական ծառայությունում է

Մարտ 04,2021 11:43

«Ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու, ոչ մի ցուցմունք էլ չեմ տալու»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ մինչ Քննչական կոմիտե մտնելն ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը երեկ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ծանուցագիր էր ստացել: Ըստ այդմ, նա իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել, ինչի առիթով քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Վազգեն Մանուկյանն այս գործում ներգրավվել է որպես մեղադրյալ։ Իշխանություն յուրացնելու կոչերը, ըստ ծանուցագրի, Վազգեն Մանուկյանն արել է փետրվարի 20-ի հանրահավաքում: Այսօր Վազգեն Մանուկյանը կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե հարցաքննության՝ մեղադրանք առաջադրելու եւ որպես մեղադրյալ հարցաքննվելու նպատակով։

«Ես ասել եմ նախադասություններ, թող իրավաբանները մեկնաբանեն`այդ նախադասություններն ինչ են նշանակում: Ես ոչ մի ցուցմունք տալու առիթ կամ պատճառ չունեմ»,- ասաց Վազգեն Մանուկյանը` հավելելով, որ այս քրեական գործը իսկական քաղաքական հետապնդում է, քանի որ մեր երկրում, վերջին 2,5 տարում, գոնե ամիսը մեկ անգամ խախտվում է Սահմանադրությունը, խախտվում են հիմնական օրենքները` երկրի ղեկավարի կողմից եւ դրա ամենացայտուն օրինակը` պատերազմի խայտառակ արդյունքից հետո, արդեն ոչ ռազմական իրավիճակում նա շարունակում է Սյունիքից հողեր հանձնել, ինչը ամենամեծ հանցագործությունն է ու Սահմանադրության խախտումը, ուստի, քրեական գործեր Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է հարուցվեն:

Անկախ առաջադրվող մեղադրանքից՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ չի ընդունում դրանք: Թե փետրվարի 20-ին արած իր ո՞ր հայտարարությունների մասին է խոսքը, նա դեռ չգիտի, բայց իր որեւէ հայտարարությունից չի հրաժարվում: Վազգեն Մանուկյանն ասաց, որ մի քիչ ավելի հանգիստ է այժմ վերաբերվում իր դեմ քրեական գործին, քանզի 1990-ականներից «հարուստ փորձ» ունի, անգամ բանտ է նստել`«Մատրոսսկի տիշինա»:

«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Սա համաժողովրդական կոչ է»,- ասաց Վազգեն Մանուկյանը`հավելելով, ինքն այդ պահանջն իրացնողներից մեկն է եւ դա կհետապնդի ցանկացած իրավիճակում, քանի որ իր համար ավելի կարեւոր հարց է «Նիկոլ Փաշինյանին այնտեղից քշելը»:

Իր հնարավոր կալանավորումը ի՞նչ ազդեցություն կունենա շարժման վրա`հարցին`Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ այս պայքարն իր քմահաճույքը չէ եւ եթե իրեն կալանավորեն`հազարավոր մարդիկ կան, որոնք կշարունակեն պայքարը, այլ փրկության միակ ելքը`նոր, ժողովրդավարական, ազգային պետություն կառուցելու համար: Ապա հումորով նկատեց`«Կալանավորեն`մի քանի օր, կամ մի քանի ամիս կհանգստանաս»:

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը չի էլ հասկանում, թե ինչ է նշանակում իշխանություն, ուստի պետական մեքենան նստած`քանդելով գնում է. «Նա զարմացած է. ինչ ասում է`անում են, բյուջեից փողը ոնց ուզում է`ծախսում է: Մանավանդ, իր կողքին էլ մի քանի հոգի կային, որ բացի սրճարաններում սուրճ խմելուց, իսկ հիմա գինի եւ ավելի թանկարժեք բաներ խմելուց բացի, ոչ մի բան չէին արել եւ այդ մարդկանց փոքր խումբը ուզում է որոշել ազգի ճակատագիրը. Չի ստացվելու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031