Անկախ բոլոր կոնկրետ հանգամանքներից՝ կառավարությունը, նախարարությունները, մարզպետարանները սկզբունքորեն չպիտի հանրահավաքներ կազմակերպեն: Նրանք պետք է աշխատեն, կազմակերպեն պետության կյանքը, նպաստեն քաղաքացիների անվտանգությանն ու բարօրությանը: Եվ անգամ ընտրարշավի ժամանակ նրանք չպիտի դադարեցնեն իրենց աշխատանքը: Եթե նրանք երկու օր լծվում են պետության առաջին դեմքին «սատարող» հանրահավաքի եւ երթի կազմակերպմանը, ապա դա կապ չունի «ժողովրդի իշխանության» հետ. դա ոչ թե ժողովրդի, այլ չինովնիկների եւ իշխանամետ օլիգարխիայի իշխանությունն է, որը եղել է 30 տարի եւ կա հիմա:
Հարցն այն չէ, թե որքանով իշխանությունը կկարողանա հերքել կամ թաքցնել վարչական ռեսուրսը, որն օգտագործում է «իրեն պաշտպանող զանգվածի» կազմակերպման համար: Միեւնույն է՝ իշխանության հայտարարած հավաքը որեւէ դեպքում «ինքնաբուխ» չի կարող լինել: Եվ անգամ, եթե մեկ միլիոն մարդ է հաջողվում քշել հրապարակ, ապա դա որեւէ բան չի տալիս իշխանության ամրապնդման կամ նույնիսկ «ուժի ցուցադրման» առումով: Այնպես որ՝ ինչպես առաջներում, այնպես էլ հիմա «իշխանամետ ցույցերը» քաղաքական առումով բացարձակապես անիմաստ են:
Բայց այն պարագայում, երբ իշխանության կազմակերպած հավաքները տեղի են ունենում ընդդիմության հանրահավաքներին զուգահեռ, դա, անշուշտ, վտանգավոր է, հղի է բախումներով: Նույնիսկ այն պարագայում, երբ հակադիր կողմերի կազմակերպիչները մտադրություն չունեն բախումներ հրահրելու, հակադիր ճամբարների հազարավոր մարդկանց առկայությունը պայթյունավտանգ է: Երեկ, բարեբախտաբար, ի պատիվ երկու կողմերի, ոչ մի լուրջ միջադեպ չգրանցվեց, բայց պարզ չէ, թե ինչ է լինելու վաղը:
Հասկանում եմ, որ իշխանության եւ ընդդիմության նպատակը իրար վախեցնելն է, կոտրելն է, զանգվածներին «տիրապետելու» շնորհքը ցույց տալն է: Բայց հայաստանյան դիմակայության այս իրավիճակում դա փակուղային եւ վտանգավոր ճանապարհ է: Հանրահավաքների մրցավազքից ճգնաժամը չի լուծվելու՝ ոչ իշխանափոխություն է հնարավոր իրականացնել, ոչ էլ տարբերակ կա ընդդիմությունը ոչնչացնելու եւ բռնապետություն հաստատելու՝ «ժողովրդի իշխանություն» անվան տակ:
Կարդացեք նաև
Որպես բանական լուծում մնում է այն, ինչ կոչվում է «ցավոտ փոխզիջումներ»: Ընդդիմությունը պիտի համաձայնի, որ արտահերթ ընտրություններն անցկացվեն Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում մնալու պարագայում, իշխանությունը պետք է համաձայնի, որ այդ ընտրություններն անցկացվեն մոտակա 2-3 ամիսների ընթացքում եւ օրենսդրական երաշխիքներ ստեղծվեն, որոնք կհամոզեն ընդդիմությանը, որ ընտրությունները կանցնեն հնարավորինս արդար: Գեներալներին պետք է համոզել, որ նրանք հրաժարվեն կառավարության հրաժարականի պահանջից, վարչապետին՝ որ նա հրաժարվի ԳՇ պետին պաշտոնանկ անելու մտադրությունից: Հաշվի առնելով Փաշինյանի կոնֆլիկտային, դեպի պառակտումներ եւ հակադրություններ «կողմնորոշված» բնավորությունը, դա դժվար է անել: Բայց երբեմն արժե հիշեցնել, որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, եւ ամեն ինչ չէ, որ պիտի կախված լինի առաջին դեմքի քմահաճույքից:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ի՞նչ բան է փոխզիջումը եւ մի՞թե այն տալիս է խնդիրների լուծում: Փոխզիջման փոխարեն առաջարկում եմ ընդհանուր ռազմավարական սկզբունքների համատեղ մշակում, որոնք կընդունեն միաձայն երկու կողմն էլ՝ իշխանությունը եւ ընդդիմությունը:
Առանց կրոնի դոգմատների ընդունման վիճել կամ դատողություններ անել կրոնի այս կամ այն դրույթի մասին անիմաստ է, առանց ընդունելու ֆիզիկայի պոստուլատները խոսել բնության օրինաչափությունների մասին նույնպես անիմաստ է, նույնիսկ փիլիսոփայությունը, որը աշխարհահայացք է, նույնպես պահանջում է հիմնարար դրույթների առկայություն, որոնք ընդունվում են վիճաբանող կողմերը միաբերան: Ֆուտբոլն էլ ունի իր ռազմավարական խաղի կանոնները՝ կարմիր գծերը, որոնք անցնել չի կարելի, որտե՞ղ է ֆուտբոլային մրցաշարում փոխզիջումը:
Երեկ քաղաքական ուժերը ցուցաբերեցին իրենց ռազմավարական հասունությունը՝ ընդհարումը այն կարմիր գիծն է, որը հատել չի կարելի եւ երկու կողմն էլ ընդունում են այն միաձայն, սա երկուսի հաղթանակն է, իսկ երկուսի հաղթանակը՝ դա ազգի հաղթանակն է:
Մի կողմից ստեղծված իրավիճակը վնաս է տալիս երկրին, մյուս կողմից սա տանում է ռեստարտ։ Ժողովուրդը առերեսվում է դառը ճշմարտության հետ, իսկ քաղաքական ուժերը պատռում են միմիանց դիմակները, բացահայտում միմիանց արատները հասարակության համար։ Սա մի մեծ ու ցավոտ լվացք է, որը պետք է մինչև վերջ արվի, որ ունենանք և ժողովրդի և քաղաքական դաշտի վերածնունդ։ Այո սա ցավոտ է, և պետք է պետությունը դիմանա։ Բայց եթե կողմերից մեկը պայքարի կեսից հանձնվի՝ լվացքը կիսատ կմնա ու կշարունակենք ապրել հին կեղտով։