Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման արդյունքում նախատեսվում է ԵՄ-ի կողմից աջակցություն՝ Մեծամորի ԱԷԿ-ի փակման ու անվտանգ ապագործարկման հարցում. ԻՔՄ

Մարտ 02,2021 16:31

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) տնտեսական բաղադրիչները

Փետրվարի 10-ին Եվրոպական միությունը Հայաստանին ծանուցեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վավերացման գործընթացի ավարտի մասին: Այն ուժի մեջ է մտել երեկվանից՝ մարտի 1-ից։

Համաձայնագիրը ստորագրվել էր 2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում և սպասում էր ԵՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանների կողմից վավերացմանը։

Այն նոր գործընկերային մակարդակի է բարձրացնում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության երկկողմ հարաբերությունները և կանոնակարգում է երկխոսությունը քաղաքական և տնտեսական բնագավառներում, ինչպես նաև ոլորտային համագործակցությունը և առևտրային հարաբերությունները։

Այս համաձայնագիրը, ըստ էության, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հերթական փուլն է, որն իրենից ենթադրում է երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացում ու ամրապնդում, մուտքի արտոնագրերի դյուրացում, մարդու (աշխատողների, սպառողների) իրավունքների պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդում, բիզնես միջավայրի թափանցիկություն, ժողովրդավարական հասարակության կառուցման, պետական կառավարման և մի շարք այլ ոլորտներում բարեփոխումների հերթական փուլի մեկնարկ։

Սույն հոդվածում կխոսենք այս համաձայնագրի տնտեսական բաղադրիչի մասին և կփորձենք հասկանալ, թե ինչ հնարավորություններ են ստեղծվելու հայրենի տնտեսության զարգացման համար սրա շնորհիվ։

Առևտրաշրջանառություն

2009-ից Հայաստանն օգտվում է կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+), իսկ արդեն 2014-ից Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ ՀՀ-ն ընդգրկվել էր ԵՄ վերանայված GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի նոր փուլում, որը հնարավորություն է տալիս հայկական ծագման ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

Համաձայնագրի կիրառման արդյունքում կողմերը չպետք է խտրականություն դնեն ներմուծված արտադրանքի և նմանատիպ տեղական արտադրանքի միջև։ Չնայած դրան՝ Եվրոպական միության անդամ երկրները Հայաստանից գնում են գլխավորապես հանքահումքային արտադրանք, քանի որ տեղական արտադրության ստանդարտների անհամապատասխանությունը լուրջ խոչընդոտ է այն եվրոպական սպառման շուկա հասցնելու համար։

Ի դեպ, վերջին տարիներին Հայաստանից դեպի ԵՄ անդամ երկրներ արտահանումը կտրուկ անկում է ապրել, և եթե 2018-ին Հայաստանից դեպի ԵՄ անդամ երկրներ ապրանքների արտահանումը կազմել էր 684 մլն դոլար (արտահանման 28․4 տոկոսը), ապա 2019-ին այս ցուցանիշը նվազեց ավելի քան 100 մլն դոլարով՝ 583 մլն դոլար (22․1 տոկոս), իսկ արդեն նախորդ տարի Հայաստանը ԵՄ անդամ երկրներ է արտահանել մոտ 430 մլն դոլար արժեքով հայկական արտադրանք, որը կազմում է արտահանման ընդամենը 16․9 տոկոսը։

Որպես օրինակ նշենք, որ հայկական կոնյակի դեպքում համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց 24 տարի հետո Հայաստանում կարգելվի «կոնյակ» անվանումով խմիչք արտադրել, փոխարենը՝ այդ ժամանակահատվածում ԵՄ-ն կօգնի հայկական կոնյակ արտադրողներին վերաբրենդավորման գործընթացն ավարտին հասցնել և նոր անվանումով կոնյակը ազատ մուտք կունենա ԵՄ շուկա։

Հիշեցնենք, որ այս պահին հայկական կոնյակը «կոնյակ» անվանմամբ արտահանվում է նախկին ԽՍՀՄ անդամ երկրներ, իսկ ԵՄ արտահանելու համար օգտագործվում է «բրենդի» անվանումը։

Սա նշանակում է, որ ստանդարտների ներդրումն ու համաձայնագրի ստեղծած հնարավորությունների համատեղումը փոքր ու միջին բիզնեսին եվրոպական շուկայում մրցունակ ու պահանջված արտադրանք հասցնելու մեծ հնարավորություն է տալիս։

Համաձայնագիրը ենթադրում է նաև ֆինանսական, տրանսպորտային, էներգետիկ և միջուկային անվտանգության ոլորտներում համագործակցության խորացում։

Ֆինանսներ

Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանին՝ ապահովելու Կենտրոնական բանկի անկախությունը և գների կայունությունը, կայուն պետական ֆինանսները և արտարժույթի փոխանակման դրույքաչափի կայուն համակարգն ու վճարային հաշվեկշիռը։
Համաձայնագրի շնորհիվ կողմերը պետք է բարելավեն միջազգային համագործակցությունը նաև հարկային ոլորտում, դյուրացնեն հարկային եկամուտների հավաքագրման գործընթացը, իրականացնեն հարկային ոլորտի թափանցիկություն և հարկային արդար մրցակցությանն ուղղված բարեփոխումներ։ Կողմերը պետք է ձգտեն ընդլայնել համագործակցությունը տրանսֆերային գնագոյացման և հակաօֆշորային կարգավորման հարցերում։

Տրանսպորտ

Կողմերը պետք է ընդլայնեն և ամրապնդեն տրանսպորտի ոլորտում իրենց համագործակցությունը՝ կայուն տրանսպորտային համակարգերի զարգացմանը նպաստելու նպատակով, խթանեն արդյունավետ, ապահով և անվտանգ տրանսպորտի աշխատանքը, ինչպես նաև փորձեն ընդլայնել իրենց տարածքների միջև հիմնական տրանսպորտային հաղորդակցության ուղիները։

Համագործակցությունը միտված է նաև ուղևորների և ապրանքների տեղաշարժի բարելավմանը՝ մեծացնելով տրանսպորտային հոսքերի անընդհատ երթևեկությունը, խթանելով միջսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայությունը՝ վարչական, տեխնիկական և այլ տեսակի խոչընդոտները վերացնելու միջոցով, ընդլայնելով գոյություն ունեցող տրանսպորտային ցանցերի շահագործումը և զարգացնելով կողմերն իրար կապող հիմնական ենթակառուցվածքները։

Կողմերի միջև փոխադարձ առևտրային կարիքներին հարմարեցված օդային տրանսպորտը պետք է համակարգված զարգանա և աստիճանաբար ազատականացվի։

Միջուկային անվտանգություն

Համաձայնագրի կիրառման արդյունքում նախատեսվում է ԵՄ-ի կողմից աջակցություն՝ Մեծամորի ԱԷԿ-ի փակման ու անվտանգ ապագործարկման հարցում, ինչպես նաև փոխարինող հզորությունների զարգացում։

Հաշվի առնելով այն փաստը, որ Մեծամորի ատոմակայանի մասնաբաժինը հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ կազմում է մոտ 40 տոկոս՝ դրա փակումը լուրջ էներգետիկ խնդիրների առջև կկանգնեցնի Հայաստանին։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և ատոմակայանի փոխարինման անհրաժեշտությունը՝ համաձայնագիրը նախատեսում է նաև դրա փոխարինման գործողությունների պլանի հնարավորինս շուտ ընդունում։

Այլ կերպ ասած՝ համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է հնարավորինս կարճ ժամկետներում ատոմակայանի հզորություններին համարժեք էներգիայի նոր աղբյուրների ստեղծում։

Մեծամորի ատոմակայանի անխուսափելի փակման և դրան փոխարինող էներգիայի աղբյուրների ստեղծման կարևորության մասին կարող եք կարդալ հետևյալ հղումով։

Ամփոփելով՝ փաստենք, որ համաձայնագրի վավերացումն ու կիրառումը հնարավորություն է տալիս ապագայում տնտեսության մի շարք ոլորտներում իրականացվելիք բարեփոխումների շնորհիվ առավել սահուն ինտեգրվել Եվրամիության տնտեսական բլոկին։

Սևադա ՂԱԶԱՐՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031