Հայաստան վերադարձած մեր հայրենակիցը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անցել է երկար գործընթաց, սակայն երբ ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել, այնտեղ նրա ծննդավայրը նշվել է Ադրբեջան։ Այս քաղաքացին ծնունդով Արցախի Մարտակերտի շրջանից է։
Ճարտարապետ Արսեն Կարապետյանն այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել․«Ընկերս վերադարձել է Հայաստան, երկար գործընթաց անցել՝ քաղաքացիություն ստանալու համար։ Ուրախ-ուրախ գնաց, վերջապես, անձնագիր ստանալու եւ տխուր վերադարձավ։ Մարտակերտից է ծնունդով։ Ծննդյան վայրը գրել են՝ Ադրբեջան։ Վիճել, վրդովվել է, ասել են՝ մեզ էլ հաճելի չէ, բայց էս է կարգը։ Հիմա հարց՝ էս բառը, որ գրում են, ի՞նչ է նշանակում։ Ո՛չ Ադրբեջանական ՍՍՀ (էլի հաճելի չէր լինի, բայց գոնե հասկանալի), ո՛չ ԼՂՀ, չէ, պարզապես Ադրբեջան։ Այսպիսի պետություն երբեք չի եղել, թե՞ աշխարհագրական անվանում ա։ Հիմա ընկերս ասում ա, լավ, վերջապես երազածս քաղաքացիությունը ստացա, էն էլ պարզվեց Ադրբեջանից եմ։ Սա ի՞նչ անասնություն ա։ Էն որ ասում ենք դավաճանություն բան, բա է՞ս չի մեր պետական մոտեցումն ու կոնցեպտը։ Չեմ ընդունում, որ սա զուտ անգրագիտություն կամ փնթիություն է։ Էլ ինչի՞ մասին ենք խոսում, ինչ կարգավիճակ, ինչ բան։ Չգիտեմ, երբվանից է այս կարգը հաստատված, հուշե՛ք, եթե գիտեք»։
Aravot.am-ի հետ զրույցում անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ Մարիամ Գեւորգյանն այս առնչությամբ ասաց՝ ՀՀ քաղաքացու անձնագրերը բոլորին տրամադրվում են օրենքով սահմանված որոշակի հիմքերի առկայության դեպքում։ Տիկին Գեւորգյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքով սահմանված են այն տվյալները, որոնք պետք է պարունակի անձնագիրը, եւ այդ տվյալների մեջ է նաեւ անձի ծննդյան վայրը՝ երկիրը նշումով։ Նա ասաց, որ յուրաքանչյուր դեպքում անձնագրում քաղաքացու ծննդավայրը նշվում է նրա ներկայացրած փաստաթղթերի հիման վրա․«Դա կարող է լինել ծննդական, այդ պետության անձնագիր, որտեղ երեւում է որտեղ է ծնվել անձը։
Կարդացեք նաև
Տվյալ դեպքում, ես կարծում եմ, որ անձը ներկայացրել է ծննդյան վկայական, որում նշված է եղել ծննդավայրը Ադրբեջան կամ Ադրբեջանական ԽՍՀ։ Այս պարագայում որպես ծննդավայր նշվել է Ադրբեջան, քանի որ ՀՀ քաղաքացու անձնագիրը համարվում է ճամփորդական փաստաթուղթ եւ պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին՝ քաղավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի չափանիշներին։ Այդ չափանիշերով հաստատված են երկրներն ու դրանց կոդերը։ Նախկին միութենական հանրապետությունների համար չափանիշերով առանձին կոդեր սահմանված չեն։ Այսինքն, յուրաքանչյուր դեպքում նշված է կոնկրետ այս պահի երկիրը, ասենք՝ Վրաստան, չկա՝ Վրաստանի ԽՍՀ։ Հետեւաբար, անձին անձնագիր տրամադրելիս երկիրը նշվում է նախկին խորհրդային որեւէ պետություն, չի գրվում պետության անունը ու ԽՍՀ լրացուցիչ նշումով։ Այլ ընտրվում է Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, եւ այսպես նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների դեպքում»։
Մեր հարցին՝ արդյոք այս մեթոդը մշտապես այսպես է եղել, թե՞ ինչ-որ բան է փոխվել, տիկին Գեւորգյանը պատասխանեց՝ մշտապես այսպես է եղել, տարիներ շարունակ ՀՀ անձնագրերը տրամադրվել են այս ձեւաչափով՝ ICAO-ի չափանիշներով․ «Եթե ծննդյան վկայականը ստացել է ԽՍՀՄ փլուզումից հետո եւ ծննդականում նշված լիներ Հայաստան, կնշեինք Հայաստան։ Մեր հիմքը ծննդյան վկայականն է»։
Նշենք, սակայն, որ տվյալ քաղաքացու ռուսական անձնագրում նրա ծննդավայրը նշված է՝ Ադրբեջանի ԽՍՀ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ