Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտամինների, իմունային խթանող դեղորայքի փոխարեն՝ առողջ սնունդ և վարքագիծ. ինչպե՞ս երեխային հեռու պահել սեզոնային շնչառական վարակներից

Մարտ 02,2021 17:58

«Երեխաս համարյա 3 տարեկան է, 3 օր մի 2 ժամով գնաց մասնավոր պարտեզ, ու շաբաթ օրվանից սկսեց քթերից հոսել, ամուսինս նույնպես նույն ժամանակ ախտանշաններ ունեցավ, այսօր արդեն նաև ես ու փոքրը (10 ամսական)։ Մանկաբույժի հետ շփվեցի, հորդորում է երեխային պարտեզ էլ չտանել, սպասել գոնե մինչև մայիս, ասում է կիսահիվանդ երեխաներին բերում են ու վարակում մնացածին։ Պարտեզի դաստիարակն ասում է՝ խմբում հիվանդ երեխա չկա, սենյակները տաք են, մուտքի մոտ ջերմաչափում ենք, հիվանդ երեխա ներս չենք թողնում». սա ընդամենը մեկ ծնողի դժգոհություն է: Սակայն անցումային եղանակին՝ հատկապես գարնանն ու աշնանը, այս խնդրի հետ առնչվում են գրեթե բոլոր՝ մանկահասակ երեխաներ ունեցող ծնողները: Պատճառն այն է, որ այս շրջանում գլուխ են բարձրացնում սուր շնչառական վարակները: Ծնողները չգիտեն՝ ինչպես վարվել՝ երեխաներին պահել այսպես ասած վակուումո՞ւմ՝ տնից դուրս չհանելով, թե՞ շարունակաբար պայքարեն վարակների դեմ:

Ավանդական բժշկությունը տարբեր եղանակներ ունի, թե ինչպես անել, որպեսզի օրգանիզմն ունենա բարձր դիմադրողականություն և սուր շնչառական վարակները կարողանա հաղթահարել: Օրինակ՝ խորհուրդ է տրվում գրիպի և հարբուխի սեզոնին անպայման մասուրի թուրմ, չրերով կոմպոտ պատրաստել երեխայի համար, շաքարի փոխարեն ավելի լավ է քաղցրացնել խմիչքը մեղրով։

Շատ օգտակար է նաև հետևյալ բաղադրիչներից կոկտեյլը` թարմ գազար, թարմ խնձոր, ծիրանաչիր, չամիչ, կիտրոն, մանրացված ընկույզ։

Աննա Մխիթարյան

Aravot.am-ը Ֆեմինի նախագծի շրջանակներում մանկաբույժ, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Անհետաձգելի բուժօգնության ծառայության բժիշկ-հերթապահ Աննա Մխիթարյանին խնդրեց որոշ խորհուրդներ տալ ծնողներին սեզոնային սուր շնչառական վարակները հաղթահարելու համար: Ծնողներից շատերը նաև չեն կողմնորոշվում՝ ի՞նչ անել, եթե երեխան մանկապարտեզ գնալով հաճախ է հիվանդանում: Մեր հարցին՝ ի վերջո, ճիշտը երեխային մանկապարտեզ չտանե՞լը, թե լավանալուց հետո կրկին մանկապարտեզ տանելն է, մանկաբույժը պատասխանեց. «Այս հարցի պատասխանը կախված է նաև նրանից, թե ինչ մանկապարտեզ են տանում, խմբերը քանի հոգանոց են: Ինչքան շատ երեխաներ լինեն խմբում, այնքան հավանականությունը մեծանում է վարակվելու: Դա կախված է նաև մանկապարտեզի՝ հիգիենան պահպանելու կանոններից. այսինքն՝ որքա՞ն հաճախ են երեխաները լվանում ձեռքերը, ինչն ամենաառաջին պայմանն է, որ հեռու մնան սուր շնչառական վարակներից, ինչպես են ձեռքերը մշակում ալկոգելով, պետք է ընդհանուր խաղալիքներից չօգտվեն: Այս բոլոր պայմանները հաշվի առնելուց հետո ծնողները պիտի հասկանան՝ տանե՞լ երեխային մանկապարտեզ, թե՞ ոչ»:

Մանկաբույժն ասաց՝ ինքն էլ ծնողներին խորհուրդ չի տալիս երեխաներին չտանել մանկապարտեզ, այլ, ընդհակառակը, հորդորում է ամեն ինչ չբարդել միայն մանկապարտեզի վրա ու հետևել տան հիգիենային, ընտանիքի անդամների հիգիենային. «Երբ ասում են՝ երեխան անընդհատ հիվանդանում է, դա հարաբերական է: ԱՀԿ-ի տվյալներով՝ տարեկան հինգ-վեց անգամ սուր շնչառական վարակներով հիվանդանալը համարվում է նորմալ. այդպես իմունիտետ է ձևավորվում: Թե չէ եթե ամեն ամիս անընդհատ երեխան հիվանդ է, այստեղ ընտանիքի գործոնն է գալիս. սխալ է ասել, որ միայն մանկապարտեզից է գալիս վարակը, պետք է ուշադիր լինել՝ արդյոք տանը պահպանվո՞ւմ են հիգիենայի կանոնները»:

Մանկաբույժը դեմ է իմունիտետ բարձրացնող վիտամիններին, դեղահաբերին: Նրա փաստմամբ՝ այդ բոլորը դեռ փորձարարական, հետազոտման փուլերում են. «Միանգամից անցնել իմունային խթանող դեղորայքին, շատ սխալ է: Պետք է առողջ սնունդ տալ երեխային, շատ հեղուկներ, միրգ, բանջարեղեն. սա ամենակարևորն է: Երեխան պետք է ուտի կանաչեղեն, ընդեղեն, միս, մեկ տարեկանից հետո՝ մեղր: Վիտամինները միայն բժշկի ցուցումով պետք է տալ երեխային»:

Աննա Մխիթարյանի վստահեցմամբ՝ բարձր իմունիտետ ունենալու համար կարևոր է նաև երեխայի մոտ ճիշտ վարքագծի ձևավորումը: Այսինքն՝ որպեսզի մանկուց երեխան սովորի, որ ամեն ինչ պետք է ուտել, առողջ սնվի, դրսում՝ արևի տակ շատ խաղա և այլն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031