«Մեր երկու ներկայացուցիչներ հիմա նախագահական նստավայրում են՝ զարգացումներին ծանոթանալու համար»,- Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը վարող Գեղամ Մանուկյանը:
Այնուհետև նա հայտարարեց. «ՀՀ-ում կա քննչական կոմիտե: Կարելի է այն կոչել Նիկոլ Փաշինյանին առընթեր քննչական կոմիտե: Հատուկ քննչական ծառայությունը Նիկոլ Փաշինյանի խոհանոցի ՀՔԾ-ն է»:
Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ Վազգեն Մանուկյանն այսօր ստացել է ծանուցագիր ու մանրամասնեց. «Ծանուցագրով պարզ է դառնում, որ 2021-ի փետրվարի 20-ին անկախ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, որով Վազգեն Մանուկյանին մեղադրյալ է դարձրել մի շատ հայտնի հոդվածով, որն արդեն չեմ հիշում՝ Հայրենիքի փրկության շարժման քանի անդամի վրա է Քննչականը կարել: 301 հոդվածը՝ պետական կարգի տապալում կարծես: Կարծեմ ինձ վրա էլ այդ հոդվածը կա: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել 1988 թվականի փետրվարի 20-ի Արցախյան շարժման առաջին հանրահավաքի կազմակերպչի, Ղարաբաղ կոմիտեի նախագահ Վազգեն Մանուկյանի դեմ: 1988-ին հարյուր հազարավոր մարդիկ, որ կանգնած էինք Ազատության հրապարակում, գոռում էինք Արցախ, միացում, երազում էինք անկախ Հայաստան, ազատ հայրենիք, այդ թվում Վազգեն Մանուկյանը, երևի կյանքում ոչ մեկս չէր պատկերացնի, որ ուղիղ 33 տարի հետո՝ նույն օրը, ունենալու ենք անկախություն, բայց մի դժբախտությամբ՝ վարչապետի աթոռը զբաղեցնելու է Նիկոլը, ունենալու է անձնական օգտագործման Քննչական կոմիտե, Վազգեն Մանուկյանի վրա քրեական գործ է հարուցելու: Ոչինչ, Վազգեն Մանուկյանն ու մյուսները սովոր են, վարժ են»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ