Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի արձագանքը 44-օրյա պատերազմի ընթացքում հայամետ եւ հայանպաստ էր. Ստեփան Գրիգորյան

Մարտ 02,2021 14:57

«Մեր հասարակության համար կարեւոր են պոզիտիվ օրակարգեր: Այո, լարված է իրավիճակը, բայց ի՞նչ ենք լսում. ինչ-որ ուժեր, նախկիններ, քննադատում են գործող իշխանություններին, ամենափիս խոսքերն են ասում, իշխանությունն էլ փորձում է արդարանալ: Կարծում եմ, Հայաստանին հիմա դա պետք չէ: Հայաստանին պետք է տեղափոխվել կառուցողական դաշտ: Օրինակ, նույն ԵՄ-ի հետ օրակարգերը փորձել իրականացնել»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» ՀԿ-ի ղեկավար Ստեփան Գրիգորյանը`պատասխանելով հարցին`Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կանդրադառնա՞ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կատարման վրա:

Հիշեցնենք, ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտվեց, այն մարտի 1-ից լիարժեք ուժի մեջ է մտնում:

Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ այլ հարցերում էլ, օրինակ, Արցախի, շատ անելիքներ կան եւ կարեւոր է, որ հասարակության քննարկումներում հայտնվեն հարցեր`ի՞նչ պետք է անենք, որպեսզի ճգնաժամից դուրս գանք:

2018-ի ապրիլին, երբ ՀՀ-ն վավերացրեց համաձայնագիրը, այն հնարավոր էր 80 տոկոսով իրագործել, մինչեւ ԵՄ երկրների կողմից վավերացումը: Ստեփան Գրիգորյանն այս համաձայնագրի իրականացման հետաձգումը ՀՀ կառավարության կողմից բացատրում է նախ համավարակով, ապա պատերազմով, բայց նաեւ հետհեղափոխական շրջանում չի զգացել, որ նոր կառավարության համար այս համաձայնագիրը շատ կարեւոր է: Նա հիշեցնում է ավիացիայի հետ կապված խնդիրը, որը պատերազմի շրջանում սկանդալի վերածվեց, նաեւ կառավարությունը կոռուպցիայի դեմ համալիր պայքար չտարավ: Արդյունքում աշխատանքները շատ դանդաղ ընթացան, իսկ այժմ էլ, ըստ բանախոսի, այլ օրակարգերով խանգարում են կառավարությանը`«պոզիտիվ օրակարգեր իրականացնելու համար»:

Ստեփան Գրիգորյանը կարեւորում է, որ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը գրեթե պատրաստ է: Այս առնչությամբ նա ընդգծում է քաղհասարակության դերը:

Անդրադառնալով բուն համաձայնագրին, բանախոսը կարեւորում է Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացումը եւ գազային կախվածության թուլացումը: ՀՀ-ԵՄ համաձայնագրով սահմանված է Հայաստանում արեւային էներգետիկայի զարգացումը. Շիրակի մարզում եւ Վայոց ձորում ծրագրերը սկսված են, արեւային կայաններն աշխատում են: Նախատեսվում է հասնել նրան, որ 15 տոկոս ապահովում ունենանք հենց արեւային էներգետիկայի հաշվին եւ Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ, դա միանգամայն իրատեսական է:

Այսպիսով, ըստ բանախոսի, ՀՀ-ի ԵՄ-ի միջեւ սերտ համագործակցությունն ընթանում է, նաեւ համավարակով պայմանավորված մեծ աջակցություն է ՀՀ-ն ԵՄ-ից ստացել, այլ հարց, որ փորձագետների գնահատմամբ, կարող էր ավելի ինտենսիվ աշխատանք ընթանալ եւ այս համատեքստում, գնդակը կառավարության դաշտում է: «ԵՄ-ն ունի նախապատվություններ, որոնցով մեզ կաջակցեն եւ աջակցում են»,- ասաց Ստեփան Գրիգորյանը, իբրեւ օրինակ նշելով նույն արեւային էներգոկայանների կառուցման ծրագրերը, որոնք կարող են ավելի շատ լինել:

Արձագանքելով 44-օրյա պատերազմի ընթացքում ԵՄ-ի զուսպ արձագանքին, ինչը օբյեկտիվորեն հանգեցրել է եվրոպական արժեքների նկատմամբ հիասթափության, Ստեփան Գրիգորյանը հիշեցնում է, որ համաձայնագրում Արցախի հարցին վերաբերվող կետ կա, որը սահմանում է, որ հարցի կարգավորումը ԵՄ-ն տեսնում է խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում`հիմնվելով տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա: «Բայց, ԵՄ-ն մեծ կառույց է, բավական իներցիոն եւ հաճախ շատ արագ չի արձագանքում ու հաշվի առնելով նաեւ, որ մեր դիվանագիտությունը բավական պասիվ էր աշխատում պատերազմի ժամանակ, պարզ է, որ իրենք չգիտեին, թե ինչ է կատարվում: Բայց այն հայտարարությունը, որը երեք շաբաթ առաջ արվեց ԵԽ-ի կողմից, այդ մակարդակի հայտարարություն նույնիսկ մեր խորհրդարանը չի արել»,- ասաց բանախոսը` հավելելով, որ հստակ ամրագրված է Հայաստանի նկատմամբ իրականացված ագրեսիան, վարձկանների ներմուծումը եւ այլն: Եվրոպայի արձագանքը Ստեփան Գրիգորյանը համարում է «հայամետ եւ հայանպաստ»:

Նաեւ նկատում է, որ ռուսական ազդեցությունն է բավական մեծ Հայաստանում, թերեւս դա է պատճառներից մեկն էլ, որ Եվրոպայի դրական արձագանքը շատերը չեն բարձրաձայնում. «Էլ չեմ խոսում, որ պատերազմի ժամանակ Ֆրանսիայի նախագահը աջակցություն հայտնեց, նաեւ զենքով էր պատրաստ աջակցել»:

Ստեփան Գրիգորյանը նաեւ հավելում է, որ վերջերս տեղի է ունեցել ԵԱՀԿ միջխորհրդարանական համաժողովի նիստ, որտեղ Հայաստանը ներկայացնող պատգամավորները ելույթներ չեն ունեցել եւ պատերազմյան իրականությունը չեն ներկայացրել, մինչդեռ Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց տեսակետը առաջ են մղել: Ուստի, ըստ նրա, ամեն ինչ մեզնից է կախված եւ պետք չէ այլոց վրա բարդել մեր մեղքերը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031