Aravot.am-ի զրուցակիցն է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
-Տիկին Զոհրաբյան, իր վերջին հարցազրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններին՝ լինեն դրանք արտահերթ, թե հերթական, անպայմանորեն մասնակցելու է և մասնակցելու է առանձին։ Այսօր Դուք հայտարարեցիք, որ չեք հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ազատ և արդար ընտրություն անցկացնել:
-Բացարձակ որևէ հակասություն չկա Ծառուկյանի և իմ հայտարարությունների միջև։ Մարտի 1-ին, Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը վարչական ռեսուրսի, իշխանական և օլիգարխիկ բոլոր լծակների աննախադեպ գործադրում էր և անգամ այդ դեպքում նա կարողացավ հրապարակ բերել ընդամենը 22-23 հազար մարդ և սա ես համարում եմ Նիկոլի հերթական պարտությունը։
Ինչ վերաբերում է Ծառուկյանի հայտարարությանը, այո, «Բարգավաճ Հայաստանը», որն ունի հանրային աջակցություն՝ չի կարող չմասնակցել առաջիկա ընտրական գործընթացներին և դաշտը թողնել բացառապես Փաշինյանին և իր գրպանում ծվարած կուսակցություններին։
Կարդացեք նաև
Այլ հարց է, որ ես մնում եմ իմ վստահ համոզմանը, որ ընտրություններում՝ լինեն դրանք հերթական, թե արտահերթ, Նիկոլ Փաշինյանը գործադրելու է վարչական հնարավոր և անհնար լծակները, ինչի ականատեսը մենք եղանք մարտի 1-ին։
– Տիկին Զոհրաբյան, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել հուշագիր Փաշինյանի հետ, ինչը ենթադրում է, որ «Լուսավոր Հայաստանը» Փաշինյանի հրաժարականի դեպքում չի առաջադրի վարչապետի թեկնածու և խորհրդարանը կգնա ինքնալուծարման։ Ի՞նչ դիրքորոշում ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
– Այդ հարցի վերաբերյալ ես արդեն ասել եմ, որ խմբակցությունում որևէ քննարկում չի եղել և այս պահին խմբակցության տեսակետ ներկայացնել չեմ կարող։ Երկրում ստեղծված է աննախադեպ ծանր իրավիճակ, որը պիտի անպայմանորեն հանգուցալուծվի և պիտի անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ հանգուցալուծումը լինի քաղաքական ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է երկիրը պերմանենտ ցնցումների մեջ պահելու և քաղաքական օրակարգը խեղաթյուրելու համար, հասարակությանը շարունակում է պահել միմյանց հանդեպ թշնամանքի գեներացիայով և եթե այս իրավիճակը շատ արագ չհանգուցալուծվի, մենք կորցնելու ենք Հայաստանի պետականությունը։ Ստեղծված ծանր իրավիճակը բոլոր քաղաքական ուժերից պահանջում է առավելագույն զգոնություն և ադեկվատ լուծումներ։
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ