Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու զինվորականները պետք է մնան քաղաքականությունից դուրս

Մարտ 02,2021 22:00

Օգտակար անդրադարձ համաշխարհային փորձին

Բանակները խիստ տարբեր են բոլոր առումներով, բայց աշխարհում չկա որեւէ պետություն, որտեղ չեն սիրում իրենց բանակը, նույնիսկ եթե բացառություն համարենք որոշ երկրներում եւ որոշ ժամանակաշրջաններում որոշ գործընթացների բերումով դեպքերը, երբ զինվորականները վերածվում էին բռնաճնշումների գործիքի կամ «գերագույն ատյանի»։ Բոլոր երկրներում բանակը ժողովրդի ծնունդ է եւ ժողովրդի անբաժանելի մասն է, եւ Հայաստանի Հանրապետությունը որեւէ առումով բացառություն չէ։ Սակայն չկա որեւէ պետություն, որտեղ բանակի փորձերը միջամտելու քաղաքականությանը, չեն ավարտվել ողբերգությամբ եւ հետ չեն շպրտել երկիրը եւ հասարակությունը զարգացման բնականոն ուղուց, նույնիսկ Պինոչետի պարագայում, որի բռնապետությունն ընդունված է եղել որոշ շրջանակներում համարել որպես «բարիք»։

Հայտնի է զինվորականների՝ քաղաքականությանը միջամտության հետեւանքներն Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում. Ռաֆայել Տրուխիլյոյի, Ֆուլխենսիո Բատիստայի, Ալֆրեդո Սթրեսների, Անաստասիո Սոմոսայի անունները դարձել են որպես բռնապետության եւ զանգվածային բռնաճնշումների խորհրդանիշ, իսկ Իդի Ամինի եւ Ժան-Բեդել Բոկասսայի անունները մոլագարության եւ մարդակերության հոմանիշներ են։

Սակայն, զինվորականների քաղաքական միջամտությունը բոլոր դեպքերում ունեցել է մեկ հիմք՝ քաղաքական վակուում եւ քաղաքական դասի գործնական անկարողություն, ինչը պատրանք է ստեղծել, թե «բանակը կգա եւ կարգ ու կանոն կհաստատի»։ Եվ կյանքը ցույց է տվել, թե ինչպիսի «կարգ» եւ ինչպիսի «կանոն» է հաստատվել արդյունքում՝ աղետ եւ մղձավանջ, որից հետո տարիներ են պահանջվել քաղաքացիական եւ ժողովրդավարական իշխանություն վերականգնելու համար։

Ընդունված է բոլոր անհասկանալի դեպքերում հետեւել եվրոպական փորձին։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Իսպանիայում 30-ականներին, օրինակ, կոչվում է խունտա կամ ֆաշիզմ։ Իսկ Հունաստանի «սեւ գնդապետների» ռեժիմը (1967-74թթ.) վերածվեց կատարյալ չարիքի հույն ժողովրդի համար։ Սառը պատերազմի ֆոնին աջ պոպուլիստ գեներալները յուրովի էին «փրկում հայրենիքը կոմունիզմից»։ Պատմությունը լռում է ԱՄՆ-ի կողմից նրանց ուղղակի սատարելու մասին, սակայն հայտնի է, որ հունական խունտան իր դաշնակցային պարտավորությունները կատարում էր, հավատարիմ մնալով կոմունիզմին դիմակայելու առաքելությանը, եւ Վաշինգտոնը հակված էր շատ բաներին նայել մատների արանքով։ Զինվորական հեղաշրջումների ավանդույթ ունեցող՝ հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունները գնալով սրվում էին, եւ դժվար չէ պատկերացնել, թե ինչպես դա կարող էր օգտագործվել երկուստեք՝ ներքաղաքական խնդիրները նենգափոխելու համար։

Եվ այդ ամենն ունեցավ բավականին տխուր վերջաբան։ Իր նախորդին՝ խունտայի պարագլուխ Պապադոպուլոսին եւս մեկ հեղաշրջմամբ փոխարինած Դիմիտրիոս Իոաննիդիսն իր կառավարման անփառունակ մեկ տարվա ընթացքում արկածախնդրություն ձեռնարկեց Կիպրոսում, իշխանությունից զրկելով օրինական նախագահ, Կիպրոսի անկախության առաջամարտիկ եւ Հունաստանի հետ միավորման ջատագով, արքեպիսկոպոս Մակարիոսին, որին մեղադրում էին կոմունիստների նկատմամբ ունեցած «հավելյալ ակնածանքի» մեջ՝ իր հանդուրժողականության համար։ Այդ ռազմական հեղաշրջումը հույները հեգնաբար կոչեցին «սեւ մայորների» հեղաշրջում։ Այդ զազրելի ռեժիմները հանգեցին ֆիասկոյի եւ բերեցին աղետի՝ Կիպրոսի հյուսիսային մաս թուրքական բանակի ներխուժմանը եւ հույների ցեղասպանությանը Հյուսիսային Կիպրոսում։ Իսկ «սեւ գնդապետների» խունտայի պարագլուխները դատապարտվեցին ցմահ ազատազրկման եւ մահացան բանտում, նրանցից ոմանք բանտում անցկացրեցին տասնամյակներ, օրինակ, Իոաննիդիսը մահացավ 2010-ին…

Ռուսական կայսրության ողջ պատմության ընթացքում, որքան էլ որ այն «հարուստ» է ինչպես արյունալի դեպքերով, այնպես էլ բանակի մեծ դերակատարությամբ, այնուամենայնիվ, ռուսական բանակի վերնախավը, որպես այդպիսին, երբեւէ դուրս չի եկել ընդդեմ իշխանության, լինի դա ցարական, կոմունիստական կամ հետխորհրդային։

Հետխորհրդային եվրոպական երկրները, անդամակցելով ԵԱՀԿ-ին եւ Եվրոպայի Խորհրդին, ստանձնել են պարտավորություններ, որոնք նաեւ ամրագրված են սահմանադրություններում, որ բանակը պետք է լինի քաղաքականությունից դուրս եւ քաղաքացիական վերահսկողության ներքո։ Դա զուտ ճաշակի կամ քաղաքական նախասիրության հարց չէ, դա գալիս է հաստատելու այն փորձը, որի հպանցիկ անդրադարձը վկայում է դրա աղետաբերությունը ժողովուրդների համար։

Այս խոսակցությունը, բնականաբար, օդից չէ, որ արդիականացել է Հայաստանում, եւ եւս մեկ անգամ մտորելն ամենեւին էլ ավելորդ չէ։ Հայաստանը հաստատապես բացառություն չի կարող լինել, եթե այստեղ էլ բացվեց հեղաշրջումների «Պանդորայի արկղը»։

Գեներալներին որոշ ժամանակ անց կցանկանան «հեղաշրջել» մայորները, մայորներին՝ կապիտանները, կհասնենք մինչեւ սերժանտների եւ մինչեւ պետության վախճանը (չշփոթել Տիգրան Սարգսյանի դասախոսությունների հետ, որոնցով նա ելույթ էր ունենում հենց «Պետության վախճանը» թեմայով, բայց խոսքն ուրիշ բանի մասին էր)։ Այո, սերժանտներն էլ են հեղաշրջում կատարել, օրինակ, Լիբերիայում՝ ավագ սերժանտ Սեմյուել Դոուն 1980-ին։ Նրան սպանեցին արդեն «դաշտային հրամանատարները» տասը տարի անց՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ, որը սանձազերծվել էր սերժանտի «հայրենափրկիչ» գործունեության ընթացքում։

Իհարկե, այս միանգամայն հնարավոր մղձավանջից խուսափելու մեկ ձեւ գոյություն ունի՝ Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարության գործիքակազմ եւ քաղաքական կամք՝ այն գործածելու համար, այն է՝ ընտրություններ, որտեղ բոլոր սուբյեկտները «խաղում են» նույն՝ ժողովրդավարական օրենքներով, իսկ զինվորականներն էլ շարունակում են կատարել իրենց ուղղակի պարտականությունները եւ վայելել ժողովրդի սերը եւ հարգանքը։

Իհարկե, անվիճելի է, որ Սահմանադրությունն ուղղակի տեքստով դուրս է դնում զինվորականներին քաղաքականությունից, սակայն այս անդրադարձն ուղղված է նաեւ ի ցույց դնելու, թե նման գայթակղությունը ինչերի կարող է հանգեցնել։ Անկախության երեսունամյա պատմության ընթացքում Հայաստանում ձեւավորվել է չափազանց կարեւոր ավանդույթ, որ բանակը չի խառնվում քաղաքականությանը, չհաշված 2008-ի ողբերգական դեպքերը, երբ բանակին ներքաշեցին քաղաքականության մեջ։ Այդ մեկ դեպքը մերժվեց հասարակության կողմից, եւ նոր՝ հակառակ «ավանդույթը» Հայաստանին ինչպիսի աղետների կարող է հանգեցնել՝ տես վերեւում։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

Նկարում՝ վերեւում (ձախից՝ աջ)՝ Տրուխիլյո, Սթրեսներ, Մոբուտու,
ներքեւում՝ (ձախից՝ աջ)՝ Իդի Ամին, Պապադոպուլոս, Իոաննիդիս

«Առավոտ» օրաթերթ
02.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. հայկ համբարձումեան says:

    իսկ շառլ տը կոլը կամ աթաթուրքը կ’ենթադրեմ բանակին հետ կապ չունէի՞ն…

    ձեր վերնագիրը պարզապէս սխալ է։

    • Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ says:

      Այսինքն, «Առավոտ»-ի հոդվածների վերնագրերի տարբերակները, կամ՝ մեր ստացած մամլո հաղորդագրությունները հրապարակելուց առաջ՝ ձեզ հետ պե՞քտ է ճշտենք եւ թույլտվություն ստանա՞նք, հարգելի Հայկ:

      • հայկ համբարձումեան says:

        բնաւ

        եթէ կ’ուզէք ծիծաղելի թիւերով հաղորդագրութիւններ տարածել՝ խնդրեմ, ձեր իրաւունքն է։
        Իմ ալ իրաւունքն է ամէն անգամ խնդալ։

        գալով այս յօդուածին, խօսքս պրն. Մեհրաբյանին ուղղուած էր եւ ոչ առավոտին։ Զինուորականներ եղած են, ինչպէս օրինակ Աթաթուրքը, որոնք մերժած են օրուայ իշխանութիւններու որոշումները եւ, առանց անպայման հեղաշրջմամբ, փրկած իրենց կործանուող հայրենիքը…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031