Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետք է բացառել քաղաքացիական պատերազմը …

Մարտ 03,2021 13:00

Սա ճակատագրական կոչ է հայ ժողովրդին, Հայաստանի կառավարությանը եւ հայրենիքի փրկության շարժման ղեկավարությանը: Թե Արցախյան վերջին պատերազմի անփառունակ պարտությունից հետո ինչպիսի իրավիճակ է տիրում Հայաստանում եւ Արցախում, բոլորին է հայտնի, քանզի այդ իրադարձությունները ծավալվում են ժողովրդի աչքի առջեւ եւ սուբյեկտիվության որոշակի տարրերի կողքին, հիմնական տեղեկատվությունը ԶԼՄ-ներով սփռվում է եւ ժողովուրդը որոշակիորեն տեղեկացված է այդ ամենից:

Ուզում եմ խոսել հատկապես ամենավերջին օրերին տեղի ունեցած լրջագույն իրադարձությունների եւ դրանց հնարավոր հետեւանքների մասին, քանզի դրանց վերաբերյալ վերլուծությունները պետք է ներկայացնել հենց այսօր, այլապես վաղն արդեն ուշ կլինի: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո իրավիճակը երկրում էականորեն փոխվեց, քանզի այն ոչ այլ ինչ էր, քան այն, որ այս վճռորոշ պահին գլխավոր շտաբն անվստահություն է հայտնում կառավարությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ կանգնում է ժողովրդի կողքին, որն էլ իր հերթին լիովին փոխում է երկրում ստեղծված իրավիճակի համայնապատկերը:

Վարչապետի կողմից նախագահին ներկայացված առաջարկությունը՝ ազատել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին եւ էլի մի քանի գեներալների, օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան հիմնավորումներով մերժվեց նախագահի կողմից, ետ վերադարձվեց վարչապետին, որից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին պնդեց իր առաջարկությունը, որն այս պահին դարձյալ օրենքով սահմանված կարգով քննարկման փուլում է: Փաստացի, իրադարձությունների ընթացքը մտնում է շատ վճռորոշ փուլ եւ երկու կողմից էլ փոքրիկ սխալը կարող է տանել մեծ բախումների, որն էլ կարող է բերել քաղաքացիական պատերազմի, քանզի երկու կողմն էլ վճռական են տրամադրված ու պատրաստ չեն թեկուզ փոքրիկ զիջումների: Երկու կողմերն էլ քաջ գիտակցում են, որ սա ֆինալային փուլն է եւ որեւէ մեկի պարտությունը վերջնական է լինելու, որից հետո կայացած որոշման վեկտորի ուղղությունն օրենքի ուժով փոխելն այլեւս համարյա անհնարին կլինի: Ահա հեց սա է, որն ինձ մեծ անհանգստություն է պատճառում եւ մտավախություն է առաջացնում, որ հետագա գործողությունները կարող են ընթանալ ոչ սահմանադրական ճանապարհով եւ երկիրը կներքաշվի քաղաքացիական պատերազմի մեջ:

Ներկայացնեմ այն սցենարը, որով կարծում եմ կընթանան մոտակա մի քանի օրերի իրադարձությունները: Հնգօրյա ժամկետում նախագահը վարչապետի առաջարկությունն իր կողմից արված առարկություններով հավանաբար կուղարկի ՍԴ՝ նրա սահմանադրականությունը վիճարկելու համար: 10-օրյա ժամկետում ՍԴ-ն կքննի հարցը եւ եթե ամեն ինչ ընթանա ՍԴ-ի կազմի այսօրվա տրամադրվածությամբ, ապա այն չի ընդունի նախագահի առարկությունները եւ որոշում կընդունի, որ վարչապետի առաջարկությունը համապատասխանում է սահմանադրությանը, որից հետո նախագահն օրենքի ուժով ստիպված կլինի ստորագրել համապատասխան հրամանագիրը: Սակայն, ինչպես արդեն հայտնի է, մինչ այս ամենը, վարչապետը մարտի 1-ին իր համախոհներին հրավիրել է հանրապետության հրապարակ՝ նրանց հետ հերթական հանդիպման համար եւ եթե հոդվածը գրելու պահին՝ փետրվարի 28-ին, Բաղրամյան պողոտայում բախումներ չլինեն, ապա մեծ է հավանականությունը, որ մարտի 1-ին (Աստված մի արասցե) բախումներ կհրահրվեն Փաշինյանի կողմնակիցների կողմից, քանզի այդ մասսան խորությամբ չի վերլուծում (հավանաբար, նաեւ չի կարողանում) ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը եւ առանց խորանալու 2018թ.-ից հետո՝ Արցախյան պատերազմում տեղի ունեցած լրջագույն իրադարձությունների հետեւանքների մեջ, միմիայն պնդում է. ո՞վ կարա փոխի իրենց ընտրած վարչապետին եւ փորձի իշխանության բերել իրենց կողմից մերժված նախկիններին:

Ժողովրդի այդ հատվածը բացի այս հանգամանքից, ցավոք, որեւէ այլ բան հաշվի չի առնում, էլ չեմ ասում, որ իրենք վիրավորվածի կեցվածքով պատրաստ են գնալ ամեն քայլի, ցույց տալով, որ իրենք տեր են 2018թ.-ին իրենց տված ձայներին ու մինչեւ վերջ՝ ամեն գնով կանգնելու են վարչապետի կողքին, քանզի ագրեսիվորեն բարձրաձայնում են, որ Արցախյան պատերազմում կրած պարտության համար Նիկոլը ոչ մի մեղք չունի եւ միակ մեղավորը նախկին իշխանություններն են: Նրանց միմիայն ուղեկցում է ատելությունը նախկինների եւ կույր հավատը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Այս ամենից դուրս նրանք ոչինչ չեն տեսնում եւ հավանաբար չեն էլ կարող, քանզի նրանց մեծամասնության համար 2018թ.-ից մինչեւ այսօր տեղի ունեցած իրադարձությունների ողջ դաշտը վերլուծելը համարյա անհնարին է, քանի որ նրանց մտավոր կարողությունները (թող ներեն ինձ, սակայն դա ցավոտ իրականությունն է) չեն բավարարում դրա համար:

Ամոթ չէ չիմանալը, ամոթ է կոմպետենտ մարդկանց չհարցնելը, որը նրանք կամ չեն անում, կամ եթե անգամ անում էլ են, ապա դա նրանց մեջ ոչինչ չի փոխում եւ շարունակում են մնալ իրենց քարացած կարծիքին ու ցավոք, լոկ դրանով էլ առաջնորդվում են:

Հենց ամենաահավորը սա է, որ նրանք ոչ մի դեպքում ետ չեն կանգնելու այդ մտածողությունից եւ հանուն դրա գնալու են ամենավտանգավոր քայլերի, որը մեկ անգամ եւս կրկնում եմ, անպայմանորեն բերելու է այնպիսի բախումների, որը կարող է վերաճել քաղաքացիական պատերազմի … Սա հենց այն ամենավտանգավոր իրավիճակն է, որից իմ կարծիքով պրակտիկորեն խուսափելու համարյա ոչ մի ճանապարհ չի երեւում … Սա հենց այն դեպքն է, երբ ժողովրդական ասացվածքն ասում է. խեւին խրատն ինչ անի, սեւին սապոնն ինչ անի…

Տա Աստված, ես սխալվեմ, սակայն դրա հավանականությունը շատ փոքր է, քանզի եղած հանգամանքներն են այդ մասին խոսում …

Եթե, այնուամենայնիվ, ի կատար ածվեն իմ չարաբաստիկ կանխատեսումները, ապա վախենամ կորցնենք պետությունը եւ պետականությունը, երկիրը վերջնականապես կործանենք ու իրականացնենք թուրքերի դարավոր երազանքը…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
Հոդվածը գրվել է փետրվարի 28-ին:

«Առավոտ» օրաթերթ
02.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031