Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ նախագահը թե՛ ստորագրելով, թե՛ չստորագրելով՝ խախտում է Սահմանադրությունը, միակ տարբերակը, որ ուներ, Սահմանադրական դատարան դիմելն էր». Գոհար Մելոյան. «Հրապարակ»

Մարտ 03,2021 10:36

Արմեն Սարգսյանն ընտրեց «երրորդ ճանապարհը»՝ չստորագրեց վարչապետի միջնորդությունը Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ եւ դիմեց Սահմանադրական դատարան, բայց ոչ թե բուն միջնորդության իրավաչափությունը վիճարկելու խնդրով, այլ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանի ազատման որոշումն իրավունքի ուժով կատարվելու է։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ասաց, որ Արմեն Սարգսյանը երեք հնարավորություն ուներ՝ Նիկոլ Փաշինյանի ուղարկած միջնորդության հետ կապված․ ստորագրել, չստորագրել եւ դիմել Սահմանադրական դատարան։

«Կարեւոր է ընդգծել, որ նախագահը, երբ առարկություններով վերադարձրեց Նիկոլ Փաշինյանին միջնորդությունը, իր հայտարարության մեջ ինքն արդեն նշել էր, որ միջնորդության նախագիծն առերեւույթ հակասում է Սահմանադրությանը, ուստի տրամաբանական էր, որ բոլորը հետեւություն արեցին՝ նա պարտադիր դիմելու է Սահմանադրական դատարան։ Սակայն, ինչպես ենթադրելի էր, ինքը հերթական անգամ գործարքի գնաց այս դավադիր ուժի հետ ու գործարքի արդյունքում փորձեց մանեւրել։ Այսինքն՝ հայտարարեց, որ չի ստորագրելու հրամանագիրը, մարտի 4-ին այն ուժի մեջ կմտնի, բայց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ուղարկեց Սահմանադրական դատարան, որի քննությունը կարող է ամիսներ տեւել»։

Ըստ Մելոյանի՝ օրենքով ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի լիազորությունները դադարեցնելու լիազորություն չունեն, քանզի ԳՇ պետը հատուկ կարգավիճակ ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ է՝ ըստ Սահմանադրության տրամաբանության, ու պատահական չէ, որ ինչպես Սահմանադրությունը չի նախատեսել նրան ազատելու ընթացակարգ, այնպես էլ՝ օրենքները։ ԳՇ պետի լիազորությունները դադարում են ընդհանուր կարգով՝ մահվան հիմքով, քաղաքացիության դադարեցման, մեղադրական դատավճռի առկայության դեպքում, այսինքն, մեծ հաշվով, անձեռնմխելի է ԳՇ պետի պաշտոնը։

Ուստի, ըստ Գոհար Մելոյանի, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր այս քայլով Սահմանադրություն է խախտում՝ վարչապետի ուղարկած հրամանագիրը ՍԴ չուղարկելով։ «Ես նախկինում էլ նշել էի, որ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրվելու պարագայում, քանի որ ինքն էլ անձամբ գնահատականը տվել էր, որ առերեւույթ հակասահմանադրական է, ինքը չի կատարում իր գլխավոր ու հիմնական գործառույթը, որը Սահմանադրության պահպանմանը հետեւելն է, ինչն իր հերթին կարող է գնահատվել որպես Սահմանադրության կոպիտ խախտում ու իր պաշտոնանկության՝ իմպիչմենտի գործընթացի մեկնարկման հիմք հանդիսանալ»,- ասաց նա։

Ճշտեցինք՝ Արմեն Սարգսյանի՞ իմպիչմենտի, այսինքն՝ նախագա՞հն է Սահմանադրությունը խախտել։ «Այո, Արմեն Սարգսյանի իմպիչմենտի, քանի որ նա թե՛ ստորագրելով, թե՛ չստորագրելով՝ խախտում է Սահմանադրությունը, քանզի միակ տարբերակը, որ ուներ, Սահմանադրական դատարան դիմելն էր»,- ասաց Գոհար Մելոյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031