Փետրվարի 24-26-ը տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանը՝ օնլայն ձեւաչափով: Այսօր ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Հայկ Կոնջորյանը հրավիրած ասուլիսում ասաց, որ նստաշրջանի ընթացքում քննարկել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի հարցը, որն արհեստականորեն ձգձգվում է, գերիների նկատմամբ անմարդկային դաժան վերաբերմունքի մասին հարցերը, Ադրբեջանի կողմից եռակողմ ստորագրված հայտարարությունից հետո Խծաբերդի ուղղությամբ ռազմական ագրեսիան, Ադրբեջանի կողմից ահաբեկիչների ներգրավման հարցերը, Արցախի կարգավիճակի, Արցախի ժողովրդի ինքնորոշման կարեւորության հարցերը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը պատմեց, թե ինչպես են հունից դուրս եկել ադրբեջանցի եւ թուրք պատվիրակները, երբ ինքը խոսել է այն մասին, որ Ադրբեջանն իրեն պահում է որպես ահաբեկչական երկիր. «Եթե ադրբեջանցիներն ու թուրքերն էին միմյանց պաշտպանում, հայ ռազմագերիների վերադարձի մասին խոսել են նաեւ այլ երկրների պատվիրակներ՝ Բելգիայի պատվիրակը, շվեդ պատվիրակը, խոսել են Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների մասին»:
Հարցին՝ արդյոք դուք բոլո՞ր նիստերին եք մինչեւ վերջ մասնակցել, որովհետեւ քննադատություններ հնչեցին, որ դուք լքել եք «խրամատը», հեռացել եք ու չեք մասնակցել նիստերին, նաեւ քննադատություններ հնչեցին, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակները կոշտ ելույթներ են ունեցել՝ մեղադրելով ՀՀ-ին գերիների խոշտանգման, ռազմական ագրեսիայի, Խոջալուի դեպքերի համար, իսկ Հայաստանի պատվիրակության կողմից դրանց համարժեք պատասխաններ չեն եղել՝ Հայկ Կոնջորյանը պատասխանեց, որ նստաշրջանի 3 օրերի ընթացքում տեղի են ունեցել տարբեր նիստեր. «Մեզ համար առանցքային նիստերը եղել են առաջին օրվա մշտական կոմիտեի նիստը, որի ժամանակ ելույթի իրավունք ունեն խորհրդարանական կազմի ղեկավարները: Եվ մյուս վճռական կարեւորագույն նիստը եղել է մարդու իրավունքների մշտական կոմիտեի նիստը: Բնականաբար, հումանիտար ամենագլխավոր հարցը՝ գերիների հարցը, պետք է քննարկվեր եւ քննարկվել է: Այս նիստերին ամբողջությամբ, համապարփակ ներկայացրել ենք հայ ռազմագերիների խնդիրը»: Կոնջորյանն ասաց, որ անգամ նկատողություն է ինքը ստացել, որ չարաշահել է ԽՎ կանոնադրությունը, բայց պնդել է, որ էլի ելույթ ունենա:
Կարդացեք նաև
Կոնջորյանն ընդունեց, որ եղել է նիստ, որին չեն մասնակցել, բայց ձմեռային այս նստաշրջանին Հայաստանի պատվիրակությունը եղել է ամենաակտիվներից մեկը. «Նստաշրջանի օրակարգում մենք ունեցել ենք կարեւոր ներդրում»: Ինչ վերաբերում է քննադատություններին, Կոնջորյանն ասաց. «Չտրվեք այդպիսի պատահական մարդկանց տեղեկատվական խայծերին եւ սադրանքներին: Ինքներդ ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքում ու youtube-յան ալիքում գտեք մեր ելույթները, տեսեք ինչպես ենք մենք հակադարձել ադրբեջանցիներին, ինչպես ենք բարձրաձայնել գերիների, մյուս հարցերը եւ ձեր հարցերում ձեւակերպումները էականորեն կփոխվեն»:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանն ասել էր. «ՀՀ պատվիրակությունը թուրք-ադրբեջանական դիվանագիտական ագրեսիային հակադարձել է զրո ելույթով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ