Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի ավանդական միջազգային մրցաշարը 2021 թվականին առաջինն էր օլիմպիական վարկանիշային մրցաշարերին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականի համար:
Գերազանց մրցելույթներ է ունեցել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, որը հաջորդաբար հաղթելով բոլոր մրցակիցներին, նվաճել է հաղթողի տիտղոսը: Հաջողված կարելի է գնահատել նաեւ Կարապետ Չալյանի մասնակցությունը, որը հանդես է եկել սովորականից մեկ կարգ բարձր՝ 82 կգ քաշային կարգում եւ արժանացել է արծաթե մեդալի: Հավաքականի եւս երկու անդամ՝ 60 կգ քաշային Գեւորգ Ղազարյանը եւ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, բավարարվել են բրոնզե մեդալով:
Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը 99 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով միայն Վրաստանին, Ուկրաինային եւ Իրանին: Թերեւս, հնարավոր կլիներ թիմային ավելի բարձր տեղ գրավել, եթե վնասվածքի պատճառով պայքարի վերջնամասում ասպարեզից դուրս չմնային 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, որն ի վերջո հանգրվանեց 7-րդ, եւ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը՝ 5-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ