Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է հասնել նաև նրան, որ մարդասիրական խնդիրները Ադրբեջանն ու Ռուսաստանը չդարձնեն քաղաքական շահարկման առարկա. Արթուր Սաքունց. «Ժամանակ»

Մարտ 02,2021 09:52

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հայտարարեց, թե Ադրբեջանը բոլոր գերիներին վերադարձրել է, մնացյալ անձինք դիվերսանտ են և ահաբեկիչ: Ալիևն ըստ էության բարձրացնում է հարցի քաղաքական գինը: Պատահակա՞ն է, որ դա անում է Հայաստանում ներքաղաքական լարման աստիճանի աննախադեպ բարձրացմանը զուգահեռ:

Այն, որ աշխարհում և հատկապես Ադրբեջանում, Թուրքիայում և նաև Ռուսաստանում ուշադրությամբ հետևում են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ միանշանակ է: «Միաժամանակ որպես վերջին ագրեսիան սանձազերծած պետություն, նրա աջակից Թուրքիան, ինչպես նաև այս պատերազմական գործողությունների դադարին նպաստած Ռուսաստանի Դաշնությունը շատ լավ գիտակցում են, թե պատերազմի այս ծանր հետևանքները ինչ նշանակություն ու ազդեցություն ունեն ներքաղաքական իրադարձությունների վրա։ Նաև՝ նոյեմբերի 9-10-ի գիշերը տեղի ունեցած հարձակման փաստի ուժով։ Իմ համոզմամբ՝ իրենք ժամանակ առ ժամանակ նման հայտարարություններով ստեղծում են գործիքներ Հայաստանի ներքաղաքական իրադարձություններում որոշ սուբյեկտների համար, որպեսզի օգտագործեն իրավիճակն էլ ավելի լարվածության մեջ պահելու համար»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ ՀՀ իշխանություններն ունեն հստակ պարտավորություն հանրությանը պատշաճ իրազեկելու իրենց կողմից իրականացվող քայլերի մասին: «Ի դեպ, պետք է նշել, որ միջազգային մարդասիրական իրավունքը պահանջում է անմիջական երկխոսություն։ Ես ինչքան հասկանում եմ, Ադրբեջանի հետ ուղղակի երկխոսություն գոյություն չունի։ Նաև պետք է միջազգային կառույցները ներգրավվեն, որպեսզի նման հռետորաբանությունը բացառվի։ Հայտնի չէ նաև, թե միջազգային կառույցների հետ ինչ աշխատանք է իրականացվում՝ նկատի ունեմ ԵԽ-ն, ԵՄ-ն, ՄԱԿ-ը, Մինսկի խմբի անդամ մյուս երկու պետությունները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Ի՞նչ է արվում, որպեսզի այդ մարդասիրական խնդիրները պատշաճ ուշադրության կենտրոնում գտնվեն, նաև՝ արդյունավետ քայլեր կատարվեն այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Պետք է հասնել նաև նրան, որ մարդասիրական խնդիրները Ադրբեջանն ու Ռուսաստանը չդարձնեն քաղաքական շահարկման առարկա։ Իսկ թե Հայաստանի քաղաքական ուժերը ինչ չափով են տուրք տալիս այդ մանիպուլյացիաներին՝ արդեն իրենց բարոյական պատասխանատվության մակարդակի մասին է վկայում»,- եզրափակեց Արթուր Սաքունցը։

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031