Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի՝ աղմուկ հանած նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել, որոնք բուռն են եղել:
Aravot.am-ը զրուցեց նախագծի համահեղինակներից ԱՀ ԱԺ պատգամավոր, Արցախի Արդարություն կուսակցության անդամ Մետաքսե Հակոբյանի հետ:
«Համահեղինակ բառն ասելուց առաջ նշեմ, որ ես գաղափարին ընդհանուր համաձայն եմ եղել, մեր քննարկումները եղել են բանավոր, բայց գրավոր առաջարկ եմ ներկայացրել մեր հանձնաժողովի նախագահին, որտեղ ասել եմ, որ նոր խմբագրության հետ համամիտ չեմ, որովհետև կարծես հավասարություն եմ տեսնում լեզուների մեջ, երբ ասում ենք պաշտոնական հայերեն եւ ռուսերեն»,-ասաց տիկին Հակոբյանը:
Նա հավելեց, որ առաջարկել է օրենքի բուն ձեւակերպումը մնա, սակայն այնտեղ ավելացվի «կարող է հայերենի հետ մեկտեղ օգտագործվել նաեւ ռուսերենը» նախադասությունը. «Այդ ձեւով ռուսերենն ավելի շատ աշխատանքային կարգավիճակ է ստանում,քան պաշտոնական»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է կայացած հանրային քննարկմանը, ԱՀ ԱԺ պատգամավորն այս մասին էլ նշեց. «Այսօրվա հանրային քննարկումը ավելի ակտիվ էի պատկերացնում, սակայն, իմ տպավորությամբ ավելի պասիվ էր, բայց ամեն դեպքում բուռն էր: Կային մարդիկ՝ մեկ-երկու հոգի, որոնք հակառակվում էին զուտ հակառակվելու համար եւ մինչեւ վերջ էլ մնացին իրենց կարծիքին, ըստ իս՝ չհիմնավորված կարծիքին, որովհետեւ անընդհատ տանում են նրան, որ եթե ռուսերենը աշխատանքային լեզու ես դարձնում զուտ պաշտոնական հարաբերությունները կարգավորելու համար, ապա պետք է հաշվի առնել մեր ժողովրդի մենթալիտետը՝ մեր ժողովուրդը սիրում է այլ ուղղությամբ գնալ: Ես այդ կարծիքի հետ համաձայն չեմ:
Այս պարագայում օրենքը բացարձակ կապ չունի, եւ մենք ավելի շատ քաղաքացիական հասարակության ձեւավորման խնդիր ունենք, որով պետք է զբաղվել եւ այդտեղ օրենքով չի կարգավորվում որեւէ հարց: Տարբեր կարծիքներ հնչեցին, եղան եւ կողմ, եւ դեմ կարծիքներ, եղավ նաեւ կարծիք, որ պետք է իրավիճակը հստակ գիտակցելով ընդունել այնպիսի որոշում, որը կբխի Արցախ եւ ազգի շահերից»:
Մետաքսե Հակոբյանն ընդգծեց. «Ես հակառակվողներին հատուկ նշել եմ, թե ինչո՞ւ ոգեւորությամբ չեն հակառակվում այն փաստին, որ այսօր թուրքերի հետ միասին գրած կրթական չափորոշիչները մտան մեր իրականություն, սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետությունում մտնելու են շրջանառության մեջ, ու բնականաբար անխուսափելի է լինելու նաեւ դրանց մուտքը Արցախ: Ինչո՞ւ դա ասացի, որովհետեւ ինձ բացարձակ դուր չեկան, երբ քննարկման ժամանակ նույնիսկ միտք հնչեց, որ մենք այսկերպ փորձում ենք հաճոյանալ ռուսական կողմին: Համենայն դեպս, իմ ներկայությունը որպես համահեղինակ, պետք է հիմք հանդիսանար, որ հաճոյանալու խնդիր չկա, ոչ իմ դիրքորոշումը, ոչ իմ պահվածքը երբեք թույլ չեն տվել այդպես մտածել:
Եվ այսօր, եթե անհանգստացնում է այդ մարդկանց օրենքի նախագծում մի փոքր շտկում կատարելը, ապա շատ ուզում եմ նրանց հետ քննարկել այն չափորոշիչների կիրարկումը, որը սեպտեմբերից կսկսվի, որը գրվել է թուրքերի հետ համատեղ: Թող այդ հարցի շուրջ սկսեն աղմուկ բարձրացնել: Այսօր Հայաստանի իշխանությունները շեղել են այդ կարեւորագույն փաստից, հայտնվել ենք պարտվածի կարգավիճակում, պարտվել ենք մի երկրի, որի հետ համատեղ չափորոշիչներով մեր երեխաները պետք է կրթվեն: Այս աբսուրդի մասին ինչո՞ւ չեն բարձրաձայնում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մետաքսե Հակոբյանի լուսանկարը՝ Արցախի ԱԺ ֆեյսբուքյան էջից