ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին եւ Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դեւիդ Հոֆմանին:
Ողջունելով դեսպանին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրեց կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը եւ ընդգծեց՝ ռազմագերիների եւ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարեւորություն ունի հայկական կողմի համար:
Խորհրդարանի խոսնակը հույս հայտնեց, որ Միացյալ Նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվեն այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում: Միրզոյանը նաեւ ընդգծեց, որ արցախյան հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա:
Կարդացեք նաև
Դեսպան Թրեյսին իր հերթին նշեց, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին:
ԱՄՆԶԾ ղեկավար Դեւիդ Հոֆմանը Ազգային ժողովի նախագահին ներկայացրեց գործակալության ծրագրերը տարբեր ոլորտներում՝ անդրադարձ կատարելով խորհրդարանի աշխատանքներին եւ խորհրդարանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին:
Կողմերը զրույցի ընթացքում քննարկեցին հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ երկուստեք ընդգծեցին Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարեւորությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ