Մարտի 2-ը Բերձորի պատվավոր քաղաքացի, լեգենդար վիրաբույժ, ռազմաճակատային գրող Արցախ Բունիաթյանի ծննդյան օրն է:
«Էն ժամանակ, երբ սկսեն ճշմարիտ գնահատել մեզ՝ էլ չենք լինի: Հիմա անհայտ զինվորները փնտրում են հայրենի հողը, կգա ժամանակ, երբ հողը կփնտրի նրանց»:
Արցախ Բունիաթյանի այս խոսքերն ասես մարգարեություն լինեն այսօր:
Այսօր չկա Բերձորը, իսկ անցյալ տարվա դեկտեմբերին տեղեկացանք, որ Բերձորի՝ նրա անունը կրող հիվանդանոցի բակից հանվել է վաստակավոր բժշկի կիսանդրին:
Այս մեծ պարտության օրերին մեզ ուժ են տալիս մարդիկ, նրանց մասին հիշողությունները, նրանց մեծ պայքարը, նրանց անցած ճանապարհը:
«Հավերժանալ կարելի է, եթե ազգիդ հետ ես ու ազգիդ համար ես գործում։ Եթե երամիդ հետ չես՝ ուրեմն մոլորյալ թռչուն ես»,-ասում էր Արցախ Բունիաթյանը:
Արցախ Բունիաթյանի մասին առաջին անգամ լսել եմ, երբ Վլադիմիրից Մեծն Գարեգին Նժդեհի աճյունը տեղափոխվեց Հայաստան, գաղտնի, մի քանի նվիրյալների հետ. Վարագ Առաքելյան, Գարեգին Մխիթարյան, Ժորա Բարսեղյան…:
Հետո պատիվ եմ ունեցել ճանաչել Բժշկին, նրա մարտակերտյան օրագրություններն անձամբ ստանալ ու հաղորդակցվել:
Ճանաչված վիրաբույժը ծնվել է 1939թ. մարտի 2-ին՝ Արցախի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում: 1959-65թթ. ուսանել է Երեւանի բժշկական ինստիտուտի բուժական բաժնում: 1968թ. աշխատանքի է անցել Աբովյանի շրջանային հիվանդանոցում:
1988թ. Արցախյան շարժման առաջին զինվորագրվածներից էր:
1992.-1995թթ. նոյեմբերը Մարտակերտի շրջանի դաշտային հոսպիտալի կազմում որպես վիրաբույժ մասնակցել է մարտական գրեթե բոլոր գործողություններին: 1996-2008թթ. Արցախի Քաշաթաղի շրջանի (նախկին Լաչին) բուժմիավորման գլխավոր բժիշկն էր:
Վաստակավոր բժիշկը 2007թ. դեկտեմբերից Հայաստանի գրողների միության անդամ էր, «ռազմաճակատային գրականության»՝ տասնյակ օրագրությունների, հրապարակախոսական հոդվածների, վավերագրական գրքերի հեղինակ. «Յոթ անուն», «Տարեգիրք», «Նժդեհի վերադարձը», «Արյունոտ օրեր»-ի 7 հատորներ, «Հուշագրություն»… Փաստագրությունից զատ նա հրաշալի էր պատմում, գունեղ էին նրա ռազմադաշտային ցավի պատկերները, բանաստեղծական զգացողությունները, ապրել պատերազմը տեղում, ժամանակի հերոսների կողքին, մասնագիտության բերումով փրկել նրանց, փրկել նաեւ կյանքը տողերում…
Այս ամենը միայն բժշկի ապրումներ չեն, սա մի ամբողջ սերնդի կենսագրությունը փրկելու օրինակ է, ապագա ֆիլմաշարի պատրաստի նյութ:
Նա իր օրագրության մեջ գրում էր. «… Ես վիրաբույժ եմ …Պատերազմի դաշտում նման եմ այն հորը, ով կռվի դաշտ է եկել իր որդիների հետ։ Յուրաքանչյուր պահի բերում են իմ զավակներին՝ նահատակված, վիրավոր, արյունոտված…
… Ծանր է։ Պատառիկներ եմ գրի առել այն ամենից, ինչ տեսել եմ, իսկ ապրումներս ամեն րոպե այրում են իմ հրդեհվող հոգին՝ դառնալով իմ գաղտնիքները…
Ռազմադաշտը մի յուրօրինակ համալսարան է, որի դռները բաց են բոլոր զինվորագրվողների համար, ովքեր պահպանում են նախնիներից իրենց փոխանցված արիական ժառանգությունը։ Այստեղ է, որ յուրաքանչյուրը ճանաչում ու գնահատում է ինքն իրեն, իր ազգը, իր Հայրենիքը…
… Փլվում են մարմնական ու հոգեկան ինչպիսի՛ գեղեցկություններ…
1992 թ., Մարտակերտ, նկուղ-հիվանդանոց»:
Բժիշկն իր մեկ այլ օրագրում (1993թ. ապրիլ, Դրմբոն) այս տողերն է գրում. «Վաղ առավոտյան դուրս եկա հոսպիտալի բակ։ Ծառի տակ արյունը հոսել, դաջվել էր կանաչին։ Տեսնես վիրավորներից ո՞ւմն է՝ մտածեցի։ Էլ ինչու եմ հարցնում։ Դա մեր բոլորի արյունն է»։
Իսկ 1992թ. հուլիսի 18-ի թվագրությամբ օրագրության մեջ գրել էր. «Հեռվից հրանոթի խուլ կրակոցներ էին հասնում մեզ։ Ինչ-որ տեղ բարձունքներում շիկացած կռիվ է: Տեսնես ո՞վ մեր տղաներից այս պահին խփվեց … Վա՛խ … Զոհվում են մեր ամենալավ զավակները… Նրանց մասին լսելիս շրջապատն ասես միանգամից ցրտում է, մրսում եմ, ու չկա արեւի մի շող, որ սուզվի հոգուս մեջ ու ջերմացնի …
… Ողջ գիշեր վիրահատեցինք…
Առավոտյան ժամը 5-ն էր, որ պառկեցի, 7- ին արդեն արթուն էի։
… Տառապանքով պայքարում ենք մեկի կյանքի համար, իսկ շրջապատում մի հարվածով տասնյակ կյանքեր են մարում»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.03.2021