Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետի հայտարարությունը իրավական հիմքեր չունի՝ սուտ մատնություն է

Մարտ 02,2021 11:30

Հրամկազմը կամ զինված ուժերը նպատակ չեն ունեցել պետական իշխանությունը զավթելու կամ դիկտատուրա հաստատելու

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարական կազմի կամ գեներալիտետի փետրվարի 25-ի հայտնի հայտարարությունը բուռն քննարկման առարկա է դարձել ոչ միայն հանրապետությունում, այլեւ դրան արձագանքել են նաեւ արտերկրի պետությունները եւ միջազգային կառույցները: Օրինակ, ԵԽՎՎ-ն անընդունելի է համարել գլխավոր շտաբի հայտարարությունը` վարչապետի հրաժարականի պահանջի վերաբերյալ, ՌԴ-ն խնդիրը համարել է տվյալ պետության ներքին գործը, Թուրքիան վրդովմունք է հայտնել եւ սատարել վարչապետին, եւ այլն:

Հայաստանի վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ, որ զինված ուժերը կատարել են ռազմական հեղաշրջման փորձ, միաժամանակ որոշում է կայացրել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու մասին եւ Սահմանադրության 133-րդ հոդվածի կարգով առաջարկություն ներկայացրել ՀՀ նախագահի հաստատմանը:

Փորձենք դիտարկել տեղի ունեցածը. պետական իշխանությունը զավթելու նպատակով ռազմական հեղաշրջման փո՞րձ է, թե՞ ոչ:

Ի՞նչ է ռազմական հեղաշրջումը

Նկատենք, որ յուրաքանչյուր հեղափոխություն՝ լինի բուրժուական, սոցիալիստական, ռազմական, գունավոր, վարդերի, թե թավշյա, դա ինչ-որ անձանց խմբի կողմից նպատակ է հետապնդում բռնություն գործադրելով գործող իշխանությանը հեռացնել եւ հերթափոխել նրանց:

Որպես կանոն, նրանց գործողությունները խախտում են օրենքները եւ սահմանադրական կարգը: Ի տարբերություն մյուս հեղափոխությունների, ռազմական հեղափոխության կամ հեղաշրջման դեպքում, գործողությունները ղեկավարում են միայն զինվորականները կամ զինված ուժերը եւ իրենց վերահսկողության տակ են վերցնում պետության գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունները: Այնուհետեւ հաստատվում է ռազմական դիկտատուրա եւ հատուկ ռեժիմ:

Ռազմական դիկտատուրան պետության ղեկավար է նշանակում բարձրաստիճան զինվորականին, փոխվում է ազգային սահմանադրությունը եւ ընդունվում են կոշտ օրենքներ: Դիկտատուրայի դեմ քննադատությունները դիտվում են քաղաքական հանցագործություն, ըստ որում` այլախոհների նկատմամբ գործադրվում են կտտանքներ ու բռնություններ, նրանց առեւանգում, ձերբակալում, ազատությունից զրկում են, եւ այլ պատիժների ենթարկում:

Հիշյալ գործողությունների ուղեկցմամբ պետական իշխանությունը զավթելը ճանաչվում է ռազմական հեղաշրջում կամ ռազմական հեղափոխություն:

Իշխանությունը յուրացնելը կամ զավթելը ՀՀ քրօրի 300 հոդված

Տվյալ հանցագործության անմիջական օբյեկտը համարվում է ՀՀ քաղաքական հիմքը, այդ թվում՝ պետական իշխանության լեգիտիմությունը, պետական իշխանության մարմինների գործունեության, սահմանադրությամբ նախատեսված կարգը:

Հանցագործության օբյեկտիվ կողմը արտահայտվում է հետեւյալ բնույթի գործողություններով. սահմանադրության խախտմամբ բռնությամբ, իշխանությունը զավթելը կամ բռնությամբ իշխանությունը պահելը, բռնությամբ սահմանդրությունը փոփոխելը:

Ռազմական հեղաշրջումը կամ պետական իշխանության յուրացնելը համադրենք հայտնի հայտարարությանը

Ռազմական հեղաշրջումը կամ պետական իշխանությունը զավթելը հանցագործության առանձնահատուկ, բնորոշող հետեւյալ տարրերը, եթե համադրենք ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարական կազմի տարածած հաղորդագրության հետ, ապա նկատվում է, որ այդ գործողությունը ռազմական հեղաշրջման կամ պետական իշխանությունը զավթելը հանցագործության տարրեր եւ հատկանիշներ չեն պարունակում, այսինքն, հրամկազմը կամ զինված ուժերը նպատակ չեն ունեցել պետական իշխանությունը զավթելու կամ դիկտատուրա հաստատելու եւ որեւէ հակասահմանադրական կամ հակաիրավական գործողություններ չեն կատարել, այլեւ պետական շահերից ելնելով, հայրենիքը փրկելու համար իրենց կարծիքն են արտահայտել` պահանջելով ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը:

Ըստ այդմ, զինվորականների կամ զինված ուժերի կողմից ռազմական հեղաշրջման փորձ կատարելը արարք տեղի չի ունեցել: Հետեւաբար, ՀՀ վարչապետի հայտարարությունը իրավական հիմքեր չունի (կամ սուտ մատնություն են, որին պատկան մարմինները պետք է գնահատական տան) եւ նպատակ է հետապնդել ստեղծված ճգնաժամը ավելի բարդացնելու համար:

Այդ պարագայում ռազմական հեղաշրջման փորձ կատարելու հիմքով գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու մասին վարչապետի հրամանագիրը նույնպես անօրինական է:

Կարծում եմ` զինվորականնների հիշյալ հայտարարությունը նաեւ չի կարող ճանաչվել ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ մասում` «ՀՀ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն» ամրագրման չարաշահում,
քանզի ՀՀ սահմանադրության 42 հոդվածի` «Կարծիքի արտահայտման ազատություն» առաջին մասում շեշտադրված է. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք…»:

Ինչպես ակնկալվում էր, հանրապետության նախագահն իր սահմանադրական լիազորությունների շրջանակում գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարանին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու հրամանագրի նախագիծը առաջարկություններով հետ է վերադարձրել: Վարչապետը առարկությունները համարում է անհիմն եւ ժամեր անց հայտարարել է, որ նախագահի որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը եւ կրկին ուղարկում է հանրապետության նախագահին` ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Ի՞նչ է սպասվում հակադիր այս գործողություններից հետո

Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված է. «Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունները, ապա հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է ՍԴ»:

Իսկ նույն հոդվածի 3-րդ մասում ամրագրված է. «Եթե հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասի սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտը ուժի մեջ է մտնում իավունքի ուժով»:

Համոզված եմ, որ հանրապետության նախագահը, ով ինտելեկտուալ, զարգացած եւ բազմափորձ անձ է, գործելով անաչառ եւ օբյեկտիվ, իր հետ ուղարկած ակտը կուղարկի ՍԴ:

Հավելում. նկատվում է, որ վարչապետը եւ նրա թավշյա խումբը հակված են ժողովրդին տանելու բախումների եւ անկարգությունների, ուստի կոչ եմ անում ժողովրդին եւ քաղաքական ուժերին զգոն լինել եւ չտրվել այդ սադրանքներին, իսկ վարչապետի եւ կառավարության հրաժարականին հասնել սահմանադրական ճանապարհով:

Սերգեյ ԱԲՈՎՅԱՆ
իրավաբան

«Առավոտ» օրաթերթ
02.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Իսկ եթե զինվորականները ,,հունից,,դուրս գան և իսկապես հեղաշրջում անեն?և ռազմական հեղաշրջման վերը նշված մեթոդները կիրառեն՝վարչապետը մտածում է այդ մասին…:Թե հենց այդ էլ ուզում է?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031