ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ղեկավարած ընկերությունը 2008 թ. նախագահական ընտրություններին չեզոքություն պահպանելու համար ճնշումների է ենթարկվել: Նա իր ֆեյսբուքյան էջում նախօրեին բարձրաձայնել էր, որ 2008-ի մարտի 1-ին, երբ ինքը մեծ ընկերության գործադիր տնօրեն էր, լքել է Հայաստանը, քանի որ հանդգնել էր չենթարկվել քաղաքական ճնշումներին ու ընտրական պրոցեսում չսատարել հակաժողովրդական ուժերին։ Քերոբյանը նշել էր, թե այն մղձավանջը, որի մեջ հայտնվել են քաղաքական չեզոքության համար, դժվար է նկարագրել։
Թե ինչ խնդիրներ է բիզնեսի համար նախկինում ստեղծվել եւ ինչ է փոխվել հեղափոխությունից հետո՝ պարզել ենք՝ զրուցելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ:
– Պարո՛ն Քերոբյան, եթե չեմ սխալվում, առաջին անգամ եք խոսում նախկինում ձեր ընկերության դեմ եղած քաղաքական ճնշումների մասին. ի՞նչն է առիթ հանդիսացել այդ մասին բարձրաձայնելու:
– Ճիշտն ասած, իմ ընկերների շրջապատում երբեք չեմ թաքցրել, բոլորն են տեսել, թե 2008 թ. իմ ղեկավարած «Սթար» ընկերությունը ինչ ճնշումների է ենթարկվել, որովհետեւ հրաժարվել ենք որեւէ քաղաքական գործընթացի մեջ ներքաշվել: Շատ մեծ ճնշումներ ունեցանք հարկային մարմինների կողմից եւ ոչ միայն: Այն ակտը, որն ընկերության դեմ եղավ, ստորագրել էին հարկային մարմնի 120 աշխատակիցներ: Գաղտնիք չէ, որ մինչեւ հեղափոխությունը բիզնեսի վրա շատ են եղել ճնշումներ եւ թափանցիկ աշխատողի համար շատ դժվար է եղել շահութաբեր աշխատելը: Մենք նույնիսկ հիմա ենք դա զգում, երբ փորձում ենք ընկերությունների համար ապահովել ավելի լավ ֆինանսավորման միջոցներ, շատ քիչ են այն ընկերությունները, որոնք թափանցիկ պատմություն ունեն: Դա է եղել բիզնես մոդելը նախկին Հայաստանում՝ մղել բիզնեսներին ոչ օրինական դաշտ, որ հետո նաեւ «պատանդ» վերցնեն նրանց:
Կարդացեք նաև
– Առհասարակ նախկինում բիզնեսը քաղաքական առումով ի՞նչ խնդիրներ է ունեցել, շատ էր խոսվում մենաշնորհների մասին, դիտավորյալ բիզնեսի փակման էին տանում:
– Երբ ուզում էիր աշխատել օրենքով՝ միշտ հայտնվում էիր ոչ մրցունակ վիճակում: Այն մարդիկ, ովքեր թաքցնում էին հարկերը եւ կիսվում էին ուրիշների հետ, կարելի է ասել, ստանում էին անարդար մրցակցային առավելություն եւ դա եղել է Հայաստանում բիզնես անելու հիմնական մոդելը. հարկերը բարձր էին, իսկ քիչ հարկեր վճարելու եւ մի մասը ուրիշին տալու շնորհիվ դու ստանում էիր ոչ մրցակցային առավելություններ ու կարողանում էիր ջարդել մրցակցին: Այդպես էլ ձեւավորվում էր մենաշնորհների մի մասը: Մյուս խանգարող հանգամանքն այն էր, որ ուղղակի ադմինիստրատիվ լծակներով կարող էին բիզնեսը փակել:
Հեղափոխությունից հետո հովանավորչությունը վերացել է: Մեծ բիզնեսը նույնպես ազատություն է ստացել, որովհետեւ իրենց այլեւս ոչ ոք չի մղում անօրինական գործողության: Բոլորի համար միջավայրը դարձել է էապես ավելի անկաշկանդ, մրցակցային: Կան խնդիրներ, դրանք փոքր չեն եւ հիմնական խնդիրն այն է, որ օրենքները հարմարեցված են եղել հին համակարգով աշխատելու համար: Այսինքն՝ օրենքներում կան բազմաթիվ կամայական որոշումներ կայացնելու հնարավորություններ: Ճիշտ է՝ հիմա կոռուպցիա չկա, բայց կան շատ խոչընդոտներ, եւ մենք հիմա փորձում ենք որքան հնարավոր է մեծ արագությամբ այդ խոչընդոտները վերացնել:
– Պարո՛ն Քերոբյան, նախարար դառնալուց հետո հայտարարել եք, որ ձեր առջեւ խնդիր եք դրել 2021 թ. երկնիշ տնտեսական աճ ապահովել, սակայն հունվար ամիսը արդեն իսկ մեծ անկմամբ ենք (7.5 տոկոս) սկսել. ի՞նչ եք կարծում, հնարավոր կլինի՞ հասնել այդ երկնիշ աճին:
– Մենք ակնկալում էինք, որ հունվարը պետք է վատ լինի, այստեղ ոչ մի անակնկալ մեզ համար չկար: Փետրվարն էապես տարբեր կլինի: Կարծում եմ, փետրվարին արդեն շատ մոտ կլինենք 0-ին, իսկ մարտից արդեն կունենանք դրական տնտեսական ցուցանիշներ: Մեր խնդիրն է կրկնել 2019 թվականը կամ փոքր-ինչ բարելավել ցուցանիշները:
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: