Ադրբեջանա-թուրքական ագրեսիան հետ մղելիս նահատակվել էր Շիրակի մարզի Թորոսգյուղի 30-ամյա բնակիչ Վաչագան Արամի Սարգսյանը։ Մոտ 5 ամիս՝ հարազատները հույսով ու հավատով սպասում էին նրա վերադարձին, փնտրում էին գերիների, վիրավորների ու անհետ կորածների շարքերում, սակայն մի շաբաթ առաջ լսել են նրա մահվան գույժը․ ԴՆԹ հետազոտության միջոցով գտել են նրա մարմինը։ Երիտասարդին հուղարկավորել են փետրվարի 21-ին։
Վաչագան Սարգսյանն աշխատում էր ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում՝ որպես մաքսային ծառայող։ Ավարտել էր Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետն, ապա՝ ԵՊՀ-ի Ազգային անվտանգություն բաժնի մագիստրատուրան։ Զինվորական ծառայությունն անցկացրել էր Գորիսում։
Հերոսի բարեկամուհին՝ Մերի Աղաբաբյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ նա, պատերազմի գույժը լսելով, շտապել է առաջնագիծ, չի հասցրել հրաժեշտ տալ ընտանիքին ու սիրելիին, ում հետ ընդամենը 20 օր առաջ էր նշանվել։
Վաչագանը չի հասցրել անգամ փոխել համազգեստը․ ինքնակամ առաջնագիծ է մեկնել աշխատանքի վայրից՝ պատերազմի հենց առաջին գիշերը։
Կարդացեք նաև
Մերի Աղաբաբյանը պատմեց, որ Վաչագանին բաժին էր հասել կռվի ամենաթեժ կետը՝ Ջաբրայիլը։
«Առաջին մի քանի օրը թեժ մարտեր են եղել, թշնամին անօդաչուներով է հարվածներ հասցրել, հետո նահանջի հրաման են ստացել։ Երբ արդեն խմբում 4 հոգով են մնացել, այլ ջոկատի են հանդիպել, ու չնայած ընկերները նահանջել են ու իրեն էլ համոզել, Վաչագանը չի լքել սահմանը։ Նա նոր խմբին է միացել՝ հակահարվածով առաջ գնալու մտադրությամբ։ Խմբի 3 անդամներն էլ վերադարձան, իսկ իրենից մոտ 5 ամիս լուր չկար, մի շաբաթ առաջ լսեցինք մահվան գույժը»,-ասաց Մերի Աղաբաբյանը։
Ընտանիքի անդամները Վաչագանին բնութագրում են որպես եզակի հայրենասերի, ով ապրում էր միայն հայրենասիրական երգեր լսելով, անգիր գիտեր Հայոց պատմության բոլոր դրվագները։
Մայրը՝ Աննա Դանիելյանն ասում է, որ որդին փոքրուց ինքնուրույն էր, ինքն էր իր բոլոր հարցերը լուծում, ընտանիքին ոչ մի անգամ չի անհանգստացրել թե՛ ուսման ընթացքում, թե՛ բանակում ծառայելիս։
«Ինքը ուղղակի հայրենասեր չէր, ինքն անգիր գիտեր Հայոց պատմությունը, առանց շունչ քաշելու պատմում էր Ղարաբաղյան պատերազմի հերոսների կենսագրությունը, ուսումնասիրում էր քիչ հայտնի դրվագները։
Մագիստրական թեզն էլ Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով էր ընտրել։ Նույնիսկ բանակում ծառայելիս ամեն կիրակի զորամասի ռադիոյով մի հերոսի կենսագրություն ու հերոսական դրվագ էր պատմում։ Ու այդ հերոսական դրվագներից ոգևորված՝ ինքն էլ գնաց հերոսանալու»,- ասում է մայրը՝ սգալով ու միաժամանակ հպարտանալով։
Մայրը հետաքրքիր մի դրվագ է հիշում որդու՝ Հայոց պատմության քննությունից։ Քննությունը եղել է գրավոր․ Վաչագանն այն հանձնելիս՝ գրել է ոչ ընթեռնելի ձեռագրով, որն էլ դասախոսի մոտ կասկած է առաջացրել։ Վերջինս մտածել է, թե ուսանողն արտագրել է, կանչել է Վաչագանին՝ հայտնելով իր կասկածը, թե արտագրել ես։ Երիտասարդը վիրավորվելով՝ սկսել է պատմել, մանրամասնել ողջ թեման՝ ցույց տալով, որ ինքն ապրում է Հայոց պատմությամբ։
Հերոսի մայրը մինչև օրս խնամքով պահում է նրա՝ Հայոց պատմության քննության պատասխանի թերթիկը։
Ընկերներն ու գործընկերներ նրան բնութագրում են որպես ազնիվ, արդարամիտ, երիտասարդի, որը միշտ կանգնած էր թույլի ու խեղճի կողքին։
Գործընկերները պատմել են, որ պատերազմի սկսվելու օրը՝ սեպտեմբերի 27-ին, երբ Վաչագանն արդեն որոշել էր մեկնել առաջնագիծ, գնացել է արյուն հանձնելու՝ ասելով․ «Գոնե արյունս մնա ստեղ, թուրքին չմնա»։
Ազգակիցներից Մարտին Գրիգորյանն ասում է․ «Վաչի տեսակետն արցախյան հարցի լուծման մասին մեկն էր՝ կռվել ու վերջնականապես փակել էս թեման, որ գալիք սերունդները ապրեն խաղաղ երկնքի տակ։ Ու ինքը պատերազմի բոթը իմանալուն պես՝ մեկնեց առաջնագիծ ու մարտնչեց մինչև վերջ՝ չզիջելով ոչ մի միլիմետր»։
Թորոսգյուղի բնակիչները, թեև սգում են, որ կորցրեցին նման ազգանվեր, նվիրյալ անձնազոհ, պայքարող երիտասարդի, որի տեսակն, իրոք բացառիկ է, սակայն գիտեին, որ Վաչագանը չի հանձնվելու, մինչև վերջ կռվելու է, հայրենիքը վեր է դասելու ամենքից։ Նա մորն ասել էր․ «Ինչպես չգնամ, մամ, թուրքը գա՞ լցվի տներս․․․»:
Թորոսգյուղի ՖԲ էջում, տեղադրելով հերոսի լուսանկարը ու մանրամասներ ներկայացնելով նրա կենսագրականից, գրված է
«Վաչագանը նվիրյալ էր՝ իր ուսմանը, գործին, ընտանիքին, հայրենիքին։
Ավաղ չհասցրեց տարիների ջանքերը, հարազատների ակնկալիքները իրականություն դարձնել, չհասցրեց սեփական ընտանիքը կազմավորել։
Հայրենիքը վեր դասեց սիրելիից, ընտանիքից, ամենքից…
Մեր Վաչը գիտակցված գնաց պատերազմ, չնահանջեց, երբ ուներ դրա հնարավորությունը, կռվեց ամենաթեժ կետում՝ Ջաբրայիլում, կյանքը զոհեց հանուն հայրենիքի, հանուն ապրողներիս, նահատակվեց, որ հայը լինի, որ գալիք սերունդները ապրեն խաղաղ։
Մոտ 5 ամիս հույսով սպասում էինք նրա վերադարձին, բայց, ավաղ, լսեցինք գույժը։
Քո արդարամիտ, աշխատասեր նպատակասլաց ու հայրենանվեր կերպարով միշտ լինելու ես մեր հուշերում, մեր Հերոս»։
Պետական եկամուտների կոմիտեն էջում էլ սգացել են հայորդու մահը․
«Պետական եկամուտների կոմիտեն խորը ցավով հայտնում է, որ Արցախյան 2-րդ պատերազմում զոհվել է ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության աշխատակից, մաքսային ծառայող Վաչագան Արամի Սարգսյանը։
Վաչագան Սարգսյանը ծնվել էր Շիրակի մարզի Թորոսգյուղում, ավարտել էր Երևանի պետական համալսարանի Աստվածաբանություն բաժինը, ապա՝ ԵՊՀ-ի Ազգային անվտանգություն բաժնի մագիստրատուրան։
Վաչագան Սարգսյանն առաջիններից էր, որ լսելով պատերազմի գույժը՝ աշխատանքը փոխարինեց զենքով և անմիջապես կամավոր մեկնեց առաջնագիծ: Նա կռվեց ռազմաճակատի ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում (Ջաբրայիլում):
Հարազատները, ընկերները մոտ 5 ամիս հույսով սպասում էին Վաչագանի վերադարձին, բայց, ցավոք, եղավ կորստյան բոթը Վաչագան Սարգսյանը զոհվել է հանուն հայրենիքի. նա այն նվիրյալներից էր, որ Հայրենիքը գերադասեց ամենքից ու ամեն ինչից։ Վաչագան Սարգսյանն ընդամենը 30 տարեկան էր. չէր հասցրել անգամ ընտանիք կազմել:
ՊԵԿ-ի աշխատակազմը ցավակցում է Վաչագան Սարգսյանի ընտանիքին և հարազատներին:
Հավերժ փառք մեր հերոսացած գործընկերոջը:
Հավերժ փառք մեր նահատակված բոլոր մարտիկներին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ