ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը
Փրկել Արցախի մշակութային-հոգեւոր ժառանգությունը
Հայկական լեռնաշխարհի եւ հարակից տարածքների ժողովուրդների քրիստոնեական պատմամշակութային ժառանգության շուրջ բավականին լուրջ գիտաժողով էր կազմակերպել Եվրոպայի Հայկական միությունների ֆորումը՝ Հայ առաքելական եկեղեցու եւ Վիեննայի քաղաքական եւ տնտեսական վերլուծությունների եւ կանխատեսումների կենտրոնի հետ համատեղ։
Քննարկման հիմնական թեման արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հսկայական պատմամշակութային ժառանգության պահպանումն էր ադրբեջանական վանդալիզմից։
Արցախի պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանման մասին բավականին լուրջ վերլուծություններով եւ առաջարկներով հանդես եկան Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին, բարոնեսա Քերոլայն Քոքսը, Պարգեւ Սրբազանը, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին, Երոպահայերի միության նախագահ Աշոտ Գրիգորյանն ու համաշխարհային համբավի բազմաթիվ այլ մշակութաբաններ։
Կարդացեք նաև
Արցախյան վերջին պատերազմից հետո հայկական տարածքների օկուպացիայի արդյունքում Ադրբեջանի վերահոսկողության տակ են անցել 161 վանքեր եւ եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտը, Ազոխի քարանձավը, Նոր Կարմիրավանը, Կերենի հնությունները, բազմաթիվ ամրոցներ եւ հոգեւոր կենտրոններ։ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Արցախի 8 պետական թանգարաններ՝ 19 հազար 311 բացառիկ նմուշներով, ինչպես նաեւ՝ գորգերի եւ հայկական դրամի Շուշիի մասնավոր թանգարանները։
Պատերազմի օրերին եւ դրանից հետո ադրբեջանական պետական վանդալները պղծեցին եկեղեցիները, գերեզմաններն ու խաչքարերը, շարունակեցին «ալբանացնել» հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը։
Գիտաժողովը ադրբեջանական վանդալիզմի փաստերն ու Արցախում համաշխարհային մշակույթի ֆանտաստիկ կոթողները փրկելու ողջ փաստական նյութերը ներկայացնելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ միջազգային բոլոր կառույցներին՝ պահանջելով անհապաղ դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներ եւ միջազգային վերահսկողության տակ առնել Արցախի մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը։