Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի աջակիցն ադմինիստրատիվ ռեսուրսն է, ուրեմն Սերժ Սարգսյանն ավելի շատ «աջակիցներ» ուներ. Արմեն Մարտիրոսյան. «Հրապարակ»

Մարտ 02,2021 11:08

Հարցազրույց 2018-ին Կանադա տեղափոխված «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ

– Հետեւո՞ւմ եք Հայաստանի իրադարձություններին, ԳՇ հայտարարությունը համարո՞ւմ եք ռազմական հեղաշրջման փորձ։ Նման որակում է տվել Նիկոլ Փաշինյանը։

– Այնտեղ հեղաշրջման փորձ, որպես այդպիսին, չեմ տեսնում։ Իհարկե, քաղաքական գնահատականներ են հնչեցվում ԳՇ-ի կողմից, բայց դա ներկա իրավիճակում սպասելի է։ Դա հեղաշրջման փորձ չի կարող համարվել այն պատճառով, որ դեռեւս որեւէ զինվոր չի շարժվել իր զորանոցից, քաղաքում որեւէ տեխնիկա գոյություն չունի։ Գենշտաբի գեներալներն ինչպես նստած եղել են, այնպես էլ շարունակում են։ Եվս մի յուրահատկություն․ մենք սովորական իրավիճակում չենք գտնվում, տարիներ շարունակ շատ ենք զգուշացրել, որ այն զենքը, որը գնում է Ադրբեջանը, բացառապես Հայաստանի դեմ պատերազմելու համար է։ Նախորդ եւ ներկա իշխանությունները շատ վատ կառավարիչներ եղան, մեղմ ասած, եթե չասենք, որ պետության նկատմամբ դավաճանություն է եղել, ակնհայտ է, որ այս իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը, բանակն առանցքային դերակատարում է ունենում։ Եվ կարելի է ասել՝ պետությունը բանակ է, բանակը՝ պետություն, որովհետեւ 91թ․ Հայաստանի անկախության հռչակումից հետո բանակն է պահել հայոց պետականությունը։ Ուստի բանակը պետք է դիտարկենք ոչ թե որպես սովորական պետական կառույց, այլ մեր պետականության ողնաշար։ Եվ այդ հայտարարությունը, կարծում եմ, տեղին էր, սթափեցնող, եւ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Նա նույնիսկ չի զգում, որ ինքը պետության ղեկավար է, որ պատասխանատու է՝ սկսած պետության ներսում եղած իրավիճակից, վերջացրած շատ վտանգավոր հակամիտինգներ հրավիրելով։ Ի դեպ, 18 թվականին Նիկոլ Փաշինյանը 1 ժամվա ընթացքում իր հայտարարությամբ կարողանում էր հարյուր հազարավոր մարդկանց հավաքել տարբեր վայրերում, այդ թվում նաեւ՝ ԱԺ շենքի մոտ, հիմա մենք տեսանք, որ իր այդ կոչին, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» տվյալների, 10 հազար մարդ է մասնակցել, որից առնվազն 2 հազարը քաղաքացիական հագուստով ոստիկաններն են, ըստ շրջանառող լուրերի՝ մի քանի հարյուր մարդու տարբեր օլիգարխներ են բերել, պետական կառավարման համակարգն է, պատգամավորներ՝ իրենց օգնականներով, հանձնաժողովներով, նախարարություններով։ Այսինքն՝ եթե այս տրամաբանությամբ ենք նայում, ուրեմն Նիկոլ Փաշինյանին հասարակությունը չի աջակցում։ Ու, ավելին, նրա աջակիցն ադմինիստրատիվ ռեսուրսն է, ուրեմն Սերժ Սարգսյանն ավելի շատ «աջակիցներ» ուներ, որովհետեւ ինքը հանրապետության հրապարակ էր լցնում։ Եվ այս պարագայում Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի հղում անել ժողովրդին, որովհետեւ ժողովուրդը չի ցանկանում ո՛չ Նիկոլ Փաշինյանին, ո՛չ էլ կարծեք թե առանձնապես 17-ին։

– Սերժ Սարգսյանն ասում է՝ այս խզբզվածքն իմ պրոյեկտը չէ։

– Սարգսյանն այնքա՜ն բաներ է ասել, ասել է՝ 2013-ի եւ 2008-ի ընտրություններում ես հաղթել եմ, կեղծիք չի եղել։ Ասում էր նաեւ, որ այնտեղ կանայք ու երեխաներ կային։ Նախ, երեխաներ Ռադիոտան շենքում չկային։ Երկրորդ․ Ռադիոտունն էլ ոստիկանությունից մի 500 մետր էր հեռու։ Առաջին իսկ հրամանի դեպքում, ընդամենը 5 րոպեի ընթացքում կարող էին հանգիստ բերման ենթարկել, քանի որ լրիվ օրինական հիմքերն ունեին գործողություն կատարելու։
Իսկ Սարի թաղում երեխաներ չկայի՞ն։ Մարտի 1-ին։ Կամ՝ համալսարանում դռները բաց ընդունեցին Նիկոլ Փաշինյանին, ի տարբերություն 13 թվականի, որտեղ ախալքալաքցիների զորքն ուղիղ եթերում ոստիկանության հետ ընդդիմության համակիրների նկատմամբ բռնություն կիրառեց։ Մենք արդեն տեղեկություն ունեինք, որ ԵՊՀ-ի ղեկավարությունը՝ ամբիոնների վարիչներ, դեկաններ, ուսանողներին ասում էին՝ գնացեք, ձեր իրավունքները պաշտպանեք, ի տարբերություն 2013-ի։ Կամ՝ օլիգարխների աշխատակիցների գալը հրամաններով, մինչդեռ նախկինում սա արգելված էր։ Մենք լուսնից չենք իջել, ճանապարհ անցել ենք, տեսել ենք՝ իշխանությունն իրեն ինչպես է պահում, երբ իր կողմից կազմակերպված հավաք չի լինում։ Եվ իշխանությունները շատ գեղեցիկ խաբեցին հասարակությանը ու Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով՝ ըստ էության համակարգն ամբողջությամբ պահպանեցին։ Վաղը չէ, մյուս օրը հները եթե իշխանության գան, ասելու են՝ եթե բան լիներ, հենա՝ Նիկոլ Փաշինյանը կբացահայտեր։ Սա՝ մեկ, եւ երկրորդ՝ տեղի ունեցավ «ընդդիմություն» հասկացության լայնածավալ փչացում, որովհետեւ էլի մատուցելու են, որ Նիկոլն էլ էր ընդդիմադիր, տեսա՞ք՝ եկավ ի՞նչ արեց, որ մնացածն ինչ անեն։ Բայց նա ոչ թե ընդդիմադիր է եղել, այլ երկար ժամանակ իշխանության կողմից ներդրված ական։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031