Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդազարյանը՝ «Իմ քայլ»-ին․ «Առնվազն 5 անգամ երեկ եմ ասել, այսօր էլ 2 անգամ եմ ասում, որ իմ կոչը քաղաքական չէր»

Մարտ 03,2021 12:49

«132 պատգամավորի կոչ եք անում չշփոթել դատախազի տարեկան զեկույցի հետ․․․դուք գիտե՞ք որտեղ եք գտնվում։ Առաջարկում եմ կոռեկտության գծերը չհատել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին այսպես դիմեց «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ այսօրվա նիստում եւս իշխանական պատգամավորները պնդեցին, որ Ռուբեն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը քաղաքական էր, Վարդազարյանն էլ ասաց, որ այն քաղաքական բաղադրիչ չունի, եւ այլեւս հրաժարվեց պատասխանել քաղաքական բնույթի հարցերի։ «Ես վարքագծի որեւէ կանոն չեմ խախտել։ Որեւէ շփոթմունք չունեմ եւ շատ լավ գիտեմ, թե դատական օրենսգրքի որ կետերն են սահմանում դատավորի վարքագծի կանոնները։ Դրանցից ելնելով՝ ունեմ զսպվածության սահման, որը չեմ անցնելու, որքան էլ փորձեք ինձ դրդել դեպի քաղաքական քննարկում»,-հավելեց նա։

Տեղից խոսեց «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կոչ արեց չընդհատել։

«Իմ քայլից» Ծովինար Վարդանյանը հարցրեց՝ այդ հայտարարությունն անելիս ինչպե՞ս է զսպվածության սահմանը որոշվել։

Վարդազարյանը նշեց․ «Իմ կոչում զսպվածության որեւէ կանոն չեմ խախտել։ Եվս մեկ անգամ եմ այն երեկ ընթերցել եւ գտնում եմ, որ զսպվածության որեւէ կանոն չեմ խախտել։ Այլեւս ասելիք չունեմ։ Նորից պնդում եմ, որ իմ կոչը դատավորներին զսպվածության կոչ էր, որի նպատակն էր՝ զերծ մնալ քաղաքական նպատակներով որոշումներ կայացնելուց»։

Թեման շարունակեց «Իմ քայլից» Արփի Դավոյանը․ «Կատեգորիկ տոնով ասացիք, որ չեք պատրաստվում պատասխանել քաղաքական բնույթի մեր հարցերին։ Տեղեկացնեմ՝ պատգամավորները ներկայացնում են ժողովրդին, որն իր քվեն տվել է՝ հուզող հարցերը բարձրաձայնելու համար։ Քաղաքացիներին հուզում են դատական իշխանությանը վերաբերող հարցերը։ Դուք չեք շրջում փողոցում, չեք գնում հանդիպումների, եւ մարդիկ ուզում են մեր միջոցով հարցեր հղել»։

Արփի Դավոյանի խոսքով՝ եթե երեկ Վարդազարյանը հայտարարեց, որ ծանոթ չէ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործին, հետեւաբար՝ ծանոթ չէ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձին․ «Դուք ծանոթ չեք այն բոլոր հրապարակային բռնության կոչերին, որոնց հիման վրա հարուցված են քրեական գործեր։ Ծանոթ չլինելով՝ ասացիք, որ ձեր կոչը զսպման կոչ էր դատավորներին։ Նորից պարզաբանեք։ Եթե ծանոթ չէիք որեւէ քրեական գործի, ինչո՞ւ էիք զսպման կոչով հանդես գալիս դատավորներին»։

Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց․ «Տեղեկացնեմ, որ ամեն օր դուրս եմ գալիս փողոց, տեսնում ժողովրդին, պատասխանում հարցերին՝ մարդկանց եւ լրագրողների։ Չկա որեւէ լրագրող, որն ինձ հարց է ուղղել, իսկ ես հրաժարվել եմ պատասխանել։ Վստահ եմ, որ լրագրողներն էլ են տալիս ժողովրդին հուզող հարցերը։ Ինչ վերաբերում է քրեական գործերին, ապա այո, ծանոթ չեմ, իսկ ծանոթ լինելու դեպքում դրան կհետեւեր քրեական պատասխանատվություն, որովհետեւ ի պաշտոնե իրավունք չունեմ հետեւելու քրեական գործերի նյութերին։ Իսկ կոչն արեցի, որովհետեւ կրքերը լարված էին, փորձեցի հանդարտեցնել»։

Արփի Դավոյանը հարցրեց՝ ինչո՞ւ էին կրքերը լարված, ի՞նչ էր պատահել դատավորներին, ի՞նչ էին ուզում արած լինել, ինչի՞ց պետք է սթափվեին։ Վարդազարյանը տեղեկացրեց․ «Երեկ պատասխանել եմ այդ հարցերին, չեմ ուզում կրկնվել»։

Պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այս ընթացքում տեղից բղավում էր։

Ապա հարց տալու հերթը «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանինն էր․ «Պարոն Վարդազարյան, ի՞նչ է նշանակում՝ քաղաքական հարցերի չեք պատասխանում․․․կներեք, ի՞նչ քաղաքական հարց է հնչում։ Եթե պնդում եք, որ ձեր կոչը քաղաքական չէր, ապա հարցերի ի՞նչն է քաղաքական։ Բարի եղեք պատասխանել։ Ես ձեզ հարց չունեմ, որովհետեւ, ինչպես հասկացա, արդեն ընդունել եք, որ ձեր կոչը քաղաքական էր։ Երբ ասում եք, թե քաղաքացիների հետ եք շփվում, ասեմ՝ ձեր կոչից հետո մեզ մոտենում են քաղաքացիներ եւ ասում՝ ե՞րբ է լուծվելու դատավորների հարցը»։

Ռուբեն Վարդազարյանն արձագանքեց․ «Առնվազն հինգ անգամ երեկ եմ ասել, այսօր էլ արդեն երկու անգամ եմ ասում, որ իմ կոչը քաղաքական չէր»։ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Այդպես էլ չհասկացանք՝ ո՞ւմ եւ ի՞նչ»․․․

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031