Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ «հաղթանակած» Էրդողանն ու Ալիեւը սարսափում են Հայաստանում իշխանափոխության մտքից

Մարտ 02,2021 11:00

Արցախի մասին Պուտինի խոսքն ու քայլերն ուղղված են Էրդողանին, իսկ Էրդողանինը՝ Պուտինին

Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այս անգամ, երբ հայտարարվեց, որ նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը, դրանից առաջ՝ ՌԴ նախագահ Պուտինը Անվտանգության խորհրդի հետ օպերատիվ խորհրդակցություն հրավիրեց:

Հիշեցնենք, որ երեք երկրների փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խումբը զբաղվում է Լեռնային Ղարաբաղում տնտեսական հարցերով եւ տրանսպորտային կարգավորումներով։ Աշխատանքային խումբը կազմվել է համաձայն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ հունվարի 11-ին ստորագրված հայտարարության։ Հանդիպումից մեկ օր առաջ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլը Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների խաթարման վտանգ չի տեսնում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Կրեմլի խոսնակը նշել է, որ չնայած Հայաստանի իրադարձություններին՝ կարեւոր է գնալ Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով: Ի դեպ, հասկանալու համար, թե Հայաստանն ինչ կշռով է մասնակցում այս ֆորմատով հանդիպումներին, արժե դիտարկել անցյալ շաբաթ Ալիեւի հայտարարություններից մեկը: Ադրբեջանի նախագահը նկատել էր, թե Հայաստանի իրադարձությունների պատճառով գուցե հայկական կողմը ցանկանա հետաձգել հանդիպումը, ապա հավելել էր. «Մեր պլաններին դա չի խանգարի։ Մենք հստակ պատկերացումներ ունենք տարածաշրջանի զարգացման վերաբերյալ՝ դա Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ կամուրջների ստեղծում է»։

Փետրվարի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկեց ԼՂ կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը: «Մենք ձեզ հետ այսօր կքննարկենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը: Կցանկանայի լսել ձեր գնահատականներն այն մասին, թե ինչպես են աշխատում խաղաղապահները, ԱԻՆ ուժերը, սահմանապահները, եւ ինչպես է ընթանում այդ ուղղությամբ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մեր միջազգային գործընկերների հետ»,- ասել էր Պուտինը:

Հատկանշական է, այս խորհրդակցությունից մեկ օր առաջ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի հայտարարությունը, թե՝ Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի ռազմական համագործակցության աճը կարող է բացասաբար անդրադառնալ ԼՂ-ում իրավիճակի վրա: Նա նկատել էր, որ շնորհիվ Ռուսաստանի միջնորդության՝ հաջողվել է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում, եւ սկսվել է ճգնաժամի կարգավորման գործընթաց: «Տարածաշրջանում իրավիճակի զարգացման վրա բացասաբար ազդող գործոն մնում է Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ռազմական համագործակցության զարգացումը»,- ասել էր Սիդորովը՝ հավելելով, որ 2020թ. Բրյուսելում Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության միջեւ տեղի ունեցած հանդիպման արդյունքում լրացվեց ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների փաթեթը, այդ թվում ձեռք բերվեց պայմանավորվածություն 2021թ. ավելացնել համատեղ միջոցառումների թիվը, դիտարկվում է նաեւ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը տարածաշրջանում ավելացնելու, այդ թվում՝ հանրապետության տարածքի եւ Սեւ ծովի ավազանի օդային տարածությունում վերահսկողություն ապահովելու հարցը: Ըստ Սիդորովի՝ «Նշված ռազմական գործունեությունը կնպաստի Կովկասում լարվածության ավելացմանը եւ տարածաշրջանում անվտանգության մակարդակի նվազման»:

Ռուսաստանը տարածաշրջանում ազդեցության ամրապնդման հստակ քաղաքականություն է տանում, սակայն Մոսկվայի քայլերը տարբեր կերպ են դրսեւորվում: Եթե Վրաստան-ՆԱՏՕ հարաբերություններ խորացման դեպքում Մոսկվան մշտապես միանշանակ ու կտրուկ է արտահայտվում, ապա այլ է պատկերը Լեռնային Ղարաբաղի դեպքում, որտեղ նա ստանձնել է խաղաղության, կայունության պահպանման պատասխանատվություն՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ ստորագրելով նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը:

Այդ իսկ պատճառով Ռուսաստանից հնչած հայտարարությունները պետք է դիտարկել որպես Թուրքիային ուղղված, իսկ Թուրքիայից հնչածները՝ որպես Ռուսաստանին հղված ուղերձ, թեեւ ուղիղ ոչինչ չի ասվում:

Անցյալ շաբաթ հնչեցին աղմկահարույց մի քանի հայտարարություններ, որոնք առանձին քննարկման առիթ են: Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ հայաստանյան ներքաղաքական շիկացած մթնոլորտին արձագանքեցին պաշտոնական Անկարան ու պաշտոնական Բաքուն՝ բավական բարձր մակարդակով: Առաջին հարցը, որ ծագեց ցանկացած մարդու ուղեղում՝ մեկն էր՝ իսկ ի՞նչ է փոխվել պատերազմից հետո, որ Էրդողանն ու Ալիեւը համարձակվում են հայաստանյան ներքաղաքական կյանքի վերաբերյալ իրենց նախասիրությունների վերաբերյալ արտահայտվել…

Պատերազմից հետո դիվանագիտական հարաբերություննե՞ր են հաստատվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Թուրքիան այլեւս Հայաստանի նկատմամբ թշնամական ակցիա չի իրականացնում՝ բացե՞լ է հայ-թուրքական սահմանը, կամ՝ Ալիեւը վերադարձրե՞լ է հայ ռազմագերիներին: Կամ՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագի՞ր է կնքվել, որոշվե՞լ է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, թե՞ Թուրքիան ու Ադրբեջանն արդեն Հայաստանի բարեկամ-հարեւան պետություններ են եւ հարկ են համարում անհանգստանալ Հայաստանի ներքաղաքական լարված իրավիճակով ու արտահայտվել այդ մասին…

Զավեշտն այն է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունները, որոնք իրենց պետություններում բռնապետություն են հաստատել, իրենց երկրներում այլակարծություն չեն հանդուրժում, հետապնդում են ընդդիմադիրներին, շատերը փախել են երկրներից եվրոպական երկրներ, հանկարծ այդ երկրների ղեկավարները Հայաստանում «ժողովրդավարության կողմնակից» դարձա՞ն:

Հետեւաբար, այդ ի՞նչ պատահեց, որ Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք հպարտանում են Լեռնային Ղարաբաղում տարած իրենց «հաղթանակով», հանկարծ մտահոգվեցին, չէ՞ որ թուրք ու ադրբեջանցի յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա իր ելույթում հարկ է համարում շեշտել, որ՝ «լուծել են ԼՂ-ի խնդիրը ռազմական ճանապարհով», ու հանկարծ, այն բանից հետո, երբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը սրվեց՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունից հետո, Փաշինյանն անմիջապես այն «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց՝ նպատակ ունենալով ներկայացնել, որ եթե իրեն իշխանությունից հեռացնեն, ապա ի՞նչ կլինի, կամ՝ ի՞նչ չի լինի… Թուրքիան ու Ադրբեջանը նրա ուղերձն անմիջապես որսացին. դեռ միջազգային կառույցները չէին հասցրել հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարություններ տարածել՝ Անկարան ու Բաքուն չուշացան: Եթե հայաստանյան ներքաղաքական սրված իրավիճակներում միջազգային տարբեր կառույցներից հնչում էին հայտարարություններ, կոչեր՝ իրավիճակը հանդարտեցնելու ու բանակցություններով խնդիրները լուծելու մասին, ապա Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններն անմիջապես կրկնեցին Փաշինյանի որակումը՝ «ռազմական հեղաշրջման փորձ»՝ Հայաստանում:

Հայաստանում կառավարության փոփոխությամբ պետք է զբաղվի նրա ժողովուրդը, եւ ոչ թե բանակը, նշեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով. «Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման: Երբ բանակը ներքաշվում է քաղաքականության մեջ, դա անընդունելի է: Եթե կարիք կա փոխել կառավարությունը, թող դա անի հայ ժողովուրդը, այդ հարցը պետք է նրան թողնել: Հայաստանի ժողովուրդը հոգնել է ղեկավարությունից»:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարն էր անդրադարձ կատարել հայաստանյան ներքաղաքական իրադրությանը: Ըստ «Անադոլու» թուրքական լրատվական գործակալության հաղորդագրության՝ Մեւլութ Չավուշօղլուն ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, թե՝ «Անկարան դեմ է ռազմական հեղաշրջմանը որեւէ երկրում» եւ «վճռականորեն դատապարտում են Հայաստանում հեղաշրջման փորձը»:

Պաշտոնական Անկարան հետեւում է Հայաստանում ծավալվող իրադարձություններին, Բուդապեշտում իր հունգարացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում հայտնեց Մեւլութ Չավուշօղլուն. «Մենք դատապարտում ենք ցանկացած ռազմական հեղաշրջում կամ նման հեղաշրջման փորձ, կարեւոր չէ, թե աշխարհի որ երկրում է դա տեղի ունենում։ Մարդիկ իրավունք ունեն քննադատել իրենց երկրի կառավարությանը, պահանջել այդ կառավարության հրաժարականը։ Անընդունելի է, սակայն, երբ զինվորականներն են պահանջում ընտրված կառավարության հրաժարականը: Այնպես որ, մենք դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման փորձը»։

Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով` ի դեպ, պետք է անել հնարավորը, որպեսզի հեղաշրջման փորձերը չազդեն ողջ տարածաշրջանի վրա։ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, կրակի դադարեցման գործընթացներ են ծավալվել։ Տարածաշրջանում կայունություն հաստատելու լուրջ հնարավորություն է ստեղծված, եւ դա լուրջ գնահատականի կարիք ունի։ Տարածաշրջանի պետություններում կայունության պահպանումը, սակայն, եւս խիստ կարեւոր է, եւ ռազմական հեղաշրջումների փորձերը ապակայունացնող ազդեցություն են ունենում»,- նշեց Չավուշօղլուն։

«Թուրքիան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանության բռնազավթման փորձերին: Դա վերաբերում է նաեւ Հայաստանի իրադարձություններին»,- նշել է նա՝ հավելելով, որ Թուրքիան «կապեր չի ունեցել Հայաստանի իշխանությունների հետ», բայց Անկարան «սկզբունքային դիրքորոշում ունի հեղաշրջումների հարցում»: Չավուշօղուն հարկ է համարել շեշտել, որ «տարածաշրջանում կա հնարավորությունների պատուհան, որը բոլորը պետք է օգտագործեն»:

Ուրեմն, թուրք-ադրբեջանական տանդեմը հայ ռազմագերիներին չի վերադարձնում՝ խախտելով եռակողմ հայտարարության պահանջը, Անկարան շարունակում է զինել Ադրբեջանին, սակայն այս ամենը չեն դիտարկվում որպես խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտող քայլեր ու արհամարհանք՝ ձեռք բերված պայմանավորվածություններին: Սակայն, երբ Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբից հայտարարություն է տարածվում, թուրք-ադրբեջանական տանդեմը մտահոգվում է:

Հետեւաբար, ինչո՞ւ «հաղթանակած» Էրդողանն ու Ալիեւը սարսափեցին Հայաստանում իշխանափոխության մտքից: Այս հարցը կարող է ունենալ մի քանի պատասխան՝ կան պայմանավորվածություններ, գուցե՝ բանավոր, որոնք դեռեւս պետք է կյանքի կոչվեն, հաջորդը՝ թուրք-ադրբեջանական տանդեմին հարկավոր է թույլ իշխանություն, որը չունի վստահություն գործընկեր պետությունների մոտ, օրինակ՝ Ռուսաստանի, որն էլ իր հերթին եռակողմ հայտարարության կողմ է:

Այսինքն, Հայաստանում եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ձեւավորված մթնոլորտը խիստ ձեռնտու էր Թուրքիայի ու Ադրբեջանի համար, նման իրավիճակում նրանք միայն մեկ հակառակորդ ունեն՝ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, Էրդողանն ու Ալիեւը նույնիսկ չեն ցանկանում 5 տարի տեսնել ռուս խաղաղապահների, եւ վստահաբար մտմտալու են նրանցից ձերբազատվել, եթե հնարավոր լինի՝ մինչեւ եռակողմ հայտարարության նախատեսված հնգամյա ժամկետը: Իհարկե, այս պայմաններում Հայաստանում ամուր, պետական շահը գիտակցող իշխանությունը, որը կհզորացնի բանակը, կամրապնդի Հայաստանի անվտանգությունը՝ կդառնար նոր մարտահրավեր Էրդողանի ու Ալիեւի համար, որոնք համարում են, որ «հաղթանակ են տարել» Լեռնային Ղարաբաղում եւ «լուծել են հակամարտությունը պատերազմի միջով»:

Եզրակացությունը մեկն է՝ Էրդողանին ու Ալիեւին օդ ու ջրի նման հարկավոր է թույլ Հայաստան, անողնաշար իշխանություն:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 02.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031