Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, օգտագործել եմ այդ բառակապակցությունը․ համակարգն ալեկոծված է այդ հարցադրմամբ»․ Վարդազարյանը՝ «վնգստացող դատավորների» մասին

Մարտ 02,2021 16:58

«Նոյեմբերին դուք ուղերձ հղեցիք դատավորներին, որում ասացիք՝ հայրենիքին նվիրումն ապացուցվելու է այս օրերին։ Մենք ենք պատասխանելու հարցին՝ ունե՞նք անկախ դատավորներ, թե ոչ։ Այսօր է տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած եւ դատավորներիս համար ամոթալի հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացողնե՞ր ենք, թե հայրենիքին նվիրված պրոֆեսիոնալներ․․․Խնդրում եմ պարզաբանել՝ ինչո՞վ էր պայմանավորված ձեր կոչում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի՝ վարչապետի քաղաքական խոսքին արված հղումը։ Ինչո՞ւ չսահմանափակվեցիք մասնագիտական բառապաշարով»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանից հետաքրքրվեց «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց․ «Ես որեւէ զուգահեռ չեմ տարել։ Այդ օրերին, երբ կրքերը բորբոքված էին, պարտավոր էի դատավորներին դիմել նման կոչով, որպեսզի դատարանները որեւէ կերպ չքաղաքականանան։ Սա սթափեցման կոչ էր, ոչ թե քաղաքական, ինչպես համարում են։ Իմ կոչը տեղին էր եւ արդյունավետ։ Այսօր իմ կարծիքով դատարաններն աշխատում են առավել անկախ»։

 

Մարիա Կարապետյանը հարցրեց՝ եթե կոչի նպատակը քաղաքական անկախությունն էր, ինչո՞ւ եք օգտվել քաղաքական բառապաշարից։ Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց․ «Ըստ ձեզ՝ այդ բառապաշարը հարիր չէ ԲԴԽ նախագահին։ Այո, օգտագործել եմ այդ բառակապակցությունը՝ հաշվի առնելով, որ ողջ դատական համակարգն ալեկոծված էր այդ հարցադրմամբ՝ ունե՞նք վնգստացող դատավորներ, թե ոչ։ Բազմաթիվ դատավորներ նույն հարցն ինձ են տվել։ Այսօր էլ է հարցն օրհասական եւ պարտավոր ենք ապացուցել ազգին, որ չունենք վնգստացող դատավորներ։ Ամեն ինչ պետք է անենք, որ այդ հարցն օրակարգից դուրս գա»։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հետաքրքրվեց՝ ձեր պաշտոնավարման ընթացքում քանի՞ դատավոր է ազատվել պաշտոնից։ Վարդազարյանը պատասխանեց, որ երկու։ Մակունցը հարցրեց՝ այդ թիվը բավարա՞ր է, որպեսզի մարդկանց վստահությունը դատարանների հանդեպ վերականգնվի։ Վարդազարյանն արձագանքեց․ «Գուցե բավարար է, գուցե ոչ, իրավասու չեմ պատասխանել, հարցի բնույթը քաղաքական է։ Սակայն ԲԴԽ-ն չի նախաձեռնում, այլ քննում է կարգապահական վարույթները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031