Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատավարձի հավելում, փոխհատուցումներ. նոր կարգում բարելավումներ են նախատեսված սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներ գործուղվող ուսուցիչների համար

Մարտ 02,2021 18:06

2021 թվականի հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգի համաձայն` ԿԳՄՍ նախարարությունը պետք է ստեղծի և վարի գործուղվող մասնագետների շտեմարան:

Այն կստեղծվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (Emiss.am)՝ որպես առանձին ենթաբաժին, որտեղ կենտրոնացված կլինեն բոլոր մարզերից հավաքագրված  տվյալները` գործուղման պահանջարկի և գործուղվելու ցանկություն ունեցող մասնագետների վերաբերյալ:

Նոր միասնական տեղեկատվական հարթակում ուսուցիչների չհամալրվող պահանջարկի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է մուտքագրեն մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումները: Սահմանամերձ կամ բարձրլեռնային համայնքներ գործուղվելու ցանկություն ունեցող մասնագետները հարթակի միջոցով կկարողանան էլեկտրոնային հայտ ներկայացնել և այդպիսով գրանցվել գործուղվող մասնագետների շտեմարանում:

ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) մասնագետները նոր տեղեկատվական հարթակի ստեղծման աշխատանքներն առաջիկայում կավարտեն, ինչից հետո այն կլինի հրապարակային:

Գործուղվող մասնագետների էլեկտրոնային շտեմարանի գործարկման ընդհանուր մոդելն ու աշխատանքի սկզբունքները ներկայացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են մարզպետարանների կրթության վարչությունների պատասխանատուները:

«Նոր կարգում բարելավումներ ենք նախատեսել սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներ գործուղվող ուսուցիչների համար` նրանց առաջարկելով աշխատավարձի հավելում և կոմունալ-կենցաղային խնդիրների լուծմանն ուղղված փոխհատուցումներ` հաշվի առնելով իրական շուկայական գները: Գործուղման քաղաքականության հիմքում դրված է մասնագետների շտեմարանի վարումը, որը թույլ կտա օպերատիվորեն լրացնել առաջացած թափուր տեղերը սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներում: Մենք նաև հույս ունենք, որ մասնագետների շտեմարանը կծառայի ընդհանրապես հանրակրթական դպրոցներում մասնագետների պահանջարկի բացի համալրմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նա նաև տեղեկացրել է, որ մանկավարժական կադրերի պահանջարկը ձևավորվում է միայն այն դեպքում, եթե մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել:

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է մշակվող հարթակի գործարկման մոդելը` նշելով, որ մարզպետարանների մասնագետների համար կկազմակերպվի նաև մասնագիտական դասընթաց: Նրանք շտեմարանում  կմուտքագրեն տվյալներ` գործուղվող մասնագետների ամբողջական պահանջարկի վերաբերյալ, որը հասանելի կլինի Emiss.am համակարգի համապատասխան ենթաբաժնում: Այսինքն` ցանկացած անձ, մուտք գործելով նշված հարթակ, կտեսնի, թե հեռավոր և բարձրլեռնային համայնքների դպրոցներում որ մասնագիտությամբ ուսուցչի թափուր հաստիքներ կան` քանի ժամ ծանրաբեռնվածությամբ, որքան աշխատավարձով, նաև կոմունալ ծախսերի և բնակվարձի փոխհատուցման համապատասխան չափերով: Ըստ այդմ` սահմանված չափանիշներին համապատասխանող մասնագետը կկարողանա էլեկտրոնային հայտ ներկայացնել` առաջարկվող թափուր տեղերից նշելով նախընտրելի դպրոցն ու հաստիքը:

Համաձայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգի` գործուղված մասնագետին լրացուցիչ կհատկացվի աշխատավարձի հավելում` 30 տոկոսի չափով, ինչպես նաև տեղափոխման տրանսպորտային ծախս նրա և  ընտանիքի անդամների համար: Գործուղված մասնագետը կստանա նաև.

գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը (նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ),

տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս․ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ),

բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի տրված սահմանաչափով (10.000-33.000 դրամ, նախկինում հատկացվել է բնակարանի վարձ` ամսական 10.000 դրամ),

կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10.200 դրամ (նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000),

վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում) կողմից՝ եռամսյակային կտրվածքով։

Տարվա մեջ առնվազն 4 անգամ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն` մասնագետների գործուղման վերաբերյալ։ Մասնագետների ընտրությունը կկատարվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (Emiss.am) ձևավորված շտեմարանից: Գործուղվող մասնագետի հետ պայմանագիր կարող է կնքվել 1 ուստարվա համար, յուրաքանչյուր մասնագետի հետ՝ առավելագույնը երկու անգամ: Ընդ որում՝ եթե թեկնածուն երեք անգամ հրաժարվում է գործուղվելու առաջարկությունից, նրա տվյալները երեք տարով հանվում են մասնագետների թեկնածուների շտեմարանից։

Հավելենք, որ նախկին կարգով` ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ, պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագետների հետ կնքված պայմանագրերն իրենց ուժը կպահպանեն մինչև 2020-2021 թ. ուսումնական տարվա ավարտը։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ    ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031