Աժ լիագումար նիստում իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների ելույթներն այսօր լարված էին՝ միմյանց հանդեպ մեղադրանքներով։ Ընդդիմադիր պատգամավորները քննադատեցին իշխանության մարտի մեկի հանրահավաքը, որում վուվուզերների ձայներ էին, հրճվանք սուլոցներ։ «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այս համատեքստում գործընկերներին հիշեցրեց, որ միաժամանակ Բաղրամյան պողոտայում ընդդիմադիրները համերգներ են տալիս, ռեպ էին կարդում․ «Այսպես որ շարունակվի, կդառնան երգի ու պարի համույթ։ Չի կարելի, ժողովրդի նյարդերի հետ են խաղում»։
Հովհաննիսյանի խոսքերը դուր չեկան «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Արման Աբովյանին։ Նա ասաց՝ պարի համույթը դուք եք եւ տրնգի եք պարում։
Կարդացեք նաև
Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին արձագանքեց Արման Աբովյանին․ «Պարոն Աբովյան, կներեք, բայց իմ մոտ տպավորություն է, որ դուք հաճախ խոսում եք՝ ուղղակի խոսելու համար»։
Սիմոնյանը նաեւ նշեց․ «Տպավորություն է, որ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանն իրար հետ չեն խոսում։ Նաիրա Զոհրաբյանն ասում է, թե վարչական ռեսուրս է չարաշահվել, իսկ հետո Մելքումյանն ասում է, թե պետական համակարգը չի գործում։ Հիմա գործո՞ւմ է, թե ոչ»։
Ի դեպ, «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ելույթում այդ թվում հարցադրում էր արել՝ որքա՞ն կարելի է մերժել Սերժին եւ անկարողության անունը թավիշ դնել։
Այս առիթով էլ Ալեն Սիմոնյանը նկատեց՝ Սոֆյա Հովսեփյանը համախմբման կոչ է անում այն դեպքում, երբ վերջերս է տարանջատվել խմբակցությունից, եւ անգամ այն ժամանակ, երբ խմբակցության անդամ էր, տարանջատված էր։ Հիշեցնենք, որ հայտարարությունների ժամից հետո Ալեն Սիմոնյանն ու Արման Աբովյանը դահլիճից դուրս եկան վիճելով։
«Իմ քայլից» Հայկ Կոնջորյանն էլ ասաց, որ Միքայել Մելքումյանը կարծես Չերչիլը լինի, բայց ամբիոնից գոռում է իրենց վրա։
Կոնջորյանն անդրադարձավ նաեւ Միքայել Մելքումյանի մեղադրանքներին, թե իշխանությունը չի պատասխանել Ալիեւի հայտարարություններին․ «Ասում է՝ ինչո՞ւ չեք պատասխանում, հլը մի հատ պորտը տեղը դրեք․․․եթե Ալիեւին հիմա սուր պատասխանենք, ու աստված չանի՝ մեր գերիներից մեկին մի բան լինի, ասելու եք՝ ա՜յ, այդպես պատասխանեցիք, դրա համար մեր գերիներին ծեծեցին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ