Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտական գործողությունների ընթացքում ես առաջին հերթին զինվոր էի՝ նշում է բժիշկը

Մարտ 02,2021 13:59

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Պատերազմին մասնակցելը բժիշկ-մարտիկի համար պարտք էր խղճի առաջ

«Սեպտեմբերի 30-ին երեկոյան արդեն Ստեփանակերտում էի, չէի պատկերացնում որ քաղաքն այդքան ոչ կենսունակ է: Կյանքը պարզապես սառել էր…»,- պատմում է Վազգեն Հայրյանը:

Պատերազմի մասնակից ապագա բժիշկներին բժշկական բուհում հատուկ ակնածանքով են վերաբերում: Վազգեն Հայրյանը Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող է: Մարդասիրական մասնագիտությունն ընտրած երիտասարդը նախքան պատերազմի մեկնարկը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում որպես կամավոր էր աշխատում անցած տարվա ապրիլից՝ պայքար մղելով համավարակի դեմ, օգնելով ավագ գործընկերներին:

Չարաբաստիկ պատերազմի մեկնարկի առաջին օրվանից նա դեպի Ստեփանակերտ ուղևորվելու տարբերակներ էր մտածում:
Վազգեն Հայրյանը ծնվել է Աբովյան քաղաքում, բայց արմատներով Արցախից է:

Աբովյանից բեռնատարի վարորդի կողքին նստելով ուղևորվեց Արցախ:

Դեռևս չունենալով հստակ ծրագիր, թե որտեղ է կատարելու իր մարդկային և մասնագիտական պարտքը, բենզալցակայանում պատահաբար զրույցի է բռնվում մի տղայի հետ, որը պարզվում է իր ծառայակից ընկերոջ մեծ եղբայրն է: Այդպես նա տեղափոխվում է Արցախի պաշտպանության բանակի չորրորդ պաշտպանական շրջան (Ասկերան), առաջնագիծ՝ դիրքերը չլքելով և ոչ մի օր, սեպտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 18-ը:

Անհրաժեշտությունից ելնելով տարաբնույթ բուժօգնություն է ցուցաբերել վիրավորներին, դուրս բերել խրամատներից:
«Մարտական գործողությունների ընթացքում ես առաջին հերթին զինվոր էի»,- ընդգծում է բժիշկ-մարտիկը:

Պատերազմի մասին խոսելիս ավելորդ բառեր շռայլել չի սիրում: Պատասխանելով այն հարցին, թե ինչն իրեն մղեց դեպի առաջնագիծ նշում է. «Դա պարտք էր սեփական խղճի առաջ»:

Առ այսօր իրեն զանգահարում են վիրավոր տղաները, որոնց օգնել է, զինակից ընկերները: Ցավով է նշում, որ պատերազմում մասնագիտական հմտություններն առավել կատարելագործվեցին, փոխվեցին առաջնահերթությունները:

Սրտաբանի փոխարեն որպես նեղ մասնագիտացում Ընդհանուր բժշկության ֆակուլտետի սովորողն ընտրելու է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի պահանջված մասնագիտությունը:

Չի բացառում, որ հնարավորության դեպքում կշարունակի մասնագիտական գործունեությունը Արցախում: Վազգեն Հայրյանը 2008-ից 2010 թվականներին զինվորական ծառայություն է անցել Արցախի ՊԲ-ում: 2011 թվականին ընդունվել է ԵՊԲՀ:

Ամուսնացած է, ունի 6 -ամյա դուստր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031