«Կարելի է ընդդիմությանը ասել, որ բերում է իր աշխատողներին: Իշխանությանը մեղադրել, որ պետական ռեսուրս է օգտագործում, հետո ասել՝ չի տիրապետում պետությանը: Որ պահին ինչ հարմար է՝ կարելի է ասել: Բայց կա մի պարզ ճշմարտություն՝ երբ որ հրապարակում կանգնած ժողովուրդը միասնական լույս է վառում, վանկարկում՝ Նիկոլ վարչապետ ու խոսել, որ ՔՊ գրասենյակը, ենթադրենք, կազմակերպել է իր համակիրների տեղափոխումը A կետից B կետ, ու դա համարել վարչական ռեսուրսի օգտագործում՝ անլուրջ է »,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսպես բացատրեց երեկվա հանրահավաքին վարչական ռեսուրսի օգտագործման քննադատությանը:
Դիտարկմանը, որ ձայնագրություններ կան՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ենթադրենք աշխատանքային ժամին է եղել եւ ի՞նչ: Աչքիս մենակ նախկիններին է ներելի, մեզ ներելի չէ: Այո, կազմակերպվել է ինչ-որ մարդկանց տեղափոխում, բայց դա անվանել վարչական ռեսուրսի կիրառում՝ կլինի միայն այն պարագայում, երբ ՊՆ-ի, ԱԺ-ի, ոստիկանության ավտոբուսը ուղարկենք ՔՊ-ի համակիր բերելու»:
Նա ասաց, որ պետք է ամրագրել, որ բոլոր հարցումներով վարչապետ Փաշինյանը ունի տասնապատիկ ավելի վարկանիշ, քան ողջ ընդդիմադիր ուժերը իրար հետ վերցրած:
Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչական ռեսուրսի կիրառման հետ կապված հայտարարեց. «Ես ամաչում եմ իմ նախկին ընդդիմադիր գործընկեր Փաշինյանի փոխարեն, որ նա հասել է նրան, որ ավտոբուսներով, վարչական ռեսուրսն օգտագործելով՝ մարդ են բերում հրապարակ, դա ամոթալի է: Ես ամաչում եմ իր համար»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ