Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն կարող է Միացյալ նահանգների եւ ՆԱՏՕ-ի մեծ դաշնակիցը լինել». Արա Պապյան

Մարտ 02,2021 16:46

«Այսօր երկընտրանքը ազգայինի եւ ապազգայինի միջեւ է, ոչ թե ներկաների եւ նախկինների»,- այսօր Մատենադարանի մոտ կայացած հանդիպում-քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովրդավարական բեւեռի նախաձեռնող խմբի անդամ Արա Պապյանը` հավելելով, որ դրա այլընտրանքը կա եւ դա Ազգային ժողովրդավարական բեւեռն է: Բեւեռի անդամներն, ըստ Արա Պապյանի, իրենց վարքով են ապացուցել, որ հայրենանվեր են եւ ազնիվ:

Աշխարհաքաղաքական, տարածաշրջանային եւ ներհայաստանյան զարգացումների համատեքստում, Ազգային ժողովրդավարական բեւեռը հայտարարում է` ՀՀ-ն կարող է նոր դաշնակիցներ ունենալ, կարող է անվտանգություն ունենալ: «ՀՀ-ն կարող է Միացյալ նահանգների եւ ՆԱՏՕ-ի մեծ դաշնակիցը լինել»,- ասաց Արա Պապյանը:

Ի դեպ, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի դիրքորոշումը Արա Պապյանը քաղաքացիական է համարում. «Սա միջամտություն չէ քաղաքական կյանքին, զինված ուժերի միջամտությունը այլ կերպ է լինում»: Բանակը, Արա Պապյանի գնահատմամբ, ժողովրդավարության երաշխավորն է այսօր ու դա է պատճառը, որ այսօր դաժանությամբ չեն ցրվում նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ակտի քննադատական հավաքները: Այս համատեքստում, իշխանության, մասնավորաբար, Նիկոլ Փաշինյանի կողմից նախագահ Արմեն Սարգսյանի հասցեին հնչեցրած մեղադրանքները նա նույնպես անհիմն է համարում. «Հեղաշրջման փորձ չկա, նախագահն էլ օրենքով սահմանված իր լիազորություններն է իրականացնում: Ռազմական հեղաշրջման փորձ չկա, որ նախագահն էլ դրա մասնակիցը լինի»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հանրահավաքին էլ, Արա Պապյանն ասաց, որ ցանկացած իշխանություն կարող է հավաքել այնպիսի քանակություն, ինչքան երեկ Նիկոլ Փաշինյանը հավաքեց: Նա հիշեց`Սերժ Սարգսյանն էլ էր այդքան հավաքում: «Ճշմարտությունը երբեք քանակով չի որոշվում, որովհետեւ ճշմարտությունը բարդ է»,- ասաց նա`հավելելով, որ իշխանությունն իրականում կիսված է, բայց ինքը`իշխանությունը դա չի գիտակցում դեռ:

Բեւեռի ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանն էլ դժգոհեց, որ իրենց ուժի առջեւ «մեդիայի դռները» փակ են: Նրա գնահատմամբ, 2018-ի հեղափոխությունից ակնկալվող փոփոխությունները չեղան եւ Հայաստանում մեկ միաբեւեռ վիճակին փոխարինեց մեկ այլ միաբեւեռ վիճակը, արդյունքում`մենք կանգնած ենք լատինամերիկյան հեղափոխությունների շենին: «Սա վտանգավոր, բայց նաեւ հնարավորությունների փուլ է»,- ասում է բանախոսը`հավելելով, որ մեզ անցումային ժողովրդավարության փուլ է պետք, որը կբերի կայուն սահմանադրական վիճակի: Օրինակներ աշխարհում շատ կան, բայց իրենք կարծում են, որ Հայաստանին առավել հարմար է Իսպանիայի օրինակը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Ազգային ժողովրդավարական բեւեռի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանն էլ ասաց`Հայաստանի պետականությանը նման հարվածներ հասցրած այս կառավարությունը պետք է հեռանա, այլընտրանք չկա, մինչդեռ, «հին ու բարի ժամանակների նման մարդկանց են բերում հրապարակներ»:

Վարուժան Ավետիսյանն էլ այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իրեն արդարացնել`ամեն գնով, անգամ բանակին մեղադրելով: «Երբ այդ չքմեղագույնը հայտարարում էր`«ես ե՞մ մարտական գործողություններ վարել», ակնհայտ էր, որ նա ոչինչ չի հասկանում բանակից, պետության կառավարումից»: Ըստ նրա, բանակը մեր վերջին պատվարն է մնացել եւ պետք է ամուր կանգնել բանակի կողքին:

«Քանի դեռ անցումային արդարադատություն չենք ունեցել եւ բոլոր, այդ թվում «մարտի 1-ի» մեղավորներին պատասխանատվության չենք կանչել, անել հայտարարություններ եւ վարկաբեկել բանակին`վկայում է մեկ բան`այս մարդն իր «ես»-ից այն կողմ ոչինչ չի տեսնում»,- ասաց Վարուժան Ավետիսյանը`մեջբերելով ճապոնական ասացվածքը`«Ապակե տանն ապրողն իրավունք չունի քարեր նետել ուրիշի ուղղությամբ»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Բեւեռի մեկ այլ անդամ՝ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կարծիքով էլ, Նիկոլ Փաշինյանը մարդկանց մոլորեցնում է եւ դրա ցայտուն օրինակը երեկվա իր հայտարարությունն էր`«կեցցեն մեր զոհերը»: «Եթե նա անկեղծ է իր մոլորության մեջ, բժշկությունը այստեղ ոչնչով չի կարող օգնել»,- ասաց Տիգրան Խզմալյանը:

Մանրամասները`տեսանյութում

Բեւեռի անդամ, ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանն էլ խոսեց արտահերթ ընտրություններից, ինչի մասին երեկ նաեւ Նիկոլ Փաշինյանն էր խոսել: Ըստ նրա, այս իրավիճակում` նույն Սահմանադրությամբ, նույն պետական համակարգով, արտահերթ ընտրությունները իրավիճակ չեն հարթելու եւ մի քանի ամիս հետո այլ տեղում է «պայթյուն առաջանալու»: «Ռուս-թուրքական ցանցից պետք է դուրս գանք»,- սա է ըստ Ալբերտ Բաղդասարյանի, հիմնական լուծումը:

Մարտի 16-ից հետո բեւեռն իր պայքարն այլ որակական փուլ կտեղափոխի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031