Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ինչքան արժե. Քաղաքական առեւտուրն ԱԺ-ում ու ԱԺ-ից դուրս

Մարտ 04,2021 14:00

Պարզվում է՝ փորձում են պատգամավորներին մեծ փողերի եւ գույքի դիմաց ինչ-որ «շեղումներ անել»:

Իշխանականները պնդում են, որ այս օրերին ընդդիմությունը փորձում է փողով առնել «Իմ քայլի» պատգամավորներին, քանի որ առաջիկայում ԱԺ-ն ցրելիս գուցե հնարավոր լինի այլ սցենարով քաղաքական գործընթացները տանել: «Հայրենիքի փրկության շարժման» անդամներն էլ իրենց հերթին են հայտարարում, որ Փաշինյանը մի քանի հազար դոլար է տալիս իմքայլականներին, որ չլքեն խմբակցությունը: Մասնավորապես, նման հայտարարություն արել է շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Դե ամեն մարդ իր չափանիշով է գնահատում:

Իրենք այդպես կանեին, չէ՞: Մեր պարագայում նույնիսկ դեպք է եղել, որ պատգամավորն ուզեցել է դուրս գա, հնարավորություն եղել է պահել պատգամավորին, մենք ասել ենք՝ դու կարող ես լքել: Որովհետեւ ավելի լավ է իմանաս, որ դու ունես իքս քանակով մարդիկ, բայց իրականում ունես, քան որ ամեն պահի կարող են լքել: Վազգեն Մանուկյանը ու ով որ դա հայտարարել է, իր չափանիշներով է դատում իրականությունը»: Ճշտեցինք նման առաջա՞րկ էլ չի եղել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դա ուղղակի աբսուրդ է: Իսկ իշխանությունն այդպես փո՞ղ ունի, հա՞: Մենք նման ենք փող ունեցող իշխանությա՞ն»:

Դիտարկմանը, որ ընդդիմությունն ասում է՝ այս մի քանի տարիների ընթացքում լավ կարողություններ եք հասցրել կուտակել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Տեսանք: Մեր ընդդիմադիր գործընկերներից մեկն իմ զինվորական համազգեստն էր օրինակ բերել, թե մի քանի հազար դոլարանոց է: Տեղեկացնեմ իրեն, որ կարող է Գայի արձանի հետեւի «Մարշալ» խանութից մի քանի հազար դրամով այդ համազգեստից գնի ու ինքն էլ հագնի, գա այստեղ նստի»: Երբ փոխանցեցինք՝ ընդդիմությունն ասում է՝ լավ ռեստորաններում եք հաց ուտում, նոր տներ, հողամասեր առնում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես երեւանցի տղա եմ, ապահոված ընտանիքից եմ եղել, ես միշտ էլ լավ տեղերում Երեւանում ճաշել եմ ու նախաճաշել եմ: Փառք Աստծո, երեւանցիները դա գիտեն»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին հարցրեցինք՝ ձեզ քանի՞ հազար դոլար են տվել, որ մնաք: Նա պատասխանեց. «Դա շատ ծիծաղելի հայտարարություն է: Նման հայտարարություն անողը, կարծում եմ, շատ խառը հոգեվիճակում պետք է լինի: Իշխանական պատգամավորները անգամ հավելավճարներ եւ նման բաներ չեն ստանում: Այնքան հեռու է դա իրականությունից, ուղղակի ծիծաղելի է, որ կարող են նման բան ասել: Իշխանական պատգամավորներն ամուր են, նրանք գաղափարակիցներ են, մի դրոշի եւ գաղափարի շուրջ համախմբված մարդիկ են եւ թող իրենց արշինով չչափեն այդ պատգամավորներին, որ հնարավոր է փողով շեղել նրանց այլ ուղուց: Հենց իրենք են փորձում պատգամավորներին մեծ փողերի եւ գույքի դիմաց ինչ-որ շեղումներ անել: Այդ փորձերը կան եւ կլինեն, դա նորմալ է, գիտեմ, որ իրենք ընդունակ են ամեն ինչի»:

«Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորներից Թագուհի Թովմասյանն էլ հարցին՝ ձեզ փողի առաջարկ արե՞լ են, որ դուրս եք եկել խմբակցությունից՝ պատասխանեց. «Բացարձակ: Ես որեւէ առաջարկ չեմ ստացել: Բոլորն էլ ինձ ճանաչում են, դժվար կլիներ պատկերացնել, որ որեւէ մեկը կարող էր գալ եւ ինձ առավել եւս առաջարկել դուրս գալ խմբակցությունից ինչ-որ բանի դիմաց: Դուք գիտեք ես ինչի համար եմ դուրս եկել՝ իմ հստակ համոզումով: Ուղղակի այլընտրանք չկար այդ որոշմանը»:

Ինչ վերաբերում է քաղաքական առեւտրի այլ դրսեւորումներին, երեկ ԱԺ հայտարարությունների ժամից հետո ԱԺ նիստերի դահլիճից ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ու Ալեն Սիմոնյանը դուրս եկան իրար հետ վիճելով:

Ալեն Սիմոնյանը քննադատող Աբովյանին ասում էր. «Զգույշ վաղը առավոտ թազա բան չպարզվի… Սենց ենք անում, դու գնում ես սրացման, առավոտը թազա բան է պարզվում»: Հետո Աբովյանն ու Ալեն Սիմոնյանը առանձնացան լրագրողների աչքից հեռու խոսելու:
Ավելի ուշ մենք Արման Աբովյանին հարցրեցինք՝ դուք հիմա քաղաքական առեւտրի մե՞ջ եք Նիկոլ Փաշինյանի հետ, կուլիսային հանդիպումնե՞ր եք ունենում՝ նա պատասխանեց. «Ոչ: Շտապեմ ձեզ հիասթափեցնել, ո՛չ: Հասկանում եմ, պիտի ջղայնանայի հիմա, բայց չեմ ջղայնանում»: Աբովյանի խոսքով՝ իշխանականները ամեն կերպ փորձում են իրավիճակը սրել ու լարել. «Ես գիտեմ մի բան, որ գնում են դեպի սրացման: Արդեն իրենց ելույթների մեջ ակնհայտորեն սահմաններ են անցնում, անուններ են տալիս մարդկանց: Իրենց իրավունք են վերապահում անվանական ինչ-որ պիտակներ դնել: Դա անընդունելի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031