«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր ԱԺ լիագումար նիստում դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին, որն ավելի վաղ իշխանությանն ուղղված քննադատությամբ եք հանդես եկել, հիշեցրեց, որ Աբովյանը դեռեւս նախորդ տարվանից ԵԱՀԿ խորհրդարանական վերաժողովում հայկական պատվիրակության երեք անդամներից մեկն է եղել։
«Մինչեւ այսօր 14 առցանց քննարկում ենք ունեցել տարբեր հարցերի շուրջ։ Պարոն Աբովյան, դուք 14 անգամ հնարավորություն եք ունեցել Ադրբեջանի պատվիրակների հետ բանավիճելու, բարձրաձայնելու արցախյան հարցի խնդիրներ։ Ոչ մի անգամ չեք մասնակցել։ Ես քարտուղարությանը հանձնարարել էր, որպեսզի առցանց քննարկումների բոլոր հղումներն ուղարկվեն մասնակիցներին։ Դուք ոչ մի անգամ չեք մասնակցել եւ ոչ մի անգամ ադրբեջանցիներին իրենց տեղը չեք դրել, ինչպես հիմա փորձում եք մեզ մեր տեղը դնել»,-նշեց Հայկ Կոնջորյանը։
Նա հայտնեց, որ օրերս կայացավ նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը․ «Դուք ասացիք, որ մասնակցելու եք, կարող էիք ադրբեջանցիների աչքերի մեջ նայելով՝ գերիների հարցը բարձրաձայնել, բայց չմասնակցեցիք»։
Արման Աբովյանն այսպես արձագանքեց․ «Աչքիս շատ եք սիրում ադրբեջանցիների աչքերին նայել, լիքը նայել ու ինչ-որ բաներ ասել։ Ձեր խմբակցությունում երկու մարդիկ կան, որոնք շատ լավ են տեղյակ ադրբեջանական քարոզչության դեմն առնելու հարցերում մեր աշխատանքից, մանիպուլյացիա մի արեք։ Կարո՞ղ է տեղյակ չեք, որ երկրում ծանրագույն ճգնաժամ է։ Տեղյակ եմ պահում։ Երբ մեղադրանք եք հնչեցնում, իմացեք՝ ձեզանից ավելի շատ եւ ուժեղ ենք ասում ադրբեջանցիներին։ Եթե որեւէ մեկին հետաքրքիր է, հատ-հատ կներկայացնեմ մեր պատգամավորների քրտնաջան աշխատանքը գերիների հարցով, եւ դա նամակներով է, ոչ թե վեբինարներով։ Չշահարկեք՝ մտքներովդ չանցնի»։
Կարդացեք նաև
Հայկ Կոնջորյանն էլ իր հերթին պատասխանեց․ «Ձեր հուժկու ելույթից հետո ստիպված եմ արձանագրել, որ կասկածի տակ չեմ դնում ձեր աշխատանքը։ Ասում եմ, որ երբ մեղադրում եք մեզ անգործության մեջ, հիշեցնում եմ, որ դուք առանցքային պատվիրակության հիմնական անդամ եք եւ մեկ տարում ոչ մի անգամ ձեր կարեւոր մտքերը չեք արտահայտել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ