Կառավարության նիստում օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տնտեսական ոլորտի պատասխանատուները հայտարարեցին՝ տնտեսությունն արդեն վերականգնվում է, աշխուժության նշաններ է ցույց տալիս: Սակայն, ՀՀ վիճակագրական կոմիտեի հունվարի համար հրապարակված ցուցանիշներից ակնհայտ է, որ տնտեսությունը շարունակում է անկում ապրել: «Առավոտ»-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Պարոն Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ներքաղաքական ոչ կայուն իրավիճակն ինչպե՞ս է անդրադառնում կորոնավիրուս ու պատերազմ տեսած Հայաստանի տնտեսության վրա: Հիշեցնենք, որ օրերս վիճակագրական կոմիտեն հրապարակեց նաեւ տնտեսական ակտիվության ցուցանիշը:
Ինչպես եւ սպասվում էր տարվա մեկնարկը տրվեց -7.5 % տնտեսական անկմամբ: Առեւտրի ոլորտում անկումը կազմել է -15.1 %, ծառայությունների ոլորտում՝ -10.3 %, արտաքին առեւտրաշրջանառության անկումը -16.8 % է, արդյունաբերության ոլորտն էլ -10.8 %-ով է անկում ապրել: Չնչին՝ 0.8 % աճ գրանցել է շինարարության ոլորտը: Արտահանումը -11.3 %-ով է անկում ապրել, ներմուծումը՝ -20 %-ով:
Կառլեն Խաչատրյանի խոսքով, այն որ տնտեսությունը կենդանության նշաններ է ցույց տալիս, փաստացի չի համապատասխանում Վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական ցուցանիշներին, որովհետեւ, բացառությամբ շինարարության ոլորտի, մնացած բոլոր ոլորտներում 10 տոկոսից ավելի անկում ունենք:
«Այն անկայունությունը, որն առկա է մեր քաղաքական դաշտում, դրան գումարած անվտանգային բազմաթիվ հարցերը, անորոշությունները, որոնք այսօր առկա են, ավելի է խորացվել իրավիճակը: Այս չորս ամիսների ընթացքում փաստացի որեւէ հստակություն այդ հարցերում չի մտցվել: Բնականաբար, նման պայմաններում թե՛ բիզնեսը, թե՛ մարդիկ, առավելեւս՝ օտարերկրյա ներդրողները, հետաձգում են իրենց որոշումները ու նման անկայուն իրավիճակում երկարաժամկետ այդ թվում ներդրում կատարելու որոշում որեւէ մեկը չի կայացնում»,-ասաց Կառլեն Խաչատրյանը: Նրա խոսքով, ցավոք, վերջին մի քանի ամիսների ցուցանիշները վկայում են, որ տնտեսական ճգնաժամը մեր երկրում հետզհետե ավելի է խորանում. «Տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանը պետք է գումարել նաեւ դրամի արժեզրկումը, սպառողական գների ինդեքսի բարձրացումը, որն իրականում լրջագույն սոցիալական խնդիրներ են առաջացնելու հասարակությունում:
Կարդացեք նաև
Տնտեսությունն այս պահին իներցիոն փուլում է գտնվում, այսինքն՝ մեծ հաշվով իրական գործընթացներ այստեղ տեղի չեն ունենում, ոչ կառավարությունն է ինչ-որ կտրուկ քայլեր ձեռնարկում՝ իրավիճակը շտկելու, իսկ բիզնեսն էլ նման իրավիճակում ընդամենը փորձում է սպասել: Բացի սպասելը, բիզնեսը վատատեսական որոշակի սպասումներ ունենալուն զուգահեռ էապես կրճատում է կարճաժամկետ հատվածում իր աշխատանքը»:
Մեր այն դիտարկմանը, թե ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների ընթացքում հանրապետությունում, ընդհանուր առմամբ, գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է 7 հազար 216 տնտեսվարող, 1,041 բիզնես էլ հաշվառումից հանվել է կամ լուծարվել, պարոն Խաչատրյանն ասաց, որ ամեն օր մեր շրջապատում ականատես ենք լինում հատկապես՝ փոքր բիզնեսի ծառայություների ոլորտի կազմակերպություների փակմանը:
«Եվ դա այն բացասական գործընթացներով են պայմանավորված, որոնք այսօր տնտեսությունում առկա են: Ինքնին բիզնեսների փակումը ենթադրում է աշխատատեղերի կրճատում, բազմաթիվ ընտանիքների սոցիալական բեռի մեծացում՝ իր բոլոր բացասական հետեւանքներով»,-նկատեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա, նախնական որոշակի հաշվարկներով 3-4 տոկոսային կետով աղքատության ցուցանիշը կբարձրանա՝ հասնելով՝ 30-32 տոկոսի, ինչը իրականում լուրջ սոցիալական խնդիրներ է առաջացնելու.
«Մենք, տարիներ ի վեր, հետեւողականորեն աղքատության ցուցանիշը իջեցնում էինք՝ հասցնելով մոտ 23 տոկոսի, բայց այս վերջին տարիներին կրկին սկսել էր աճել, եւ, եթե հիմա հասնենք 30-32 տոկոսի, ստացվելու է, որ յուրաքանչյուր 3-րդ մարդը պաշտոնական աղքատության գծի շեմից ելնելով՝ աղքատ է: Ընդ որում, այդ պաշտոնական գիծն էլ բարձր չէ, եւ եթե օբեյկտիվ փորձենք աղքատության գիծ սահմանել, շատ ավելի մեծ թվով մարդիկ կհայտնվեն դրանից ներքեւ»:
Տնտեսագետը կարծում է, որ աղքատության աճը թե՛ բյուջեի սոցիալական բեռն է ավելացնելու թե՛ արտագաղթը, որովհետեւ, ըստ Կառլեն Խաչատրյանի, յուրաքանչյուրը փորձելու է անձնական որոշումներ կայացնելով այդ խնդիրները լուծել:
«Հասկանալի է, որ բյուջեն այս պահին ի վիճակի չի լինելու բավարար չափով այդ մարդկանց սոցիալական խնդիրները թեթեւացնել, ավելին, համավարակի սկզբնական ամիսների ընթացքում, մենք հստակ տեսանք, որ պետությունը փաստացի ի վիճակի չէ, եւ որեւէ քայլ չձեռնարկեց՝ հատկապես՝ տուժած ոլորտների մարդկանց սոցիալական խնդիրները մեղմելու: Մեկ անգամ 68 հազար դրամ մարդկանց տալով չի կարելի ասել, որ էական սոցիալական խնդիր է լուծել: Բացի այդ, պատերազմի հետեւանքների մասին էլ քիչ է խոսվում: Մեր զոհված հայորդիների, վիրավորված զինծառայողների հետ կապված պետությունը լուրջ պարտավորություններ ունի եւ սա տարբեր հաշվարկներով մոտ 400 միլիոն դոլար հավելյալ բեռ է առաջացնելու բյուջետային ծախսերի, ինչը, բնականաբար, առանցքային է անկում ապրող տնտեսության պայմաններում: Առանց այն էլ պարտքը արդեն վտանգավոր շեմի հասցրած կառավարության պայմաններում, բնականաբար, շատ բարդ է լինելու լուծել»:
Անդրադառնալով ներքաղաքական լարված իրավիճակին, Կառլեն Խաչատրյանն ասաց, որ երկրի գործող իշխանությունները ստեղծված իրավիճակում պետք է նախեւառաջ՝ անվտանգային եւ քաղաքական բաղադրիչները հստակեցնեն, քանի որ տնտեսական գործընթացների վրա հատկապես այդ երկու բացադրիչն է ազդում. «Մասնավորապես՝ անվտանգային: Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի մի կողմից անվտանգության երաշխիքներ տրամադրելով եւ այդ անվտանգության բաղադրիչն ուժեղացնելով՝ գոնե հստակեցնելով պաշտպանության ոլորտում իր անելիքները: Քաղաքական կայունության տեսանկյունից էլ, այն լարվածությունը, որն առկա է այսօր, պետք է շուտափույթ մեղմի»:
Տնտեսագետի խոսքով, կարեւոր էր նաեւ հստակ մշակված տնտեսական քաղաքականություն ունենալը, ինչին արդեն տեւական ժամանակ է ականատես չենք լինում. «Թերեւս այդ բարձիթողի վիճակը, որն այսօր առկա է տնտեսությունում, նաեւ դրա հետեւանք է: Կառավարության տնտեսական բլոկը իներցիոն զարգացումների վրա է հույսը դրել, որեւէ նախաձեռնողականություն, որեւէ կտրուկ շրջադարձային փոփոխություն չի նախաձեռնել: Ավելին, անգամ մենք չենք իմացել՝ ինչ գերակայություններով ենք փորձում առաջ շարժվել: Մեր կառավարության մի քանի ոլորտ որպես գերակա հռչակելը, բնականաբար, բավարար չէ, մենք պետք է ունենայինք հստակ տնտեսական ռազմավարություն, քայլերի հաջորդականություն ու հետեւողականորեն այդ քայլերը փորձեինք իրագործել, որը երեք տարվա ընթացքում ուղղակիորեն չենք ունեցել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.03.2021