Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը առավոտյան զանգել է Մարուքյանին ու կանչել հանդիպման. վաղը հանդիպելու են

Մարտ 02,2021 14:04

Այսօր առավոտյան«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին է զանգահարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վաղը նրանց հանդիպումն է տեղի ունենալու՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցելու համար:

Հարցին՝ առանց որեւէ պայմանի պատրա՞ստ եք հուշագիր կնքել ու գնալ ընտրությունների՝ Մարուքյանը պատասխանեց, որ հուշագիր ստորագրելն արդեն պայման է, ընդդիմությունն էլ ունի նախապայման. «Մարտահրավերներ նետել, բան…գիտեք, հայ ազգը մի մարտահրավեր ուներ, վարչապետի գլխավորությամբ գնաց այդ մարտահրավերին ու ջախջախիչ պարտություն կրեցինք: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, վարչապետը առաջարկել է հանդիպում՝ քննարկելու բոլորի առաջարկները: Ես համաձայնություն եմ տվել: Երբ որ կհանդիպենք, կքննարկենք, ինչ եզրահանգում կլինի՝ դուք կիմանաք: Բայց մինչ այդ վարչապետը նաեւ հայտարարել է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ստորագրություններ է հավաքել ու գնացել է այդ քայլին՝ Սերժ Սարգսյանի հրահանգով, ես ապացույցներ եմ պահանջել վարչապետից: Այդ ապացույցները պետք է հրապարակվեն, ես պնդում եմ: Բա՞ն է ասել՝ պետք է ապացուցի»:

Հարցին՝ ձեր համար ի՞նչ է փոխվում, եթե չապացուցի՝ նա պատասխանեց. «Մեր համար փոխվում է այն, որ մեր երկրի ղեկավարը ժողովրդին հրապարակում հավաքում է, մի քանի մլն հայության առաջ եթերում հայտարարում մի բան, որ իրականությանը չի համապատասխանում: Ապացույց եմ ուզում: Ես դեմ եմ բանակի նման ձեւով գլխատմանը: Եթե հիմքեր կան, պետք է ներկայացվի: Թե չէ վաղը մյուս օրը կարող է ասի՝ Արարատ Միրզոյանը Սերժ Սարգսյանի հետ բան է խոսացել ու Արարատին էլ հանեն գործից: Հետո ասի՝ Ալեն Սիմոնյանն է խոսացել, իրեն էլ հանեն: Հետո ասի՝ Լենա Նազարյանն է խոսացել»:

Մարուքյանն ասաց, որ ինքը դեմ է ընտրությունները օրերով հետ գցելուն, կողմ է, որ հենց հիմա լինեն ընտրություններ: Մեր հարցին՝ բա առաջ ասում էիք՝ եթե հիմա արտահերթ ընտրությունների գնանք, արյունահեղություն կլինի, հիմա ի՞նչ եղավ՝ Մարուքյանը պատասխանեց. «Արյունահեղություն հիմա առանց ընտրություն է լինելու, եթե չեղավ ընտրություն: Օր առաջ պետք է լինի: Ամեն օր երկրում հղի են բախումներ: Մեր ժողովրդի պահանջն է օր առաջ անել ընտրություններ»:

Հարցին՝ հիմա վարչապետի հետ հանդիպմանը բոլոր մտահոգությունները բարձրացնելո՞ւ եք, թե՞ գնաք սուրճ խմեք ու հետո դուրս գաք ասեք՝ մտահոգությունները փարատվեցին՝ Մարուքյանը պատասխանեց, որ նախորդ անգամ սուրճ խմելը այլ կերպ մեկնաբանվեց:

Երբ հարցրեցին՝ հիմա բանակի՞ն եք հավատում, թե՞ Փաշինյանին՝ նա պատասխանեց. «Ես Աստծուն եմ հավատում»:

Թե ինչու է Փաշինյանն ուզում սահմանադրական փոփոխություններ անել ու անցնել կիսանախագահական կառավարման համակարգի՝ Մարուքյանն իր բացատրությունն ունի. Փաշինյանը չի ուզում ԱԺ պատգամավորներից կախվածության մեջ լինել. «Ուզում է կտրվի կախվածությունից ու ունենա առաջնային մանդատ: Բայց անեծք կա Հայաստանում՝ ով Սահմանադրություն է փոխել իր համար՝ չի մարսել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031