ԱԺ նիստում այսօր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց նրանում, որ նոյեմբերին դատավորներին հղած վերջինիս ուղերձը կոնկրետ քաղաքական նպատակ էր հետապնդում եւ այդ ուղերձից հետո էր, որ դատավորները պաշտպանության տակ առան քաղաքական կոնկրետ շրջանակների, որոնք էլ առավել ահաբեկչական հայտարարություններով սկսեցին հանդես գալ․ «Պարզ է, որ ձեր մարտակոչը դատավորներին չէր ուղղած։ Այս ամբիոնից հանրության կրքերին եք վկայակոչում։ Դուք ի՞նչ գործ ունեք հանրության կրքերի հետ, դուք ձեր գործով պետք է զբաղվեք»։
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց․ «Իմ կոչը քաղաքական չի եղել, այլ զսպման կոչ՝ դատավորներին։ Այն, ինչ դուք եք մեկնաբանում, ինձանից լավ գիտեք դատախազության եւ ՀՔԾ-ի տեղը։ Եթե գտնում եք, որ իմ արարքում հանցակազմ կա, ապա ես չէ, որ պետք է բացատրեմ»։
Արման Բաբաջանյանը վրդովված պատասխանեց․ «Գիտեմ նաեւ, որ դատական համակարգն ինչպիսի վիճակում եք հասցրել․ այնպես եք հեղինակազրկել ձեր անմիջական աշխատանքով, որ կարծում եմ՝ ոչ դատախազությունը, ոչ քննիչները չեն ցանկանում գործ քննել՝ ձեր հանձնարարությամբ։ Ինչպես նախկինում Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանն էին հանձնարարում այս կամ այն գործի ելքը, հիմա էլ նույն դերակատարների՝ Բաղրամյան պողոտայում հավաքված ձեր անմիջական ընկերական շրջապատի, Քոչարյանի նազիր-վեզիրների հրահանգներով քաղաքական գործերն արժանանում են նույն ճակատագրին՝ ձեր մասնակցությամբ եւ ներգրավմամբ»։
Ռուբեն Վարդազարյանը նշեց՝ ձեր վիրավորական եւ սադրիչ արտահայտություններին չարձագանքելու քաղաքականություն եմ որդեգրել։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ