Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը:
Գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին էր ներկայացրել միջնորդություն հետաձգել դատական նիստը: Որպես պատճառաբանություն նա դատարանի դահլիճում ներկայացրեց Արմեն Գևորգյանի առողջական վիճակը ու հայտարարեց. «Փետրվարի 28-ին՝ կիրակի օրը, Արմեն Գևորգյանն ուներ առողջական խնդիրներ, երեկ երեկոյան ունեցել է ջերմություն, և դա է պատճառը, որ այսօր առավոտյան նա անցել է բժշկական զննություն ու նրա մոտ ախտորոշվել է սուր շնչական օրգանների հիվանդություն: Այսօր առավոտյան նա հանձնել է նաև COVID-19 թեստ: Ուստի խնդրում եմ նշված պատճառաբանությամբ հետաձգել դատական նիստը»:
Նախագահող դատավորը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ թեստ չի հանձնել ավելի վաղ: Պաշտպանը պատասխանեց, քանի որ միայն երեկ երեկոյան է Արմեն Գևորգյանը ջերմություն ունեցել: Պաշտպանը վստահեցրեց՝ հաջորդ դատական նիստին կներկայացնեն նաև թեստի պատասխանը:
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հորդորեց նախագահող դատավորին չբավարարել Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը ու հայտարարեց. «Խնդրում եմ պաշտպանի պատճառաբանությունը հիմնավոր չհամարել, քանի որ փաստաթղթեր չեն ներկայացվել»:
Կարդացեք նաև
Էրիկ Ալեքսանյանն արձագանքեց. «Մենք ներկայացրել ենք COVID-19 թեստի մասին ապացույց: Բոլորս հասկանում ենք, որ նման թեստ հանձնելն ինքնանպատակ լինել չի կարող: Բժշկական զննություն անցնելու փաստի վերաբերյալ փաստաթղթերը կներկայացվեն հաջորդ դատական նիստին»:
Աննա Դանիբեկյանը որոշեց՝ ամբաստանյալի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 9-ին՝ ժամը 13.00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ