Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տպավորություն է, թե դատարանն ինչ-որ բանի սպասում է, սպասում է տեսնի, թե ինչ տեղի կունենա». Սեդա Սաֆարյան. «Հայկական ժամանակ»

Մարտ 02,2021 09:00

Դատական նիստերի, դրանց ձգձգման վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի մի քանի հարցերին է պատասխանել Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

– Տիկին Սաֆարյան, մոտ 2 տարի է, ինչ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով քննությունը: Որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ՝ ընթացքն ինչպե՞ս եք գնահատում:

– Գնահատում եմ՝ շատ վատ: Սա դատական համակարգի պարտությունն է, երբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցում դրսևորվեց այսպիսի անարդարություն: Կարծում եմ՝ այստեղ կա նաև իշխանությունների մեղքը, որ 2,5 տարվա ընթացքում չկարողացավ դատական համակարգում լուրջ վերափոխումներ անել և ապահովել արդարության իրականացումը: Միգուցե չցանկացան ցնցումների ենթարկել մեզ, բայց մենք արդեն ցնցումների ենթարկված ենք, դա կարելի էր անել մի քանի ամսվա մեջ այն ձևաչափերով, որոնք գոյություն ունեն: Օրինակ՝ Եվրոպական դատարանների փաստերի հիման վրա դատարանների մաքրման աշխատանքներ կարող էին իրականացնել, քննություններ իրականացնելով՝ կարող էին վատ որակի դատավորներին հանել և այլն: Ես իմ առաջ հարց եմ դնում՝ արդյոք այն դատավորը, որը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործն է քննում, կարո՞ղ է այդ գործի ծանրության տակից դուրս գալ: Այս երկու տարիները ցույց տվեցին, որ պատրաստ չէ: Դատավորը նա չէ, ով պետք է նստի դատարանում ու բոլորին լսի, նա պետք է իրեն վերապահված գործառույթի շրջանակներում կարողանա գործին արագ տեմպ տալ և ողջամիտ ժամկետների քննությամբ ապահովել գործի արդարացի քննությունը: Բոլորիս ակնկալիքն այն է, որ համակարգը պետք է մաքրվի, և դա միայն դատարաններին չի վերաբերում, նաև իրավական համակարգին՝ ոստիկանություն, քննչական մարմիններ: Խմբավորումները, որոնք հիմա դրսում են, որոնք իշխանությունը վարկաբեկող քաղաքականություն են վարում, ազդեցություն ունեն նախկինում ձևավորված դատական համակարգի վրա: Ռեֆորմներ չանելը ի վնաս իշխանության է: Իշխանությունների դանդաղ գործելակերպն ազդեցություն ունեցավ դատական համակարգի վիճակի պահպանման վրա, դա էլ իր հերթին ազդեց արդարությունը վերականգնելու՝ ժողովրդի ցանկությունների վրա:

– Տիկին Սաֆարյան, մոտ 2 տարի է՝ սույն գործով չի հաջողվում անցնել դատաքննության, այս միջնորդությունները կարո՞ղ են անվերջ քննվել դատարանի կողմից: Ի վերջո, դուք, որպես տուժող կողմ, ի՞նչ լուծում եք տեսնում:

– Միջնորդությունները կարող են անվերջ արվել, բայց կարող են անվերջ մերժվել նույն հիմքով լինելու պատճառով: Օրենքը թույլ է տալիս նույն հիմքով արված միջնորդությունը թողնել առանց քննության, միջնորդություններ էլ կան, որոնց լուծումը կարող է տրվել քննության ավարտին: Դատարանն ունի լծակներ, բայց դատարանի գործողություններում չկա կտրուկություն, լուծում տալու արագություն չկա: Միջնորդությունը, եթե կարելի է 15 րոպեում քննարկել, պե՞տք է դրա համար երեք ամիս ժամանակ ուզի դատավորը: Մտավախություն ունեմ, որ դատարանն ունի կաշկանդվածություն՝ անվերջ պաշտպանել պաշտպանության կողմերի իրավունքների հնարավորինս արդյունավետությունը, բայց տուժող կողմի մասին որևէ բան չի մտածում: Տպավորություն է, թե դատարանն ինչ-որ բանի սպասում է, սպասում է տեսնի, թե ինչ տեղի կունենա:

Անյուտա ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031