«Պատմությունն է դա ցույց տալիս՝ Նիկոլ Փաշինյանի որեւէ հայտարարություն չկա, որ առնվազն մեկ-երկու փաստ դրա տակ չունենա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ որպես ապացույց, թե Սերժ Սարգսյանի հրամանները կատարող ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մասին խոսքերն էլ ունեն հիմքեր:
Լրագրողները հարցրեցին՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը հարցադրում է հնչեցնում՝ եթե կարողանում էիք այսպես ավտոբուսներով մարդիկ բերել հրապարակ, ինչո՞ւ պատերազմի օրերին չկարողացաք մոբիլիզացում իրականացնել, ինքը ծրագիր է տվել Փաշինյանին, որի 11-րդ կետը հենց մոբիլիզացիային է վերաբերվում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Սեյրան Օհանյանը պետք է որ արդեն շատ շուտվանից տարբերություն տեսներ միտինգի եւ բանակ գնացողի մեջ: Մենք բանակում չենք ունեցել մարդկանց խնդիր, ունեցել ենք կռվելու ու այն տեխնոլոգիաներով, որը մեր դեմ օգտագործվել է, անհավասար երկրների հետ մարտնչելու խնդիր: Սեյրան Օհանյանը եւ մյուսները զերծ չեն եղել լուծումներ տալու: Կոնկրետ ռեալ առաջարկի դեպքում չի խոչընդոտվել որեւէ լավ բան անել»:
Խոսելով կիսանախագահական համակարգի անցնելու Փաշինյանի հայտարարության մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ այն միություններում, որոնց մենք անդամակցում ենք, նախագահների հավաք է լինում. «Ժամանակը ցույց է տալիս, որ պրակտիկայում այս կառավարման համակարգը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում»: Հարցին՝ մեկ տարի առաջ կիսանախագահական համակարգից բողոքում էր, հիմա ի՞նչ ճգնաժամի մասին է խոսում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ իդեալական համակարգ չկա. «Ենթադրենք, երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը չի, մեկին պաշտոնից ազատելու հարց է դնում ու փաստացի չի լինում, ինչ-որ վակուում է առաջանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ