Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ ներողություն խնդրեք, որ արհամարհել եք, կամ էլ եթե ոչ, պետք է հրաժարական տաք»․ Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին

Մարտ 02,2021 11:40

«Դուք սովորական պատգամավոր չեք, այլ ԱԺ նախագահ, եւ նման հարցերում պարտավոր եք անաչառ լինել։ Եթե որոշում կար, որ խորհրդի նիստը պետք է բոյկոտվի, որպեսզի չկայանա ընդդիմության օրակարգով արտահերթ նիստը, ապա դուք նվազագույնը պետք է ներկայանայիք, բացեիք նիստը եւ իրազեկեիք մեզ՝ որպես ԱԺ նախագահ»,-խորհրդարանի լիագումար նիստում այսօր անդրադառնալով այն փաստին, որ օրերս ռազմական դրության չեղարկման հարցով ԱԺ խորհրդի նիստը չկայացավ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Բայց դուք ձեր պարտականությունները չեք կատարում, պարոն Միրզոյան։ Ես նաեւ չեմ տեսնում ձեր դերակատարումը երկրում ստեղծված ճգնաժամի համատեքստում ձեր անելիքների հետ կապված։ Օրինակ, դուք ի՞նչ դեր ունեք այս ճգնաժամից դուրս գալու հարցում։ Դուք երրորդ պաշտոնյան եք այս երկրի։ Օրակարգից դուրս հարց ենք տալիս, ջղայնանում եք․․․կամ ներողություն խնդրեք ԱԺ-ի 1/5-րդից, որ արհամարհել եք, կամ էլ եթե ոչ, պետք է հրաժարական տաք, որովհետեւ դուք ձեր առաքելությունը չեք իրականացնում»,-նշեց Էդմոն Մարուքյանը։

Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Ես ձեզ համառորեն խորհուրդ կտայի ավելի շատ մտածել սեփական պարտականությունների մասին եւ զերծ մնալ իմ պարտականությունների՝ ձեր կողմից ներկայացումից։ Առաջարկում եմ անկեղծ ջանք գործադրել իրավիճակի հանգուցալուծման համար։ Նաեւ ձեր ջանքը գործադրեք եւ զերծ մնացեք նման գնահատականներից։ Չեմ կարծում, որ ձեր՝ հենց նոր հնչեցրած առաջարկն ուղղված էր հանգուցալուծմանը։ Հակառակ տպավորություն ունեմ՝ փոքրիկ բարդություն ավելացնելու փորձ արեցիք»։

Էդմոն Մարուքյանն արձագանքեց․ «Հետաքրքիր բան եք ասում։ Ես ձեզ ասում եմ, որ նիստին չեք ներկայացել, դուք ինձ խորհուրդ եք տալիս․․․ինչո՞ւ չեք եկել խորհրդի նիստին։ Անկեղծ պատասխանեք, թե ինչու եք ձեր չներկայանալով սրել առանց այդ էլ լարված վիճակը»։

Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Իմ պարտականությունների կատարումը ես իրականացնում եմ պատշաճ կարգով։ Խորհրդի նիստին չներկայանալը նաեւ իմ իրավունքներից է։ Գուցե առողջական, գուցե քաղաքական, գուցե այլ նկատառումներից ելնելով՝ չեմ մասնակցել։ Դուք չեք կարող նման հարցադրում անել եւ ակնկալել, որ դա իմ պարտականությունն է»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ իր հերթին հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունն արդեն իսկ առաջարկել է լարվածության թեթեւացմանն ուղղված քայլ, սակայն «Իմ քայլը» չի ներկայացել ԱԺ խորհրդի նիստին․ «Չեմ հասկանում, դուք որոշել եք, որ խորհրդարանն «Իմ քայլի» «դուքյա՞նն» է․․․ առավոտից իրիկուն դուք եք լարվածությունը խորացնում»։

Ապա «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հարցրեց․ «Հիշում եք չէ՞, որ մենք էլ ենք ձեզ ընտրել ԱԺ նախագահ․․․այդ դեպքում ինչո՞ւ եք արհամարհական ձեզ պահում այն խմբակցությունների հանդեպ, որոնք եւս ընտրել են ձեզ։ Այս հարցում ձեր պատասխանատվությունն ընդդիմության հանդեպ ավելի մեծ է, քան իշխանության հանդեպ»։

Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Ինչ-ինչ, բայց ինձ արհամարհական վերաբերմունքի մեջ մեղադրելը տեղին չէ։ Ես նման վարքագիծ ջանում եմ չդրսեւորել։ Բայց եթե որեւէ կերպ իմ պահվածքում նման նշաններ եք զգացել, ներողություն եմ խնդրում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031