Հարցազրույց հռչակավոր թավջութակահար Միշա Մայսկիի հետ
– Մաեստրո, առաջին անգամ ձեր արվեստը վայելեցինք 2007թ.։ Սա ձեր երկրորդ այցն է Հայաստան եւ, անկեղծ ասած՝ հանդիսատեսը մտավախություն ուներ, որ մեր երկրում դեռեւս շարունակվող ռազմական դրությունը գուցե համերգը չեղարկելու պատճառ հանդիսանար, թեպետ մասնագետներից ոմանք վստահ էին, որ ոչինչ չի կարող ձեզ խանգարել։ Նրանք նշում էին մի քանի դիպված ձեր կյանքից՝ Իսրայել արտագաղթելուց առաջ, Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանելու ժամանակահատվածում մեկուկես տարի անցկացրել եք քրեակատարողական հիմնարկում՝ սպեկուլյացիայի մեղադրանքով, խորհրդային բանակում ծառայելուց խուսափելու համար էլ հայտնվել եք հոգեբուժարանում՝ ալկոհոլիկների եւ թմրամոլների կողքին։ Կներեք, բայց լուրջ երաժշտի համար դա մահվան դատավճռի նման մի բան է։ Արեւմտյան մամուլը քանիցս հորդորել է գրողներին՝ վեպի վերածել ձեր կյանքը, ընդ որում՝ հենց մանկական տարիքից, նկատելով, որ ծխել սկսել եք մանկապարտեզից՝ 5 տարեկանում, եւ այլն, եւ այլն։ Մի կարեւոր հանգամանք եւս. ի տարբերություն ձեր քրոջ եւ եղբոր, որոնք հաճախել են շնորհալի երեխաների համար հատուկ դպրոց, ձեր մայրն ասել է՝ «թող գոնե Միշան նորմալ երեխա լինի…»։
– Դուք ահագին բան գիտեք, կարելի է մտածել, որ սկսել եք կենսագրական վեպս… Ծնվել եմ Ռիգայում, ես ընտանիքի երրորդ երեխան էի։ Ծնողներս շատ էին սիրում երաժշտություն։ Քույրս ջութակի դասերի էր հաճախում, եղբայրս՝ դաշնամուրի։ Այո, մայրս ասել է՝ թող գոնե Միշան նորմալ երեխա լինի։ Ինքս վեց երեխա ունեմ, լավ պատկերացնում եմ, թե որքան դժվար է նրանց դաստիարակելը։ Ի վերջո, այո, երեխայի համար անբնական է 7-8 ժամ պարապելը։ Ծնողներիս հասկանում եմ։ Հայրս ընտանիքի միակ կերակրողն էր, մայրս շատ հիվանդ էր, ես չունեի այնպիսի պապ ու մայր՝ ինչպես աշխարհահռչակ երաժիշտներ Գիդոն Կրեմերն ու Մաքսիմ Վենգերովը, որոնք տանը օրական 7-8 ժամ տրամադրում էին իրենց երեխաների միայն երաժշտական պարապմունքներին։ Մանկական խուլիգանություններ էլ եմ արել. հաճախ ստում էի ծնողներիս։ Թավջութակի լարերն այն ժամանակ ալյումինե էին, որոնցից մատների վրա սեւ հետքեր էին մնում։ Երբեմն ուղղակի շփում էի մատներս լարերին, որպեսզի սեւանան ու ծնողներիս ցույց տայի, որ ժամերով պարապել եմ։ Հիմա, իհարկե, զղջում եմ դրա համար։
– Դուք չասացիք, թե ինչպես եք սկսել զբաղվել երաժշտությամբ։ Գիտենք, որ շատ եք սիրել ֆուտբոլ։
– Իսկապես, ավելի շատ սիրել եմ ֆուտբոլը, քան թավջութակը։ Իսկ ծնողներս ինձ թավջութակի դասարան տարան, երեւի մտածելով, որ տարիներ անց ընտանեկան տրիո կստեղծվի։ Բայց այդպես չստացվեց։ Երբ 13 տարեկանում Ռիգայից ինձ տեղափոխեցին Լենինգրադ՝ կոնսերվատորիային կից երաժշտական դպրոց, այ այդ տարիքից սկսեցի ավելի լուրջ սովորել։ Ֆուտբոլի համար ժամանակ չկար այլեւս։ Իսկ գիտե՞ք ինչու, որովհետեւ այնտեղ դասավանդման մակարդակը շատ ավելի բարձր էր։ Ես արդեն շրջապատված էի երեխաներով, որոնք լուրջ էին վերաբերվում ուսմանը, քան Ռիգայում էր։
– Գիտենք, որ Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանել եք Մստիսլավ Ռոստրոպովիչի ղեկավարությամբ։ Իսկ ո՞վ էր ձեր ուսուցիչը Լենինգրադում։
– Էմանուել Ֆիշմանն էր, հրաշալի, տաղանդավոր թավջութակահար, որը տեղափոխվել էր Օդեսայից։ Բայց այդ ժամանակ ոչ այնքան ուսուցիչն էր կարեւոր, որքան դպրոցում տիրող մթնոլորտը։ Ֆիշմանի մոտ ուսանելուց 4 տարի հետո ընդունվեցի Մոսկվայի կոնսերվատորիա։ Եվ սա ամենակարեւոր փուլն էր իմ կյանքում։
– ԽՍՀՄ-ից արտագաղթեցիք Իսրայել…
– Դա 48 տարի առաջ էր, 25 տարեկան էի։ Պատկերացնո՞ւմ եք՝ երբ 25 տարեկանում նայում էի հայելուն, ինձ այնքան ծեր էի զգում, բայց երախտապարտ եմ իմ ճակատագրին։ Ես նույնիսկ Մոսկվայի կոնսերվատորիայից դիպլոմ չեմ ստացել… Ինձ ուղարկելով Իսրայել՝ ուսումս շարունակելու, կոնսերվատորիան վճարել է 8900 ռուբլի։ Այդ ժամանակ դա առասպելական գումար էր։
– Դուք ժամանակին հաղթել եք Չայկովսկու անվան միջազգային մրցույթում, ինչն արդեն երաշխիք էր աշխարհին ներկայանալու համար։ Բայց ասում են, որ ԽՍՀՄ-ում արգելել էին ձեր ելույթները։
– Դա կոնսերվատորիայում սովորելու տարիներն էին։ Այդ տարիներին ինձ թույլ չէին տալիս ելույթ ունենալ, ուզում էին, որ անպայման ավարտեմ կոնսերվատորիան։ Իմ ապագան շատ մռայլ էր թվում այն պահից, երբ ձերբակալվեցի։ Ինչպես մեր զրույցի սկզբում դուք նշեցիք՝ արտարժույթի սպեկուլյացիայի համար։ Ես շատ էի ուզում արտասահմանյան մագնիտոֆոն գնել, իսկ դա այն տարիներին հնարավոր էր միայն «Բերյոզկա» խանութից, որտեղ առեւտուրը վալյուտայով էր։ Քույրս այդ ժամանակ «պաշտոնապես» արտագաղթել էր Իսրայել… Հետո ամեն ինչ կարծես հարթվեց, ես էլ հայտնվեցի Իսրայելում։
– Ձեր հարցազրույցներում հաճախ եք նշել, թե միակն եք, որ բախտ է ունեցել ուսանել ոչ միայն Ռոստրոպովիչի, այլեւ Գրիգորի Պյատիգորսկու ղեկավարությամբ՝ ԱՄՆ-ում։
– Չորս ամսվա ընթացքում ավելի շատ դասեր ունեցա Պյատիգորսկու ղեկավարությամբ, քան չորս տարվա ընթացքում Ռոստրոպովիչի մոտ, որը մշտապես հյուրախաղերի էր։ Բայց ես միշտ շեշտում եմ, որ Պյատիգորսկուն չեմ համարում ավելի լավ ուսուցիչ, քան Ռոստրոպովիչին։ Կամ՝ հակառակը։ Նույն բանն է, թե ասես, որ Մոցարտը ավելի լավն է, քան Բախը կամ՝ հակառակը։
– Ո՞րն է հաջողության հասնելու ամենակարեւոր բաղադրիչը՝ աշխատա՞նքը, համբերությո՞ւնը, թե՞ տաղանդը։ Ընդհանրապես կարծիք կա, թե՝ աշխատանքը։
– Առանց տաղանդի որքան էլ ուզում ես աշխատի…
– Եթե դեմ չեք, խոսենք ձեր բեմական իմիջի մասին. այն տարիներին ո՞վ էր տեսել երաժիշտը բեմ բարձրանա լայն վերնաշապիկով, առանց համերգային ընդունված հագուկապի եւ, ոչ ավել, ոչ պակաս՝ հնդկական ադամանդե վզնոցով։
– Օ՜, դուք նույնիսկ գիտեք ադամանդի ծագումը… Այո, ես ֆրակ չեմ հագել, փողկապ չեմ կրել, մինչ օրս էլ զարմանում եմ, թե ինչպես են ելույթ ունենում դարերից եկող հագուկապով։
– Շնորհակալ ենք մեր հարցերին սպառիչ պատասխանելու համար։ Մեր ընթերցողին տեղեկացնենք՝ զրույցը գլխավոր փորձից հետո էր։ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ ընդամենը հատվածներ ունկնդրելով Չայկովսկու «Նոկտյուրնից», Բրուխի եւ Սեն-Սանսի թավջութակի կոնցերտներից, ասել բրավո՝ նշանակում է ոչինչ չասել թե՛ թավջութակահարի եւ թե՛ նվագախմբի հասցեին։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
03.03.2021