Հարցազրույց դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ
– Գրեթե մեկ տարի Հայաստանում չեք՝ հասկանալի պատճառով, բայց այս ամբողջ ընթացքում թատրոնը նախաձեռնել է տարբեր առցանց նախագծեր եւ պարզ է՝ թատրոնում ամեն ինչ տեղի է ունենում ձեր գիտությամբ: Թեեւ «Առավոտը» մեկ-երկու անգամ անդրադարձել է նախորդ տարում թատրոնի գործունեությանը, բայց խնդրում ենք ավելի մանրամասն ներկայացնեք այն՝ նշելով նաեւ առաջիկա ծրագրերի մասին։
– Հայաստանից ԱՄՆ մեկնել եմ 2020 թվականի մարտի 17-ին, երբ համավարակի պատճառով դադարեցվեց մշակութային կառույցների գործունեությունը: Ամբողջ աշխարհն անցավ հեռավար աշխատաոճի, եւ մենք էլ բացառություն չէինք:
Այս ամբողջ ընթացքում թատրոնում իրականացվող յուրաքանչյուր միջոցառում անց է կացվել իմ հեռավար ղեկավարման ներքո: Մենք մշտապես ներկայացել ենք առցանց ծրագրերով, որպեսզի կարողանանք կապ պահել մեր հանդիսատեսի հետ։ Առցանց տարբերակով ցուցադրվում էին մեր խաղացանկային ներկայացումների տեսաձայնագրությունները եւ բացի այդ, կազմակերպվում առցանց ցուցադրության համար համերգների ձայնագրություններ: Համերգների նկարահանումները, որոնք ցուցադրել ենք առցանց մեր ֆեյսբուքյան հարթակում, մեծամասամբ իրականացրել ենք իմ ֆինանսական աջակցությամբ:
Ինչ վերաբերում է խաղացանկային ներկայացումներին, ապա դեռ մինչեւ համավարակը մենք արդեն ունեինք բավարար քանակի նյութեր, որոնց զգալի մասը նույնպես այս մի քանի տարիների ընթացքում իրականացվել է իմ ֆինանսկական աջակցությամբ:
Կարդացեք նաև
Ընդառաջելով ձեր խնդրանքին, ներկայացնեմ առցանց ցուցադրված ներկայացումների եւ համերգների ցանկը. մարտին՝ Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումը, աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մենահամերգը, Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացումը, Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան, Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետային ներկայացումը, ապրիլին՝ Վ. Ա. Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան, Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային ներկայացումը, Գալա համերգ թատրոնի արտիստների, նվագախմբի եւ երգչախմբի մասնակցությամբ, Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետային ներկայացումը, Եվրոպայի օրվան նվիրված համերգ, Է. Հովհաննիսյանի «Անտունի» բալետային ներկայացումը եւ Ջ. Վերդիի Ռեքվիեմը ու Միքելանջելոյի Սիքստինյան կապելլան Պաոլո Միչիկեի «Ահեղ դատաստան» նախագծում (որպես հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին), իսպանական ժողովրդական երաժշտությամբ «Լորկիանա» բալետային ներկայացումը, Ջազի միջազգային օրվա առթիվ համերգ՝ նվիրված Էլլա Ֆիցջերալդի 100-ամյակին, մայիսին՝ «Չայկովսկի» գալա համերգը, Ալ. Սպենդիարյանի հիշատակի օրվա առթիվ՝ «Ալմաստ» օպերան, «Շոպենիանա» բալետային ներկայացումը, Ջ. Վերդիի «Տրուբադուր» օպերան, Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առթիվ՝ «Լա Բոհեմ» բալետային ներկայացումը։ Կուզենայի անպայման իմ շնորհակալությունը հայտնել «Արմենիա» հեռուստաընկերությանը՝ «Լա Բոհեմ» բալետային ներկայացման տեսաձայնագրությունը իրականացնելու եւ ցուցադրման իրավունքը մեզ տրամադրելու համար:
Մայիսի 26-ին՝ Ժ. Մասնեի «Մանոն» օպերայի առցանց ցուցադրությանը նախորդել է նշանավոր դիրիժոր Քրիստոֆեր Օկասեկի ողջույնի ներածական խոսքը, որը առանձնահատուկ կարեւորություն հաղորդեց ներկայացման ցուցադրությանը։ Ներկայացրել ենք նաեւ տոնական համերգ՝ նվիրված Հանրապետության տոնին։ Հունիսին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումը, Ջ. Վերդիի «Պարահանդես-Դիմակահանդես» օպերան, Ժ. Բիզեի «Կարմեն» օպերան, առցանց համերգ՝ նվիրված բոլոր բուժաշխատողներին, Վ. Ա. Մոցարտի Ռեքվիեմը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին, հուլիսին՝ Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերան, Սահմանադրության օրվան նվիրված առցանց համերգ, Ջ. Ռոսսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայի բեմականացված համերգային կատարումը, «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումը, երաժշտությունը՝ Ալեքսեյ Շորի, Ժ.Բիզե-Ռ. Շչեդրինի «Կարմեն Սյուիտ» բալետային ներկայացումը, օգոստոս ամսին թատրոնը եւ «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը ներկայացրեցին գալա համերգ՝ նվիրված աշխարհի բոլոր երաժիշտներին, ովքեր հայտնվեցին դժվարին իրավիճակում կորոնավիրուսի համաճարակի պատճառով եւ «Դեպի լույսը» խորագրով համերգը՝ ի հիշատակ օգոստոսի 4-ին Լիբանանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների, ներկայացվել են հատվածներ Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերայից, առցանց համերգային երեկո։
Օգոստոսի 28-ին ցուցադրվեց 2017 թվականի ապրիլի 27-ին «Երեւան առաջին միջազգային օպերային փառատոնի» շրջանակներում տեղի ունեցած համերգի տեսաձայնագրությունը:
Երկարատեւ դադարից հետո թատրոնի մեծ պատշգամբում սեպտեմբերին մեկնարկեցին համերգային երեկոներ՝ «Երաժշտական ճամփորդություն» խորագրով բացօթյա գալա համերգ, «Սեր երկնային», «Կարմիր տանգո» եւ «Փարիզյան Բոհեմ» խորագրերով բացօթյա համերգներ։ Բացի այդ, թատրոնը շարունակել է առցանց համերգների ցուցադրությունը՝ «Ֆլեյտաներ եւ սոպրանոներ» խորագրով առցանց համերգ՝ նվիրված ՌԽՍՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Էմին Խաչատրյանին։
Բացի դրանից, թատրոնը սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին ներկայացրել է. Անկախության տոնի առթիվ, «Զվարթնոց» տաճարում տեղի ունեցավ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։ Իրենց ելույթներվ հանդես եկան թատրոնի առաջատար մեներգիչները։ Տոնական օրվա առթիվ ներկայացվեցին թատրոնի մեներգիչների ելույթները։ Օպերային եւ բալետային արվեստի նվիրյալների ծննդյան եւ հիշատակի օրերի հետ կապված հրապարակումներում հոկտեմբերի 2-ին եւ 3-ին թատրոնի արտիստները հանդես եկան ուղերձներով՝ ի քաջալերում մեր զինվորների։
Ի քաջալերում մեր զինվորների՝ թատրոնի եւ «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի նախաձեռնությամբ նկարահանվել եւ ներկայացվել է թվով երեք տեսահոլովակ՝ թատրոնի արտիստների (Սարգիս Աղամալյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Հովհաննես Անդրեասյան, Հայկ Տիգրանյան, Պողոս Բեազբեկյան, Սերգեյ Սարգսյան, Հովհաննես Ներսեսյան, Խաչիկ Բեկյան) եւ սիմֆոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան) մասնակցությամբ, որոնք էլ ցուցադրվել են թատրոնի ֆեյսբուքյան էջում։
Հոկտեմբերի 7-ին թատրոնի բալետային խումբը Արցախից Երեւան ժամանած երեխաների համար ցուցադրեց Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումը: Հոկտեմբերի 21-ին ՌԴ մայրաքաղաքի «Նիկո» պատկերասրահում տեղի ունեցավ «Երաժշտությունը Արցախի համար» խորագրով համերգը, որին մասնակցում էին թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը եւ դաշնակահարուհի Ելենա Վարդազարյանը։ Վերջինս հեռարձակվեց նաեւ թատրոնի ֆեյսբուքյան էջում։
Հոկտեմբերի 28-ից սկսած թատրոնի ամբողջ անձնակազմը 24-ժամյա ռեժիմով՝ մի քանի հերթափոխով եւ մի շարք կամավորների օգնությամբ, հանձն առավ առաջնագծի եւ զինվորին պաշտպանելու համար քողարկող ցանցերի պատրաստման գործընթացը։ Աշխատանքները ուղեկցվում էին թատրոնի արտիստների կատարումներով։
Նոյեմբերի 1-ին՝ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրը, արվեստասերներ, մշակույթի գործիչներ ծաղիկներ խոնարհեցին կոմպոզիտորի շիրիմին։ Նոյեմբերի 22-ը հայտարարվել էր արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր, որի կապակցությամբ էլ թատրոնի ֆեյսբուքյան էջում ցուցադրվեց Ջ. Վերդիի Ռեքվիեմը (Պաոլո Միչիկեի «Ահեղ դատաստան» նախագծում) ի հիշատակ մեր հերոս նահատակների, դեկտեմբերին կայացավ «Կոմիտաս եւ գույներ» խորագրով առցանց համերգ։
Եվ կատարած այս ծավալուն աշխատանքի շնորհիվ է, որ համավարակի ամբողջ ընթացքում մեր թատրոնը եղել է աշխարհի առաջատար մշակութային հաստատությունների հետ միասին լավագույնների ցանկում, մեր ներկայացումներն ու համերգները դիտել է ավելի քան 6 մլն հանդիսատես։ Հանդիսատեսի առջեւ առաջին անգամ բացեցինք թատրոնի վարագույրը 2020-ի դեկտեմբերի 26-ին՝ «Վերադարձ» համերգային ծրագրով, այնուհետեւ հունվարի վերջին նշեցինք հանրահայտ տենոր Գեղամ Գրիգորյանի հոբելյանը, ցուցադրվեց արտիստի մասին պատմող տեսաֆիլմ եւ իր իսկ բեմադրած «Անուշ» օպերան։ Փետրվարի 12-ին հանդիսավոր կերպով նշվեց թատրոնի գխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի 80-ամյա հոբելյանը եւ նշեմ, որ հոբելյանական միջոցառումները շարունակական են:
Փետրվարի 26-ի «Դիմակահանդես» բալետային ներկայացումը նույնպես նվիրվում է Վարպետին:
Ինչ վերաբերում է ապագա ծրագրերին, անցած տարվա բազմաթիվ ծրագրեր մնացին անկատար, բայց մենք պետք է փորձենք անել ամեն ինչ, որպեսզի դրանք իրականացնենք այս տարվա ընթացքում: Այս պահին թատրոնի անձնակազմը աշխատում է մի շարք օպերաների վրա՝ Լեոնկավալոյի «Պայացներ», Վերդիի «Օթելլո», Մասկանիի «Գեղջկական ասպետություն»: Պարզ պատճառներով դժվար կլինի իրականացնել ամբողջական բեմադրություններ, սակայն լիահույս եմ, որ կկարողանանք պատշաճ կերպով ներկայանալ համերգային կատարումներով:
Նախատեսում ենք վերականգնել Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորի 150-ամյակին: Բալետային խումբն աշխատում է Վաչե Շարաֆյանի «Հին Աստվածներ» ներկայացման վրա, որի պրեմիերան նախատեսված էր անցած տարի, բայց դա էլ հետաձգվեց։
– Հիմա ինչպիսի՞ իրավիճակ է Միացյալ Նահանգների մշակութային կյանքում:
– Հիմա բոլոր թատրոնները, համերգասրահները, նույնիսկ կինոթատրոնները տարբեր երկրներում մեծամասամբ փակ են: Շատ տեղերում նույնիսկ դպրոցներն են փակ: Քանի որ արդեն մեկնարկել է COVID-19 համավարակի դեմ պատվաստումները եւ մարդիկ էլ պահպանում են սոցիալական հեռավորությունը, տեսնենք, թե ինչպես կզարգանան դեպքերը: Հուսանք, որ կվերսկսվի նաեւ մշակույթի ոլորտի գործունեությունը:
Շատ թատրոններ անցել են առցանց գործունեության, իրենց լավագույն կատարողների հետ կազմակերպելով տարբերաբնույթ համերգներ, այդ թվում՝ «Մետրոպոլիտեն օպերան», «Լա Սկալան» եւ այլ: Իմ տեղեկություններով՝ եվրոպական մի շարք երկրներում թատրոնները մի պահ բացվեցին եւ կրկին փակվեցին, այժմ էլ դեռեւս փակ են՝ Գերմանիայում, Ավստրիայում եւ բազմաթիվ այլ եվրոպական երկրներում: Լիտվայում, օրինակ, փակ են մինչեւ մայիսի սկիզբը եւ բոլոր ներկայացումները չեղարկվել են: Իսկ Ռուսաստանում այլ պատկեր է. «Բոլշոյ» եւ «Մարիինյան» թատրոնները բաց են, դրամատիկ թատրոններ՝ նույնպես: Այսպիսով, ինչպես տեսնում ենք, յուրաքանչյուր երկիր ուղղորդվում է իր օրենքներով:
– Ե՞րբ պատիվ կունենանք տեսնել Ձեզ Երեւանում։
– Ես կվերադառնամ Հայաստան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստանալուն պես։ Պատվաստումն արվում է 2 փուլով, 3-4 շաբաթ ընդմիջմամբ: Հուսով եմ՝ դա կարվի մոտակա շաբաթների ընթացքում:
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
02.03.2021