Երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետեւանքով կյանքից հեռացել է մի շարք երգերի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը: Սոսին խոսքեր է հեղինակել հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչների հիթերի համար` Շպռոտ` «Եղիր Ազատ», H.A.Y.Q.` «Մի պատմություն», Էմմի` «Boom-Boom», Արծվիկ` «Դու մնա» եւ այլն… Նա նաեւ վերջին շրջանի ամենասիրված երգերից մեկի` Սեւակ Խանաղյանի «Արցախ» ստեղծագործության խոսքերի հեղինակն է:
Աշխարհի համար դու հարց չլուծված,
Մեզ համար պարգև, որ տվեց Աստված,
Մեր արյուն արցունք ու մեր հաղթանակ,
Արցախ հայի տուն, մեր պայքար շիտակ։
Քեզ համար մի օր մենք ելանք մարտի,
Խաչով ու զենքով, որ բարին հաղթի,
Որ հավատքը քո նոր ուժով զարկվի,
Որ ոսկին շողա, ցորենը արտի․․․
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` երեկ՝ մարտի 1-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երեւանում:
Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանը իր վարած «Mercedes Տ400» մակնիշի 11 ՍՍ 071 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել աղջիկ հետիոտնի:
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երեւանի 1-03 շտապօգնություն եւ օգնել էր օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Սակայն, ցավոք, Սոսիի կյանքը փրկել չի հաջողվել: Նա ընդամենը 35 տարեկան էր…