Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավորինս սեղմ ժամկետներում՝ մայիս-հունիս ամիսներին, նշանակել սահմանադրական փոփոխությունների կամ նոր սահմանադրության ընդունման հանրաքվե. «Արդար Հայաստան»

Մարտ 02,2021 11:48

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. մարտի 1-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ չի բացառվում, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով կընդունվի նոր Սահմանադրություն կամ Սահմանադրական փոփոխություններ և կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը կդառնա հնարավոր տարբերակներից մեկը:

Բացի այդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե խորհրդարանական ուժերը համաձայնվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն՝ իրենք նույնպես կհամաձայնվեն:

2020թ. նոյեմբերի 10-ին, 《Արդար Հայաստան》֊ը՝ դեռևս որպես հանրային նախաձեռնություն, առաջինն էր, որ հանդես եկավ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ Հայատանի վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հայտարարությունից հետո հասունացող քաղաքական ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն ու միայն քաղաքական համակարգի ամբողջական ու ինստիտուցիոնալ վերափոխման արդյունքում։

Հայտարարությամբ նշվել էր, որ այդ նպատակին հասնելու համար գործող քաղաքական իշխանությունը պարտավոր է ձեռնարկել ու ներկայացնել ժամանակացույց՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, առաջիկա վեց ամիսների ընթացքում անցկացնել սահմանադրական փոփոխություններ, վերականգնել կիսանախագահական կառավարման համակարգը, որից հետո կազմակերպել նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

Հարկ է արձանագրել, որ գործող իշխանությունն, ըստ էության, համաձայնել է վերը նշված բոլոր առաջարկություններին, այն է՝ հրապարակել է ճանապարհային քարտեզ, իսկ այժմ խոսում է կառավարման համակարգի փոփոխության և արտահերթ ընտրությունների մասին: Ընդամենը ժամանակացույցն է որոշակիորեն փոխվել:

«Արդար Հայաստան» կուսակցության ծրագրում հստակորեն նշված է, որ պետականաշինության ներկա փուլում, ելնելով երկրում պետական կառավարման արդյունավետության բարձրացման հասարակական պահանջից, անհրաժեշտ է վերականգնել կիսանախագահական կառավարման համակարգը։

Նկատի ունենալով վերը նշվածը՝ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը՝ հորդորելով իշխանություններին հնարավորինս սեղմ ժամկետներում՝ մայիս-հունիս ամիսներին, նշանակել սահմանադրական փոխոխություների կամ նոր սահմանադրության ընդունման հանրաքվե՝ վերականգնելով կիսանախագահական կառավարման համակարգը, որից հետո հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ վեց ամիս անց նախագահական ընտրություններ:

«Արդար Հայաստան» կուսակցությունը մեկ անգամ ևս հորդորում է բոլոր քաղաքական ուժերին ճակատագրական այս պահին դրսևորել խոհեմություն, իրավիճակի սթափ վերլուծություն՝ Հայաստանը զերծ պահելով քաղաքացիական պատերազմից ու քաղաքական կատակլիզմներից։

Խորապես համոզված ենք, որ մեր ժողովուրդն այս օրհասական պահին կդրսևորի իմաստնություն ու բարձր գիտակցություն՝ իրավիճակը հաղթահարելու համար։

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031