Մի քանի նրբագիծ հայրենասերի դիմանկարին
Նրա նմաններն են երկրի ուժը, երկրի դեմքը: Երբ խոսակցություն էր լինում ուրիշ երկրում աշխատելու, համեմատաբար ավելին վաստակելու մասին, ասում էր. «Անող եք, ձեր երկրում արեք, այստեղ այնքա՜ն անելիք կա, ինչո՞ւ եք ձեր հողը զրկում ձեր քրտնքով հագենալու, ավելի բերքաբեր դառնալու հնարավորությունից»:
Միայն խոսքով չէր ասում, գործով էր այդպիսին: Երբեք աչքը արտագնա աշխատանքի ճամփաներին չէր գցում, երբեք Հայաստանից դուրս չեկավ «ընտանիքի ապրուստ» վաստակելու համար: Աշխատեց տեղում, իրենը ստեղծելու ազնիվ տքնությամբ:
Անասնապահությունը, կենդանական աշխարհով շրջապատված լինելը նրա տարերքն էր, մանկությունից էր կապված այդ աշխարհի հետ եւ իրեն դրանից դուրս մեկ այլ տեղում չէր պատկերացնում: Այդ սիրո, նվիրվածության եւ դժվարությունները հաղթահարելու անկոտրում կամքի ու լավատեսության շնորհիվ հասավ նրան, որ սկսելով մեկ գլուխ անասունից, տարիների ընթացքում կարողացավ ստեղծել ֆերմերային տնտեսությանը բնորոշ կաթնապրանքային անասնաֆերմա՝ չհաշված գյուղատնտեսական մյուս կենդանիները:
Կարդացեք նաև
Հաղթահարել էր սկսնակ ֆերմերի առջեւ հառնող դժվարությունները, այժմ հաջողությունները գալու էին ավելի հեշտությամբ, սակայն նրան վիճակված չէր դա անել:
Կարեն Սերգեյի Երեմյանը զոհվեց Արցախյան երկրորդ պատերազմում, Մարտունի 2-ի դիրքերը պաշտպանելիս: Կամավոր էր միացել կռվող տղաներին: Ծառայած լինելով ՊԲ-ում, ապա մասնակցած լինելով 2016թ. ապրիլյան իրադարձություններին՝ լավ էր գիտակցում բանակին մարդկային ռեսուրսով աջակցության նշանակությունը, եւ ոչ մի խոչընդոտ ի վիճակի չեղավ փոխել այն: Ասում էր. «Քունս չի տանում, պիտի գնամ»: Այդ մասին զինկոմիսարիատ դիմումը ներկայացրել էր ընտանիքից որեւէ միկին տեղյակ չպահելով. ոչ կնոջը, ոչ ծնողներին, ոչ էլ եղբորը: Այստեղ էլ գործել էր նրա բնավորության, արմատներով գեղարքունիքցու «չոր» գիծը՝ իր համար կարեւոր որոշումներում ուրիշների կարծիքը հաշվի չառնելը:
Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում է ծնվել 1984-ին: Գյուղի տղաներով էին որոշել մեկնել կամավոր, չսպասել զորահավաքային կանչի: Մոտ երեսունն էին: Հոկտեմբերի 1-ին որպես կամավորականներ միացան Արցախի Մարտունու Ճարտար գյուղաքաղաքի դիրքապահներին: Հաջողությունն ակնհայտ էր. թշնամին այդ օրերին չկարողացավ այդ ուղղությամբ թեկուզ փոքր չափով առաջանալ:
Իսկ երբ նրանց հրահանգվեց թողնել բարձրադիր դիրքը եւ դիրքավորվել հարթամասային տարածքում, իրավիճակը կտրուկ փոխվեց. դարձան ավելի խոցելի: Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ծանր գնդակոծությունից եւ ԱԹՍ-ների հարվածներից Կարենը ծանր վիրավորվեց գլխից, ջարդվեց ոտքը եւ բեկորային բազմաթիվ այլ վնասվածքներ ստացավ: Բարձրաշենցի կամավորականներին մինչ այդ առաջարկվել էր որոշ ժամանակ հանգստանալ, սակայն հրաժարվել էին: «Մենք գնանք տուն, էս «երեխեքին» մենա՞կ թողնենք»,- ասել են ու հրաժարվել հանգստից: Ասում են՝ հոկտեմբերի 23-ին էլ կամավորականների այս խմբին հերթափոխի պիտի ուղարկեին, բայց քանի որ ժամկետային զինվորներին նույն օրը տեղափոխել են հարթ տարածքում գտնվող դիրքեր, ջոկատի տղաները որոշել են նրանց կողքին մնալ:
Կարենն ընտանիքում գլխավոր շարժիչ ուժն է եղել բոլոր առումներով: Նրա՝ հող հայրենիի նկատմամբ նվիրյալ ոգու, ուժեղ կամքի եւ արդարամտության մասին ընտանիքում բոլորը միակարծիք են: Սեփական «ես»-ը ունեցող անհատականություն է եղել: «Կարենը պատերազմ գնաց հայրենասերի ոգու թելադրանքով, ոչ թե քաղաքական մղումներով,- ասում է եղբայրը՝ Արտակը, որն այսօր շարունակում է եղբոր հիմնադրած գործը,- Նա քաղաքական հաշվարկներում եւ շահարկումներում չկար: Համոզված եմ՝ ինքնավստահությունը եւ հայրենի հողը պաշտպանելու ցանկության ուժը այնքան մեծ էր Կարենի եւ բարձրաշենցի նրա ընկերների մեջ, որ դժվար թե պատկերացնեին այսպիսի վախճան: Ես նույնպես չեմ համարում, որ պարտվել ենք: Ո՛չ, կրվել ենք այս ճակատամարտում:
Հատուցում է լինելու: Երբ խոսում էինք հեռախոսով, ռազմաճակատային իրավիճակը թերագնահատող ոչինչ չէր ասում, սակայն հաճախ էր կրկնում, որ վախեցողները լավ է չգնան: Քանի որ գնացողների հետ մեծ հույսեր են կապվում, հետեւաբար ճակատից փախչելը, ընկերներին լքելը արդարացում չունի, դա ուրիշ բան է…»: «Սեպտեմբերի 27-ից հետո տանը չէր լինում, ոչինչ չէր երեւում աչքին, ամեն ինչ թողել էր եղբոր վրա, ուշքն ու միտքը հնարավորինս շուտ կռվի դաշտում հայտնվելն էր: Հիվանդ էր իր երկրի պաշտպանության տենդով: Նա իսկական հայ տղամարդ էր, իսկական հայ զինվոր… Գյուղում մարդ չես գտնի, որ նրանից նեղացած լինի, մարդ չես գտնի, որին պետք եղած պահին օգնած չլինի թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆինանսապես: Կուզենամ, որ բոլոր հայրերն այդպիսի որդի ունենան… Ուզում էր առանձին տուն կառուցել իր ընտանիքի համար, բայց կիսատ մնաց նպատակը: Օդում կախված նրա երազանք-նպատակը մենք կիրականացնենք…»,- հայրն է, Արցախյան առաջին պատերազմի մասնակից Սերգեյ Երեմյանը: «Գրեթե ամեն օր զանգում էր երեկոյան:
Հոկտեմբերի 22-ին շուտ զանգեց, հարցրեց տասնամյա տղայիս մասին, որը կարոտից հաճախ էր լացում: Ասաց՝ միացրու բարձրախոսը, ես իրեն բան եմ ասելու: Միացրի, ասաց. «Սերգեյ, տղես, պապան գալո՛ւ է, պապան գալո՛ւ է», եւ չշարունակեց, հեռախոսն անջատեց; Վատ կանխազգացում ունեցա, բայց զսպեցի ինձ. ես իրեն խոստացել էի չարտասվել մինչեւ տուն գա… Մտածում էր հեքիաթներում հանդիպող հարսանիք կազմակերպել Արտակի համար՝ յոթ օր, յոթ գիշեր, մեծ վրանի տակ, բոլոր մոտ ու հեռավոր հարազատների ու բարեկամների մեկտեղմամբ…»,- ասում է կինը՝ Հայկանուշը, որին Կարենը երկու անչափահաս երեխա թողեց: Լռակյաց, մտքերի մեջ թաղված, թաց աչքերով մայրը՝ Ծովինարը, որ հաճախակի աթար է բերում անկողնային հիվանդ 89-ամյա սկեսուրի (նա չգիտի թոռան զոհվելու մասին) սենյակում դրված վառարանի համար, փորձում է լրացնել որդու նկարագիրը. «Ասացի՝ ապրիլյանին գնացել ես, ի՞նչ կլինի, որ այս անգամ չգնաս, պատասխանեց. «Երեխեքին աջակցողներ են պետք» (զինվորներին էր «երեխա» ասում): Հետո ավելացրեց. «Ես չեմ գնում զոհվելու, հաղթած ետ եմ գալու, մա՛մ»: Նա մեզ համար մեռած չէ, հավերժ մեզ հետ է…»:
Բարձրաշենի կամավորականների ջոկատը երկու կորուստ ունեցավ. Կարենի հետ զոհվեց նաեւ Արման Սարգսյանը:
Պետո ԽԱՉՈՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.03.2021