Երկրում տեղի ունեցող իրադարձություններին հետևելիս առաջին միտքը, որ գալիս է, դեժավյուի զգացողությունն է: Իրադարձությունները կրկնվում են, մարդկանց խոստանում են, որ լավ են ապրելու, բայց, մեծ հաշվով, երկրի բնակչության մեծ մասի կյանքում այդպես էլ ոչինչ չի փոխվում: Խոսելով դեժավյուի, վերջին երեսուն տարիներին որպես պետություն տեղում անընդհատ դոփելու զգացողության մասին՝ Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ասում է՝ ես երեսուն տարի և մի քիչ ավելի շատ կասեի:
«Կարծում եմ, որ այստեղ կա մտածողության մի շատ կարևոր հանգամանք՝ այդպես էլ չորոշեցինք, թե մենք ի՞նչ ենք ուզում կառուցել: Ուզո՞ւմ ենք պետություն կառուցել, թե՞ ուզում ենք հայկական գաղութ կառուցել ինչ-որ մի երկրի կազմում, ինչ սկզբունքներով ու արժեքային համակարգով ենք առաջնորդվում: Իմ կարծիքով՝ այստեղ ամենամեծ խնդիրն արժեքային համակարգն է: Մեզ համար մարդու կյանքը ամենակարևոր բանը չէ: Ընդ որում, դա ոչ թե ինչ-որ քաղաքական ուժերի սկզբունքն է, մոտեցումը, այստեղ ավելի շատ մշակութային որոշակի բաց կա: Մենք փառաբանում ենք մահը, մեր կենցաղի մեջ նույնիսկ հաճախ մահը օգտագործում ենք որպես դրական երևույթ՝ «մեռնեմ ջանիդ», «մեռնեմ քեզ» և այլն: Կյանքը, որպես այդպիսին, մեզ համար արժեք չէ: Գուցե նաև հենց այդ պատճառով է, որ մշտապես այդքան շատ զոհեր ունենք: Որևէ գործողություն կատարելուց առաջ չենք մտածում մարդկային կյանքերի մասին: Նույնիսկ այս վերջին իրադարձությունների՝ պատերազմի ժամանակ, եթե առաջնորդվեինք սկզբունքով, որ մեզ համար ամենամեծ արժեքը կյանքն է, ո՛չ այդքան զոհ կունենայինք, ո՛չ էլ այդքան տարածքային կորուստներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բաբայանը: Ընդգծում է՝ կարևոր է հասկանալ, թե ինչ ասել է պետություն:
«Կարծում եմ՝ մշակութային գործիչներն այս հարցում պետք է կարևոր դերակատարում ունենան: Երբ խոսում ենք արժեքային համակարգի մասին, ապա պետք է ընդգծել՝ այն հաստատում է մշակույթը: Մշակույթն է միավորում մարդկանց, հաստատում է մարդուն որպես բարձրագույն արժեք: Այն կառուցում է կամուրջներ, ոչ թե այրում է դրանք: Բայց շատերն ավելի հաճախ մշակույթն ընկալում են որպես ժամանց: Գնացինք, ժամանակ անցկացրեցինք, ուրախացանք և վերջ: Իրականում մշակույթը մեզ մարդ է դարձնում, դրա միջոցով սկսում ենք ճանաչել աշխարհը, իսկ հետո աշխարհի միջոցով սկսում ենք ճանաչել ինքներս մեզ: Այս պրոցեսները մեկը մյուսից անջատ չեն: Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի մշակույթի, արվեստի գործիչը չդառնա գործիք քաղաքական ուժերի ձեռքին:
Իմ օրինակով կարող եմ ասել՝ երբ փորձում ես բարձրաձայնել քո կարծիքը, սկսում են քեզ պիտակավորել, ընդ որում՝ տարբեր կողմերից: Քանի որ հասկանում են քեզ ոչնչացնելը շատ կարևոր է իրենց նպատակներին հասնելու համար, առավել ևս, եթե ունես որոշակի ազդեցություն հասարակության գոնե մի փոքր մասի վրա: Բայց պետք է համարձակ լինել՝ հանուն ինչի՞ ենք մենք այս ամենն անում և արդյունքը ո՞րն է լինելու: Անպայման պետք է մտածենք արդյունքի մասին: Բզկտված հասարակությունով երբևիցե չենք կարողանա պետություն կառուցել:
Կարդացեք նաև
Լուսինե ԱՌՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։